ԱԳ փոխնախարարը կարծում է՝ հայաստանյան վերջին դեպքերը կարագացնեն ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը

12:48, 31 մայիսի, 2018

Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը ԵՄ անդամ երկրների կողմից, ինչպես նաև վիզաների ազատականացման հարցը Հայաստանի ԱԳ նախարարության օրակարգում են։

Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին գործերի փոխնախարար Արմեն Պապիկյանը։

Հիշեցնենք, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում 2017 թվականի նոյեմբերի 24-ին Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Մինչ այս պահը ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացվել է Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի խորհրդարանների կողմից, այն ուժի մեջ մտնելու համար հարկավոր է, որ ԵՄ անդամ բոլոր երկրները վավերացնեն։

«Համաձայնագրի վավերացումը մեր արտաքին քաղաքական օրակարգում է, և մենք մեր բոլոր հանդիպումներում խոսում ենք համաձայնագրի վավերացման անհրաժեշտության մասին։ Կոչ ենք անում մեր գործընկերներին՝ ԵՄ անդամ երկրներին, որպեսզի հնարավորինս արագացնեն գործընթացը և այն ամբողջությամբ ուժի մեջ մտնի»,- ասաց փոխնախարարը։

Փոխնախարարը չմանրամասնեց, թե համաձայնագրի վավերացվելուց և ուժի մեջ մտնելուց հետո որ ուղղություններն առաջնահերթ կկիրարկվեն` ասելով, որ համաձայնագիրը շատ մեծ է, ուստի կդժվարանա առաջնահերթություն տալ որևէ հարցի։

Հարցին՝ ԵՄ անդամ երկրների շարքում կան արդյոք այնպիսիք, որոնք խոչընդոտում են համաձայնագրի վավերացմանը, փոխնախարարը պատասխանեց․ «Մենք նման ուղերձներ չունենք և լիահույս ենք, որ բոլոր անդամ երկրները հնարավորինս արագ կվավերացնեն»։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե վերջին ներքաղաքական զարգացումներն արդյոք չե՞ն արագացնի համաձայնագրի վավերացման գործընթացը՝ ավելին ավելիի դիմաց սկզբունքով պայմանավորված, Արմեն Պապիկյանը պատասխանեց․

«Ավելին ավելիի դիմաց սկզբունքը միշտ գործել է, և կարծում եմ՝ սրանից հետո նույնպես գործելու է: Ինչ վերաբերում է երկրում տեղի ունեցած վերջին գործողություններին, հավատացեք, որ ԱԳՆ-ն չէ, որ պետք է գնահատական տա, մեր եվրոպական գործընկերները պիտի տան, և կարծում եմ իրենք արդեն հնչեցրել են։ Եւ հուսով եմ, որ այն հնարավորություն կտա ավելի արագացնել վավերացման գործընթացը»։

Անդրադարձ եղավ ԵՄ-ի կողմից 2018-2020 թվականների համար հատկացվող դրամաշնորհային ծրագրին, ըստ որի՝ հատկացվելու է 176 միլիոն եվրոյին համարժեք գումար։

«Խոսքը գնում է Հայաստանում իրականացվող ամենատարբեր բարեփոխումների մասին՝ սկսած տրանսպորտային հարցերից մինչ մարդու իրավունքներ, սա բավականին լայն հարցերի շրջանակ է։ Ես հասկանում եմ՝ բոլորին հետաքրքում է, թե 4 տարվա ընթացքում կոնկրետ քաղաքացու համար 176 միլիոն եվրոյի օգտագործումն ինչ դրական փոխոխություն կտա, բայց պետք է սպասել, դա ընթացող գործընթաց է»,- ասաց փոխնախարար Պապիկյանը։

Փոխնախարարի խոսքով՝ 2018-ի համար նախատեսված է 36 միլիոն եվրոյին համարժեք դրամաշնորհային ծրագիր։

«Մենք մի շարք հանձնառություններ ունենք՝ մարդու իրավունքներ, բարեփոխումներ տարբեր բնագավառներում, եթե այդ ուղղություններում կոնկրետ և հստակ քայլեր անենք, կարող ենք ակնկալել, որ ավելին ավելիի դիմաց սկզբունքը կկիրառվի»,- ասաց նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։