Կուրսանտի սպանության գործով ամբաստանյալը հերքում է իր մեղադրանքի բոլոր դրվագներն անխտիր

20:59, 4 հունիսի, 2018

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ինստիտուտի պետի տեղակալի որդու՝ Գնել Թևոսյանի հարցաքննությունն այսօր ավարտվեց:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Հարությունյանի, դեռևս նախորդ՝ մայիսի 21-ին կայացած դատական նիստին էր սկսել Թևոսյանի հարցաքննությունը, և ծառայակիցների հետ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող Գնել Թևոսյանը հայտնել էր, թե սպանության հանգամանքներից տեղյակ չէ, և որ ինքը ոչինչ չի արել:

Դատարանն այսօր որոշում կայացրեց հրապարակել Թևոսյանի նախաքննական ցուցմունքները: Դրանցում ևս Թևոսյանը հերքել է իր մեղադրանքի ցանկացած դրվագ՝ իր դեմ ցուցմունք տված անձանց երբեմն մեղադրելով ստախոսության մեջ:

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանը սպանվել է 2015-ի հունվարի 29-ին:  Այդ օրն առավոտյան Հայկազ Բարսեղյանը հայտնաբերվել է ինստիտուտի բակում՝ պտտաձողից կախված: Սպանության համար  քննություն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Բարսեղյանի ծառայակից 4 կուրսանտի՝ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Նորիկ Սահակյանին և Գնել Թևոսյանին: Ըստ մեղադրանքի` ամբաստանյալները Հայկազին սպանել են, ապա ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար նրան տարել ու կախել ինստիտուտի սպորտհրապարակից:

Քննություն իրականացնող մարմինն առաջին անգամ Գնել Թևոսյանին փորձել է հարցաքննել հունվարի 30-ին՝ կասկածյալի կարգավիճակով, սակայն Թևոսյանը հրաժարվել է ցուցմունք տալ: Փետրվարի 1-ին արդեն մեղադրյալի կարգավիճակում նույնպես նա ցուցմունք չի տվել, միայն հայտնել է, որ մեղադրանքը չի ընդունում, որևէ մեկի նկատմամբ բռնություն չի գործադրել, սպանության հանգամանքների մասին տեղյակ չէ:

Փետրվարի 20-ին մեղադրյալի կարգավիճակում Գնել Թևոսյանը ցուցմունք է տվել ու նշել, որ Հայկազ Բարսեղյանի հետ նորմալ հարաբերություններ է ունեցել, որ դեպքի մասին իմացել է հունվարի 29-ի առավոտյան: Թևոսյանը հայտնել է նաև, որ երբ իրեն սպանության գործի շրջանակներում տարել են ռազմական ոստիկանություն, հարվածել են, ասել, որ ինքը մարդասպան է:

Թևոսյանը գրել է նաև, որ եթե որևէ մեկը Հայկազ Բարսեղյանի սպանության գործի շրջանակներում իր դեմ ցուցմունք է տվել, ապա, իր պնդմամբ, դա արել է հարկադրաբար: Մեղադրյալ Թևոսյանը պահանջել է նաև, որ իր դեմ ցուցմունք տված անձանց առերեսեն իր հետ:

Ըստ գործի նյութերի՝ սպանության օրը Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Մովսես Ազարյանն ու Վաչե Սահակյանը վերջինիս ծննդյան օրն են նշել և ալկոհոլ օգտագործել: Թեև Թևոսյանի արյան փորձանմուշում ալկոհոլ է եղել՝ նա պնդել է, որ նման բան չի եղել, ինքն ալկոհոլ չի օգտագործել:

Նախորդ դատական նիստի ընթացքում  Գնել Թևոսյանին հարց էր ուղղվել, թե արդյոք Հայկազ Բարսեղյանն ինքնուրույն կարողանում էր ռազմական  ինստիտուտի  սպորտհրապարակում գտնվող պտտաձողից կախվել: Ի պատասխան  հարցին՝  Գնել Թևոսյանը նշել էր, թե չի նկատել, որ Բարսեղյանը չկարողանա կախվել: Այս հանգամանքը կարևոր է այնքանով, որ  կողմերը ցանկանում են պարզել, թե արդյոք Հայկազ Բարսեղյանի ֆիզիկական տվյալները թույլ կտային նրան իր հասակից բարձր պտտաձողին զինվորական համազգեստի քուղերն ամրացնել ու դրանից կախվելու միջոցով ինքնասպան լինել:

Թեև դատարանում Թևոսյանը հայտնել է` չի նկատել, որ Հայկազը չկարողանա կախվել պտտաձողից՝ նախաքննական ցուցմունքում գրել է, որ մի քանի անգամ տեսել է, թե ինչպես են  Հայկազին օգնում կախվել պտտաձողից:

Այս հակասության վերաբերյալ պարզաբանում տալիս Գնել Թևոսյանը նշեց, որ ստուգարքների ժամանակ է տեսել, որ Հայկազին օգնում են կախվել պտտաձողից, սակայն ստուգարքների ժամանակ դա սովորական երևույթ էր, ոչ միայն Հայկազին, այլ նաև այլ կուրսանտների, այդ թվում իրեն օգնել են պտտաձողից կախվել:

Ըստ գործի նյութերի՝ սպանության գործով ամբաստայալները քննարկել են Հայկազ Բարսեղյանին  պատուհանից ցած նետելու հարցը, ապա որոշել ինքնասպանության իմիտացիա ստեղծել և նրան տանել ու կախել սպորտհրապարակից: Ապա որոշվել է սպանվածի անունից երկտող գրել, կեղծել նրա ձեռագիրն ու նշել, որ որևէ մեկի չմեղադրեն իր մահվան մեջ: Ըստ մեղադրանքի՝ Գնել Թևոսյանը սպանությունից հետո վերադարձել է այն ննջարան, որտեղ քնելիս է եղել Հայկազ Բարսեղյանն ու այնտեղ գտնվող ծառայակիցներին սպառնացել, որ սենյակում տեղի ունեցածի մասին որևէ մեկին չհայտնեն: Թևոսյանը մեղադրվում է նաև մեկ այլ կուրսանտի՝ Տիգրան Մանասերյանին ծեծի ենթարկելու մեջ: Նրա դեմ ցուցմունքներ են տվել նաև այն մասին, որ հաճախակի առանց թույլտվության, հոր թողտվությամբ լքել է ռազմական ինստիտուտը: Իր ցուցմունքում Թևոսյանը կտրականապես հերքել է իրեն վերագրվող այս բոլոր արարքները:

Թևոսյանի պնդմամբ՝ իր դեմ ցուցմունք տված անձանցից յուրաքանչյուրն ինչ-որ դրդապատճառ է ունեցել այդ անելու համար: Դատավոր Դավիթ Հարությունյանն ամբաստանյալին հարց տվեց, թե ինչո՞ւ պիտի այդ անձինք զրպարտեին իրեն, թե արդյոք իր դեմ ցուցմունք տված անձանցից որևէ մեկի հետ թշնամական հարաբերություն ունի, ինչին ի պատասխան Թևոսյանը նշեց, որ որևէ մեկի հետ թշնամական հարաբերություն չունի, ապա, կցկտուր խոսելով, կարծես փորձեց տեղի ունեցածը կապել այն հանգամանքի հետ, որ հայրը ռազմական ինստիտուտի սպառազինությունների գծով տեղակալն է եղել:

Այսօրվա նիստին Թևոսյանի հարցաքննությունն ավարտվեց: Հաջորդ՝ հունիսի 11-ի նիստին ցուցմունք կտա ամբաստանյալ Վաչե Սահակյանը: