Սեյրան Օհանյան. «Չկա երկրագնդում որևէ հայ, որ հետևել է հայաստանյան վերջին իրադարձություններին ու չի հիացել»

16:54, 28 մայիսի, 2018

«100 տարի առաջ մենք ապացուցեցինք, որ ազգովին կարող ենք լուծել մեր խնդիրը, մենք համախմբվեցինք՝ ծեր ու մանուկ, զինվորական ու շինական, բոլորս միասին կերտեցինք այղ հաղթանակը, և այդ հաղթանակները մեր բոլոր հետագա հաղթանակների հիմքը հանդիսացան»:

Այս մասին այսօր «Սարդարապատի» հուշահամալիրում Առաջին Հանրապետության 100-ամյա տոնական շքերթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, որ Առաջին Հանրապետության հոբելյանական տարեդարձը նշվում է նոր Հայաստանում, Օհանյանն արձագանքեց.

«Չկա երկրագնդում որևէ հայ, որ հետևել է հայաստանյան վերջին իրադարձություններին ու չի հիացել. այդ երիտասարդական ավյունը, այդ օրինակելի իրադարձությունները, մարդկանց պահվածքը բերեց նրան, որ իրականության հետ պետք է համակերպվենք»:

Օհանյանի խոսքով՝ այսօրվա քաղաքական ու ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է նոր ոճով աշխատի, իսկ նոր  ոճը, ըստ նախկին նախարարի, անկախությունն է, ժողովրդավարական երկիր լինելը, օրինականությունը:

«Կարծում եմ՝ այսօրվա ղեկավարությունն այդ ամենը կհասցնի մինչև վերջ»,-շեշտեց նա:

Հարցին, թե ինչպես է վերաբերվում ԶՈՒ ԳՇ նորանշանակ պետ Արտակ Դավթյանին, որքանո՞վ էր ճիշտ այդ նշանակում, Օհանյանը խուսափեց որևէ մեկնաբանությամբ հանդես գալ:

«Ես իմ բոլոր մարտական ընկերներին՝ զինվորներին, գեներալներին, սպաներին բոլորին շատ հարգում և սիրում եմ, բայց այսօրվա ռազմաքաղաքական ղեկավարությունը վարում է իր կադրային քաղաքականությունը, և ես դա չեմ մեկնաբանում»:

Ինչ վերաբերում է ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի պաշտոնանկությանը և գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնում նշանակմանը, այս հարցի վերաբերյալ Օհանյանը կարծիք հայտնեց:

«Մովսես Հակոբյանն այսօրվա մեր ռազմական ղեկավարության մեջ ամենակատարյալ ռազմական գեներալն է՝ իր հրամանատարական անցյալով, իր գիտելիքներով, իր  ստեղծագործական մտածելակերպով և փառավոր մարտական ճանապարհով»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ հանրության մեջ տեսակետ կա, որ ապրիլյան պատերազմի մեղավորներից մեկը Մովսես Հակոբյանն է, և պատասխանատվության ենթարկվելու փոխարեն նա նոր պաշտոն է ստանձնում, Օհանյանն ասաց.

«Այն ինչ ասվում է, դա նաև այն ժամանակահատվածի մասին է, երբ նաև ես էի պաշտպանության նախարար, ապրիլյան պատերազմում մանր-մունր թերությունների մասին չպետք է խոսենք: Մենք հաղթանակ ենք տարել հրամանատարների և զինվորների սխրանքների շնորհիվ, այդ հենքի վրա հենվելով պետք է կառուցենք բանակի ապագան»:

Դիտարկմանը, թե 800 հեկտար տարածքը մանր-մունր թերությո՞ւն է, Օհանյանն ասաց, որ կարողացել են բանակի գործունեությամբ կասեցնել հակառակորդի հիմնական նպատակները:

«Իսկ դիրքերի շարժը բանակի խիստ վերահսկողության ներքո է գտնվում,  դիրքերի շարժը և հետագայում հակահարձողական գործողությունները կանգնեցվել են քաղաքական որոշումների արդյունքում, այսօր մեր բանակը պատրաստ է իր առջև դրված ցանկացած խնդիր լուծելու՝ թե՛ հարձակողական,  թե՛ պաշտպանական»,-եզրափակեց Օհանյանը:

 Տեսանյութը` Դավիթ Բանուչյանի