ՏՏ ոլորտի ներկայացուցիչները հեղափոխության օրերին և հետո (մաս 1)

12:17, 5 հունիսի, 2018

Թավշյա հեղափոխության օրերին շատ ակտիվ էին ՏՏ ոլորտի ներկայացուցիչները, որոնց փողոցներում տեսնելիս միշտ հարցնում էի՝ ինչպե՞ս են հասցնում աշխատել, երբ ամբողջ օրը դրսում են լինում։ Պատասխանները տարբեր էին՝ «Հիմա դրսում եմ, գիշերը գնալու եմ աշխատեմ», «Գործադուլ ենք անում, մինչեւ ամեն ինչ կարգավորվի», «Թիմի կեսն աշխատում է, կեսը դուրս գալիս, հետո փոխվում ենք», բայց փաստն այն էր, որ դրսում շատ էին ոչ միայն ծրագրավորողները, այլեւ ՏՏ ընկերությունների այլ աշխատակիցներ՝ դիզայներներ, պրոդուկտ մենեջերներ, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներ եւ այլք։

Զրուցել ենք տարբեր ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ հասկանալու համար՝ ի՞նչն էր ստիպել նրանց, հատկապես երիտասարդներին, այդքան ակտիվ միանալ շարժմանն ու ի՞նչ առաջարկներ ունեն ՏՏ ընկերությունները ոլորտն ավելի արագ զարգացնելու համար։

Առաջինը զրուցել ենք SFL ընկերության համահիմնադիր եւ ղեկավար Արսեն Գրիգորյանի եւ ընկերության գործադիր տնօրեն (COO) Երվանդ Աղաբաբյանի հետ։

SFL ընկերության աշխատակիցները

SFL-ը ծրագրավորման ընկերություն է, որը հիմնադրվել է Հայաստանում 2006 թվականին։ Ակտիվ գործունեությամբ սկսել է զբաղվել 2008 թվականից, իսկ վերջերս մասնաճյուղ է բացել ԱՄՆ-ում՝ Չիկագոյում։ Ընկերությունն առաջարկում է լուծումներ տարբեր շուկաների, այդ թվում, նաև ֆինանսական և ազգային անվտանգության ոլորտների համար։ Ինչպես նշում է ընկերության համահիմնադիր եւ ղեկավար Արսեն Գեւորգյանը, ի տարբերություն այլ ընկերությունների՝ հիմնականում աշխատում են երկարաժամկետ ծրագրերի իրականացման շուրջ ու այդ ընթացքում աշխատակիցները մասնագիտանում են այն ոլորտում, որի համար ծրագիր են մշակում։

Արսեն Գեւորգյանը պատմում է, որ ամեն ինչ սկսել են ընկերոջ հետ ու որպես քննարկումների վայր՝ օգտագործել իր կարմիր «ՎԱԶ 2109»։ Նկատել են, որ բիզնեսներն ակտիվորեն տեղափոխվում են առցանց հարթակներ եւ իրենց բիզնեսի յուրահատուկ գործառույթները նույնքան յուրահատուկ ներկայացնելու կարիք կա։ Որոշում են մեծացնել թիմն ու համակարգչային ծրագրավորման որակով լուծումներ տրամադրել տարբեր ընկերությունների ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս։ Ժամանակի ընթացքում թիմը ավելի է մեծանում եւ 09-ը վերածվում սկզբում մեկ, հետո երկու, երեք սենյականոց բնակարանի, իսկ ավելի ուշ դառնում մեծ տարածք՝ 100-ից ավելի աշխատակիցների համար։ Թիմում հիմնականում երիտասարդներ են ընդգրկված ու թիմի միջին տարիքը 27-ն է։

