Կառավարությունում քննարկումներ են սկսվել էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման վերաբերյալ

13:35, 30 մայիսի, 2018

Կառավարությունում քննարկումներ են սկսվել էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման վերաբերյալ։ Այս մասին խորհրդարանում 2017 թվականի պետական բյուջեի հաշվետվության քննարկմանն ասաց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։

ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե որքանո՞վ է հավանական, որ խորհրդարանն ու կառավարությունը սկսեն համատեղ քննարկումներ՝ էլեկտրաէներգիայի և գազի սակագնի վերանայման վերաբերյալ։ Մելքումյանը հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ խորհրդարանում ձևավորվել էր գազի սակագնի վերանայման վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով, մանրակրկիտ վեր են հանել բոլոր խնդիրները և համոզվել են, որ կա նման հնարավորություն։

Նախարարն արձագանքեց՝ կառավարության դռները բաց են խորհրդարանի առջև, պատրաստ են համատեղ քննարկումներ սկսել սակագների վերանայման հնարավորությունը ստուգելու համար։

«Հանրությանը գոնե մեկ անգամ հստակ ուղերձ է պետք հղել՝ էլեկտրաէներգիայի կամ գազի սակագինը իջեցնում ենք, թե ոչ, և եթե հնարավոր չէ՝ հստակ պատճառով ասում ենք, թե ինչու հնարավոր չէ իջեցնել»,-ասաց նախարարը։

Մելքումյանն էլ հիշեցրեց, որ ապրիլի 9-ից հետո խմբակցություններին տրված է խորհրդարանական վերահսկողության և քննիչ հանձնաժողով ստեղծելու հնարավորություն, որն էլ կզբաղվի առանձին հարցի ուսումնասիրմամբ։