ԵՊՀ ուսանողները շարունակում են բողոքի ակցիան․ պահանջում են ռեկտորի հրաժարականը

18:42, 29 մայիսի, 2018

ԵՊՀ ուսանողները շարունակում են փակ պահել ռեկտոր Արամ Սիմոնյանի աշխատասենյակի մուտքը: Նրանք պնդում են, որ համալսարանում կմնան այնքան ժամանակ, մինչև Արամ Սիմոնյանը հրաժարական ներկայացնի։ Ավելի վաղ հայտնել էինք, որ առավոտից ուսանողները դասադուլ էին հայտարարել։

ԵՊՀ ուսանողների պահանջով հանդիպում տեղի ունեցավ ռեկտորի և ուսանողների միջև, որտեղ նրանք բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերն ու ներկայացվող պահանջները։ Ուսանողներից մեկը հարց ուղղեց, թե ինչու են համալսարանի տարածքում խաղաղ ցուցարարներին ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցները բերման ենթարկել, և ինչու են ոստիկանության աշխատակիցները մտել համալսարանի տարածք։

Արամ Սիմոնյանը պնդեց, որ այդ ամենը գալիս է անվտանգությունից, իսկ հիմնականում համալսարանի դռները փակ չեն լինում։

Ուսանողների պահանջներից մեկը հոգաբարձուների խորհրդի լուծարումն է, որի նախագահն է Սերժ Սարգսյանը, ռեկտորը պատասխանեց, որ այդ մարմինը կարգավորվել է Կառավարության կողմից, ինքը անդամ չէ, և Կառավարությունն է որոշում անդամներին, իսկ համալսարանում իրականացվելիք աուդիտի վերաբերյալ ռեկտորը նշեց, որ ամեն տարի համալսարանում կատարվում է այն։

«Առաջին անգամ ենք իմանում, որ համալսարանը նախատեսված է 7,5 հազար ուսանողի համար, բայց համալսարանում սովորում է 17 հազար: Ֆիզիկապես անհնար է այսպիսի պայմաններում ունենալ կրթական լավ որակ, էլ խոսքը չի գնում այլ բաների մասին: Համալսարանն ուղղակի եղել է գումար աշխատելու վայր»,- նշեց «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության հիմնադիր Դավիթ Պետրոսյանը։

Խոսելով նաև ռեկտորի այն հայտարարության մասին, թե Հայաստանում չկա տնտեսություն, արդյունաբերություն, Դավիթ Պետրոսյանը նշեց, որ այդ ամենը եղել է Հանրապետական կուսակցության պատճառով, որի անդամ է Արամ Սիմոնյանն արդեն 20 տարի։

Դավիթ Պետրոսյանը նշեց նաև, որ հոգաբարձուների խորհուրդը պետք է լուծարվի և այն ամենն, ինչ համալսարանում կապ ունի Հանրապետական կուսակցության հետ, պետք է լուծարվի։

Արամ Սիմոնյանն անդրադարձավ նաև ուսանողների հարցերին վարագույրներ ու օդորակիչներ չլինելու, գրքերի բացակայության մասին և նշեց, որ համալսարանի կառուցման ժամանակ օդափոխության համակարգը չի գործել, քանի որ այն փակվել է շինարարական աղբով, իսկ գրքերի բացակայությունը պայմանավորված է գումարի բացակայությամբ։

Ուսանողների հետ հանդիպումն Արամ Սիմոնյանը որակեց ոչ կառուցողական և փորձեց հեռանալ դահլիճից, սակայն ուսանողները փակեցին դռները և թույլ չտվեցին ռեկտորին դուրս գալ դահլիճից: Որոշ ժամանակ հետո, սակայն, նրանք բացեցին ճանապարհը և Արամ Սիմոնյանը գնաց աշխատասենյակ։

Արամ Սիմոնյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց, որ համալսարանում կան խնդիրներ, սակայն բռնի ուժով չի լուծվի խնդիրը։ Գնումների կատարման պայմանագրերը ներկայացրեց ռեկտորի աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը և պնդեց, որ 1 մլն դրամով աթոռների գնումը մեկ անգամ չի կատարվել, «գնել ենք 100 երկաթե աթոռ, բայց գրված է՝ ղեկավարի աթոռ, էստեղ թանկարժեք կահույք չկա, 12 տարվա կահույք է»,- հայտարարեց Արամ Սիմոնյանը։

Արամ Սիմոնյանը նշեց՝ ռեկտորի աշխատանքը անշնորհակալ աշխատանք է, առավոտից երեկո ինքը նստած է այնտեղ։

Նշեց նաև, որ ինքը հաջորդ ընտրությանը չի ներկայացնի իր թեկնածությունը, որովհետև չի ցանկանում, իսկ ռեկտորի ընտրության հարցը պետք է լուծվի իրավական հարթության վրա։ «Ուսանողներն այստեղ 200 հոգի են, իսկ մենք 17 հազար ուսանող ունենք։ Եթե 2000-3000 ուսանող պահանջի, որ հրաժարական տամ, ես կհրաժարվեմ։ Եթե զոռբայությամբ մի բան եղավ, ապա համալսարանը վերջացած է»,- հայտարարեց Արամ Սիմոնյանը։