Ինչպես նշում է Արսենը, ընկերության մակարդակով թավշյա հեղափոխությանը միանալու ոչ մի կոչ, հորդոր չի եղել։ Այն եղել է քաղաքացիական շարժում եւ ընկերության աշխատակիցները մասնակցել են ոչ թե որպես SFL ընկերության ներկայացուցիչներ, այլ քաղաքացիներ, որոնք ունեն իրենց դիրքորոշումն ազատ արտահայտելու, իրենց կարծիքը բարձրաձայնելու իրավունք։

Արսենը նշում է. «Փողոց էին դուրս գալիս այն քաղաքացիները, որոնք ասելիք ունեին ու գիտակցում էին, որ քաղաքացիական պարտքը միայն ընտրության գնալը, հարկ վճարելը կամ բանակում ծառայելը չէ։ Քաղաքացիական պարտք է նաեւ ազատ արտահայտվելը, ինչ-որ փոփոխության համար պայքարելը։ Մեր ընկերությունում վերաբերմունքը հենց այդպես էր։ Ես ուրախ եմ, որ նույնիսկ ընկերության ներսում կար տարակարծություն, ու ոչ ոքի ոչինչ չէր պարտադրվում»։

Առաջին ամենաակտիվ օրը, ըստ նրանց, երբ քաղաքն ամբողջությամբ կաթվածահար եղավ, ապրիլի 20-ն էր։ Նախորդ օրը Synopsys ընկերության աշխատակիցները փակեցին Արշակունյաց պողոտան, ինչից հետո ՏՏ ընկերությունները շատ արագ ինքնակազմակերպվեցին։ Ամեն ինչ հնարավորինս դինամիկ էր ու այս ակտիվությունը, Արսենի խոսքով, վերջին 10-15 տարվա ընթացքում է փոխվել, որովհետեւ ժամանակին կային մի քանի մեծ ՏՏ ընկերություններ, որոնք շատ չեզոք էին։ Հիմա ավելացել է ՏՏ ընկերությունների, ստարտափների թիվը, որոնք ավելի ազատ ու անկախ են։

Ապրիլի 19-ին SFL-ի աշխատակիցներից մի քանիսը Telegram-ում ստեղծեցին IT հեղափոխություն անունով խումբ, որին միացան ոլորտի ներկայացուցիչներն, ու խումբը մի քանի ժամում ունեցավ հազարավոր մասնակիցներ։ 

Բացի այդ, կար մի քարտեզ, որի վրա յուրաքանչյուր ՏՏ ընկերություն՝ մեծ, թե փոքր, նշում էր՝ որ փողոցն է փակելու հաջորդ օրը։ Նշում էին փողոցն ու մասնակիցների քանակը, որպեսզի փոքր թիմերը կարողանային միանալ ավելի մեծերին։ Քարտեզի վրա առանձնացնում էին նաեւ այն անցումները, որտեղ չկան լուսակիրներ, ու առանց օրենք խախտելու կարող էին մի քանի ժամ շարունակ փողոցն անցնել ու խանգարել երթեւեկությանը։

SFL-ի աշխատակիցներն ու այլ քաղաքացիներ քայլում են առանց լուսակիր անցումներով

Ապրիլի 20-ին փողոցներն արդեն փակ էին։ Նույնիսկ ոստիկանական համապատասխան մեքենաներն էին մնում խցանման մեջ ու մարդկանց բերման էին ենթարկում սովորական ավտոբուսներով։

Արսենը նայում է Երվանդին ու ասում. «Երվանդն այն մարդն է, ով պատրաստել է ՀՀ սահմանների կառավարման ծրագիրը։ Ցանկացած մարդ, երբ ինքնաթիռով, գնացքով կամ, օրինակ, մեքենայով մտնում է Հայաստան կամ դուրս գալիս, դա անում է Երվանդի պատրաստած ծրագրով։ Միեւնույն ժամանակ Երվանդն այն մարդն է, ով իր քաղաքացիական դիրքորոշման համաձայն դուրս է գալիս փողոց փակելու ու երազով բերման ենթարկվում»։

