«Լույս» հիմնադրամը կշարունակի աջակցել լավագույն համալսարաններում հայազգի ուսանողների ուսումնառությանը

17:04, 29 մայիսի, 2018

«Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, գոհունակությամբ փաստելով 2009-2018 թթ․ իրականացված ծրագրերի արդյունքները եւ կարեւոր ձեռքբերումները, որոշումներ է կայացրել հիմնադրամի հետագա գործունեության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է հիմնադրամը:

«Խորհուրդը որոշել է ապահովել աշխարհի լավագույն 10 համալսարաններում («Լույսի» համալսարաններ) 2017-2018 ուսումնական տարվանից իրենց կրթությունը շարունակող շուրջ 70 կրթաթոշակառուների աջակցությունը նաեւ 2018-2019 թթ․ ուսումնական տարվա համար»,- հայտնում է հիմնադրամը։

«Բարձր գնահատելով նախորդ տարիների արդյունավետ համագործակցությունը` Հոգաբարձուների խորհուրդը որոշել է դիմել Հիմնադրամի բոլոր հիմնական գործընկերներին ապագա` ներառյալ կրթական ծրագրերին նրանց աջակցության շարունակականությունը քննարկելու համար։ Այս քննարկումների արդյունքները կամփոփվեն սեպտեմբեր ամսին։

Խորհրդի անդամներն իրենց շնորհակալական խոսքն են հայտնում հիմնադրամի կրթական ծրագրի աշխատակիցներին նախորդ տարիների նվիրված աշխատանքի համար եւ հուսով են, որ նրանք մասնակից ու աջակից կլինեն «Լույս» համայնքի ձեւավորման եւ այլ գալիք նախաձեռնություններում։

Խորհրդի անդամները միակարծիք են, որ նոր գիտակրթական ու մշակութային ծրագրերին զուգահեռ «Լույս» հիմնադրամը հետագայում եւս հավատարիմ է մնալու իր առաքելությանը` աշխարհի լավագույն համալսարաններում հայազգի ուսանողների ուսումնառությանն աջակցելու հարցում` իր հիմնական նվիրատուների եւ դոնորների հետ շարունակական փոխգործակցությամբ եւ հանուն Հայաստանի Հանրապետության»,- գրված է «Լույս» հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։