ԱԱԾ տնօրեն․ «Գաղտնալսումներն իրականացվելու են բացառապես դատարանի որոշման հիման վրա»

17:48, 4 հունիսի, 2018

2017 թվականի պետական բյուջեի հաշվետվության քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, դիմելով ԱԱԾ-ի պետ Արթուր Վանեցյանին, անդրադարձավ տարբեր քաղաքական գործիչների հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու դեպքերին։

«Տարիներ շարունակ մեր  բոլորի հեռախոսները գաղտնալսվել են՝ չունենալով որևէ իրավական հիմք, քաղաքական զրույցներից սկսած ընդհուպ մինչև կենցաղային զրույցներ, հետո ինչ-որ տեղ այդ զրույցներն արտացոլվել են։ Հիմա ես ուզում եմ ասեք՝ որպես այդ կարևոր կառույցի ղեկավար, այդ ավանդույթը՝ շպիոնաժը վերանալո՞ւ է, թե՞ ոչ»,-հարցրեց նա։

Վանեցյանն արձագանքեց՝ չի ուզում այնպես ձևակերպել պատասխանը, որ հաստատի կամ հերքի պատգամավորի դիտարկումը։

«Դրա համար ես Ձեզ հավաստիացնում եմ, որ ԱԱԾ-ն  գործելու է բացառապես օրենքի շրջանակներում, և գաղտնալսումներն իրականացվելու են բացառապես դատարանի որոշման հիման վրա, այլ կերպ հնարավոր չէ, որ լինի։ Ես Ձեզ հավաստիացնում եմ և պաշտոնապես ասում՝ որպես ԱԱԾ տնօրեն»,-ասաց Արթուր Վանեցյանը։