Երվանդը ծիծաղում է, որովհետեւ իր հետաքրքիր փորձառությամբ այդ օրերին դարձել էր հեղափոխության սիմվոլներից՝ ոստիկանները նրան մի կերպ բռնում են, նստեցնում կանաչ երազը, իսկ ինքը հակառակ կողմից դուրս է գալիս ու վազելով փախչում. ամեն ինչից ելք կա նշանաբանը հստակ գործում է։

Երվանդին բռնել չի հաջողվում, բայց SFL-ի հինգ աշխատակից, ներառյալ ընկերության ղեկավար Արսեն Գեւորգյանը բերման են ենթարկվում։ Արսենը փորձում է կատակով ներկայացնել այն լուրջ խնդիրները, որոնք իրեն ստիպել էին դուրս գալ փողոց.

«Քաղմասում ոստիկանների հետ արդեն ընկերական խոսում ենք, պարզ է հարցնում են՝ ինչո՞ւ ենք դուրս եկել, ի՞նչ ենք ուզում, ես էլ պատասխանում եմ, որ դուրս եմ եկել հարցնելու՝ ինչո”վ կարող եմ օգնել երկրիս անվտանգությանը։ Հեռուստացույցով պնդում են, որ միակ մարդը, ով կարող է ապահովել երկրի անվտանգությունը Սերժ Սարգսյանն է, այսինքն՝ բոլորս իրենից ենք կախված. ինչպե՞ս է դա հնարավոր։ Ես էլ մտածում եմ, ինչո՞ւ ենք այդ մարդուն մենակ թողել, ինչո՞վ կարող ենք օգնել։ Բացի այդ, մեր նախկին վարչապետը կրկին հեռուստատեսությամբ նշեց, որ համաձայնում է դառնալ վարչապետ միայն այն պայմանով, որ իրեն ժամանակ տան նոր սերնդին պատրաստելու, որ հետո փոխարինեն իրեն։ Մենք, օրինակ, որ նոր աշխատող՝ junior ենք ընդունում, ավելի փորձառուին հստակ հարցնում ենք՝ շաբաթը քանի օրը, օրը քանի ժամ են աշխատելու ու երբ են հասնելու ցանկալի արդյունքին։ Ասում ենք՝ որքան ժամանակ պետք է, վերցրեք, միայն թե նշեք՝ կոնկրետ երբ պատրաստ կլինեք։ Հիմա նույն հարցը ուզում էի տալ վարչապետին, ով ութ ժամ գնում է գործի՝ քանի՞ ժամ է օրական տրամադրելու նոր սերնդին՝ junior-ներին, որ պատրաստ լինեն իրեն փոխարինելու»։

Երվանդն էլ ավելացնում է` իրենք սպասում են, որ նոր կառավարությունը ինստիտուցիոնալ տեսանկյունից պետք է աշխատի։ Չպետք է լինի մեկ մարդ, ով ամեն ինչ կորոշի, ու ամեն ինչ իրենից կախված կլինի։ Ավելին՝ այդ մարդը, այս դեպքում Նիկոլ Փաշինյանը, պետք է ստեղծի այնպիսի կառավարություն, որի մարմիններն իր գնալուց հետո կշարունակեն աշխատել նորմալ ու ինքնուրույն։

Երվանդը փաստում է, որ վերջին շրջանում կազմակերպված գրեթե բոլոր ակցիաներում ու շարժումներում շատ մեծ ներգրավվածություն է ունեցել ՏՏ ոլորտը։ «Էլեկտրիկ Երեւանի, կենսաթոշակայինը պարտադիր դարձնելու, Խորենացու դեպքերի ժամանակ բոլորս էլի դրսում էինք։ Ինչ-որ բան քննարկելու համար էլ կարիք չկար առանձին հավաքվելու, գնում էիր ցույցի, ոլորտի մեծ մասը դրսում էր»։ Նրա խոսքով՝ պետական աշխատողների դեպքում կառավարության լծակները ավելի շատ են միշտ եղել, ու ինչ-որ բանի դեմ պայքարելու միշտ դուրս են եկել ազատ և ոչ մի բանից կախվածություն չունեցող մարդիկ, իսկ ՏՏ ոլորտում աշխատողները, հիմնականում, հենց այդպիսինն են։

