Ն․ Զոհրաբյանը՝ ՀՀԿ-ին. «Ձեր ցինիզմով, լկտիությամբ ու Սահմանադրությունը պոլի շոր սարքելու բեսպրեդելով ավիրել եք ամեն ինչ»

15:34, 7 հունիսի, 2018

«Հանրապետական» մեր գործընկերների սիրտը թիվ է ուզում»: Այս մասին Կառավարության ծրագրի քննարկմանը իր ելույթում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ականների այն քննադատություններին, որ ծրագրում որևէ տնտեսական ցուցանիշ չկա:

«Թիվ` աղքատության նվազման, տնտեսական աճի, գործազրկության նվազման, ներդրումների աճի և մի շարք այլ թվեր: Ուստի, ես որոշեցի թերթել վերջին տարիների ՀՀԿ-ական կառավարությունների խալաստոյ կրակած ու այդպես էլ իրականություն չդարձած թվերն ու խոստումները»,- ասաց Զոհրաբյանը: Պատգամավորը հիշեցրեց նախորդ կառավարությունների խոստացած, բայց չիրագործած ցուցանիշները:

«2017 թվականի համար հանրապետական կառավարության հանրապետական վարչապետը հայտարարեց 850 մլն դրամի ներդրումների մասին, արդյունքում` բյուջեի ծախսային մասը ներկայացվեց որպես ներդրում: Սա աննախադեպ ֆոկուս էր բլեֆագիտության ժանրից»,- ասաց նա: Զոհրաբյանը հիշեցրեց նաև Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման խոստումը:

«Այդ խոստումից անցել է 8 տարի, սակայն երկաթգիծը այդպես էլ մնաց բլեֆ: Մի քիչ էլ գնանք հետ․ Գյումրու տեխնոպարկ, Դիլիջանը` ֆինանսական կենտրոն, Մեծամորի ատոմակայանի նոր բլոկի կառուցում, նվազագույն աշխատավարձի առնվազն կրկնապատկում, կենսաթոշակների բարձրացում, աղքատության թվի կրճատում 8 տոկոսով` կրակված ու չիրականացված թվեր»,- հայտարարեց նա: Զոհրաբյանը հիշեցրեց՝ աղքատության պաշտոնական թիվը 30 տոկոս է, աշխատող աղքատների թիվն էլ գումարած՝ կա 60 տոկոսը գերազանող աղքատություն: «Այստեղ նստած մի նախկին պաշտոնյա (նկատի ունի Արմեն Աշոտյանին. հեղ.) խոստանում էր առաջին դասարանցիներին ապահովել համակարգչով և դա անում էր Բոնապարտին վայել վստահությամբ: Մի քիչ էլ անցնենք առաջ` 100 հազարից ավելի աշխատատեղի ստեղծում, ընդ որում ոչ գյուղատնտեսական ոլորտում: Զբաղվածության թիվը պետք է ավելանար 30 հազարով, իսկ հիմա ըստ ԱՎԾ-ի տեղի է ունեցել ոչ թե աշխատատեղերի աճ, այլ կրճատում»,- ասաց նա:

Զոհրաբյանի խոսքով՝ ՀՀԿ-ի երկար և տանջալի կառավարության ընթացքում Հայաստանի արտաքին պարտքը մոտեցել է 7 միլիարդի հոբելյանական շեմին: «Հիմա դեմագոգիայի և ցինիզմի մասին` ՀՀԿ-ական վարչապետներից մեկն այս ամբիոնից տեքստ էր ասում` մենք պետք է ստեղծենք այնպիսի օրինապաշտ միջավայր, որում կոռուպցիան օրենքից վեր դասելը տեղի չի ունենա, և կդատապարտվի բոլորի կողմից: Ինչ-որ մեկը հիշո՞ւմ է այս տարիների ընթացքում որևէ կոռուպցիոներ պատժվի կլանի` «օբշյակի» բարձրաստիճան ներկայացուցչի կողմից, իսկ նույն այդ կլանի վարաչապետներից մեկն էլ ասում էր` նոր Հայաստանի կառուցումը մեր ձեռքերում է, և մենք դա անելու ենք: Միակ բանը, որ դուք արել եք` ձեր ցինիզմով, ձեր լկտիությամբ ու Սահմանադրությունը պոլի շոր սարքելու ձեր բեզպրեդելով ավիրել եք ամեն ինչ»,- ասաց պատգամավորը:

Զոհրաբյանի խոսքով՝ կառավարությունը մեկ գլխավոր խնդիր ունի` քանդել երկրի կոռուպցիոն կապանքները, սահմանել խաղի արդար, հավասար պայմաններ ու գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների: