Արայիկ Հարությունյանը չի բացառում, որ ՀՀԿ-ական փոխնախարար կնշանակի

17:27, 5 հունիսի, 2018

Կրթության և գիտության նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Արայիկ Հարությունյանը քննարկում է փոխնախարարի պաշտոնում ՀՀԿ-ական մասնագետի նշանակելու հարցը։ Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Հարությունյանը։

«Ես հիմա շատ լուրջ քննարկում եմ ԿԳ նախարարի երրորդ տեղակալի պաշտոնում նշանակել մի մարդու, ով ՀՀԿ անդամ է։ Ես որևէ խնդիր չունեմ՝ նախկինում հաճախ մարդիկ ստիպված են եղել համակարգում աշխատելու համար կուսակցականացվել»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է դպրոցների տնօրենների կուսակցականացված լինելուն, նախարարն ասաց, որ վերջիններիս սահմանադրական իրավունքն է՝ լինել որևէ կուսակցության անդամ, միայն թե՝ աշխատանքից դուրս: «Եթե մարդ ցանկանում է լինել որևէ կուսակցության անդամ, ապա կարող է լինել, իհարկե իր աշխատանքից դուրս, և դա չպետք է բերի դպրոց»,- ասաց նա։