SFL ընկերության աշխատակիցները

Ինչպես նշում է Արսենը՝ բացի անկախ եւ ազատ լինելուց իրենց ընկերության երիտասարդները այդ օրերին կարողացան շատ հասուն որոշումներ կայացնել ու այնպես անել, որ փողոց փակելը ամբողջությամբ չազդի SFL-ի հետ համագործակցող ընկերությունների վրա։ Կարողացան ճիշտ բացատրել երկրում տիրող իրավիճակը, իսկ հեղափոխությունից հետո սկսեցին ավելի ինտենսիվ աշխատել, որովհետեւ հստակ գիտակցում են, որ այս ամենը դեռ սկիզբն է, հիմա ամեն օրվա գործով է հնարավոր ինչ-որ բան փոխել, կրթելով, ներդրումներ բերելով։

Արդեն հեղափոխությունից հետո ակնկալում են, որ կառավարությունն ու պետական մարմինները պետք է ավելի օպտիմալ աշխատեն ու պաշտպանեն ժողովրդի շահերը՝ առանց մարդկանց հիմարեցնելու։ Երվանդը կիրառելի օրինակ է բերում՝ նշելով տրանսպորտային միջոցների տեխզննման կարգը, որի պատճառով, օրինակ, բոլորը բոլորին խաբում են։

Որպես ավելի լայն խնդիրներ նշում են անվտանգության ապահովումը, արտագաղթը կանխելն ու կրթական համակարգի վերանայման անհրաժեշտությունը։

Արսենի կարծիքով բանակի անվտանգությունն ու արտագաղթն իրականում փոխկապակցված են։ Հիմա շատերն են երկրից մեկնում, քաղաքացիություն փոխում, որպեսզի իրենց տղաները բանակում երկու տարի չծառայեն։ Նրա կարծիքով հնարավոր է ժամանակի ընթացքում այդ երկու տարին կրճատել, եթե կարողանան օպտիմալացնել ներքին զորքերը ու ստեղծեն պրոֆեսիոնալ բանակ։ Հնարավոր է բոլոր զինծառայողներին ամսական վճարել 1000 դոլար։ Որտեղի՞ց է հնարավոր այդ գումարը ստանալ՝ Արսենը պատասխանում է. «Շատ գյուղապետարաններում ու քաղաքապետարաններում, օրինակ, կան աշխատողներ, որոնց կարիքը չկա, անելիք չունեն, բայց նրանք գնում են աշխատանքի, ունենում մեքենաներ, վառելիք օգտագործում ու այդպես շարունակ։ Անհրաժեշտ է կրճատել նման կառույցներում աշխատողների թիվն ու այդ գումարներն ուղղել երկրի պաշտպանությանը»։

ՏՏ ոլորտն ավելի արագ զարգացնելու համար անհրաժեշտ են համարում կրթական համակարգում արմատական փոփոխություններ անելը։ Հիմա համալսարաններն, ըստ նրանց, կորցրել են իրենց նշանակությունն, ու աշխատանքի ընդունելիս ընկերությունում երբեք ուշադրություն չեն դարձնում դիմողի դիպլոմին։ Աշխատանքի ընդունելուց հետո երկար ժամանակ ու ռեսուրսներ են ծախսում ընդունված երիտասարդներին վերապատրաստելու եւ աշխատանքային գիտելիքներ տալու համար։ Եթե համալսարանները կարողանան գոնե ապահովել բազային գիտելիքներն ու հմտությունները, ընկերություններն ավելի արագ կաճեն ու կմեծանան։

SFL ընկերության աշխատակիցները

Առաջարկում են վերանայել եկամտային հարկը ու այն փորձել հնարավորինս կրճատել։ Ինչպես նշում է Արսենը՝ իրենք չեն խուսափում հարկեր մուծելուց, բայց կան ոլորտներ, որոնց հատուկ նրբությունները պետք է հաշվի առնել որոշումներ կայացնելիս։ Հայաստանում շատ ընկերություններ կան, որ outsourcing-ով՝ պատվերով ծրագրերի իրականացմամբ են զբաղվում ու գին-որակ հարաբերակցությունն է, որ ստիպում է շատ արտասահմանյան ընկերությունների աշխատել հենց հայկական ընկերությունների հետ։ Բարձր եկամտային հարկը խանգարում է այս ոլորտում, քանի որ ծրագրավորողները ունեն համեմատաբար բարձր աշխատավարձ և, բացի այդ, ոլորտում աշխատավարձերը Հայաստանում աճում են 10-20 իսկ, օրինակ, Հոլանդիայում՝ 3%-ով։ Այսինքն՝ ուշ թե շուտ այս գծերը հատվելու են ու դրսի ընկերությունների համար անիմաստ է դառնալու ծրագրերը Հայաստանում իրականացնելը։ Եթե եկամտային հարկն ավելի ցածր լինի հնարավոր կլինի էլ ավելի շատ ծրագրեր բերել Հայաստան, ու այդ գումարը կոմպենսացնել, այսինքն՝ արդյունքում նույնքան հարկ մուծել։ Անիմաստ են համարում նաեւ պարտադիր կենսաթոշակային համակարգի ներմուծումը, որը պարզապես դառնում է եկամտային հարկ ու շոշափելի ազդեցություն ունենում ծրագրավորողների աշխատավարձի վրա։

Վիզաներ ստանալու տեսանկյունից Հայաստանում ամեն ինչ շատ երկար ու աշխատատար է լինում, ինչն էլ անհիմն բարդացնում է աշխատակիցներին այլ երկրներ գործուղելու գործընթացը։ Եթե, օրինակ, Ուկրաինայից ոլորտի ներկայացուցիչները մի քանի օրում կարող են որոշել ու գնալ մասնակցել մասնագիտական ցանկացած ֆորումի կամ աշխատել գործընկերների հետ, ապա Հայաստանից այլ երկիր մեկնելու համար պետք է ամեն ինչ մի քանի ամիս առաջ պլանավորել ու սպասել։

Առանձին ՏՏ նախարարություն ունենալու կարիք Արսենն ու Երվանդը չեն տեսնում, բայց համակարծիք են, որ կարող է լինել մի կառույց, որը կնպաստի ՀՀ-ի ներսում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ընդհանուր ու միասնական տեսլականի զարգացմանը։ Հիմա Հայաստանում պետական բոլոր կառույցներն իրարից անկախ են գործում ու անհրաժեշտ ծրագրերը պատվիրում տարբեր ընկերություններին ու դրանցից շատերն իրականացնում են այլ երկրներից ստացած դրամաշնորհներով։

Որպես հետևանք՝ շատ դեպքերում կատարվում է կրկնակի աշխատանք, և առաջանում է ազգային անվտանգության խնդիր։ Հիմա հնարավոր է պետության տրամադրած գործառույթները մի քանի անգամ ավելի արագացնել, որակը բարելավել, եթե լինի մի կենտրոն, որը կանի աուդիտ, ինչի հիման վրա էլ հնարավոր կլինի մշակել մեկ ընդհանուր մեխանիզմ, որը շատ ծառայություններ ավելի հասանելի ու մատչելի կդարձնի հենց պետության ներսում։

Մնացած հարցերում, ինչպես ոլորտի շատ ներկայացուցիչներ, այնպես էլ Արսենն ու Երվանդն են ժպիտով նշում. «Մեզ եթե չխանգարեն, դա արդեն մեծ օգուտ է»։