Կաշառք վերցնելու մեղադրանքով կալանավորել են նաև Ախալքալաքի շուկայի տնօրենին

17:45, 23 մայիսի, 2018

1000 լարի կաշառք վերցնելու գործով մայիսի 21-ին ձերբակալել, այսօր էլ կալանավորել են Ախալքալաքի շուկայի տնօրեն Արարատ Սահարյանին: Ախալցխայի դատարանը նրան ևս երկամսյա կալանք է սահմանել:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին դատարանը կալանք էր սահմանել նաև Ախալքալաքի շուկայի գլխավոր տեսուչ Մերուժան Հովհաննիսյանի նկատմամբ:

Վրաստանի Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը նրանց ձերբակալել է այն բանի համար, որ վերջիներս Ախալքալաքի ագրարային շուկայում տարածք տրամադրելու համար 1000 լարի (200 հազար դրամ) են վերցրել մի քաղաքացուց և այդ անձի հետ պայմանագիր չեն կնքել: 

Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի երկրորդ մասով, այն է՝ կոմերցիոն կաշառք, որը կատարվել է մեկից ավելի անձանց կողմից:

Արարատ Սահարյանը Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղից է: Նա նույնպես եղել է «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի անդամներից: