Փաշինյանը վստահեցնում է՝ գործարարներն ազատված են Բաղրամյան 26 ճամպրուկներ տանելուց

21:07, 7 հունիսի, 2018

«Կառավարության ծրագիրը կանվանեմ հեղափոխական»,- կառավարության ծրագրի ընդունումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն այսօր խորհրդարանում պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի հարցին ի պատասխան վստահեցրել էր, թե կառավարությունը կախարդական փայտիկ ունի: Լրագրողների հետ զրույցում նա մանրամասնեց իր այդ միտքը․ «Կախարդական փայտիկն այն է, երբ բիզնեսը ազատված է կոռուպցիոն որևէ պարտավորություններից, որ խոշոր բիզնեսն իր ողջ ծավալով մտնելու է հարկային դաշտ, այն է, որ Հայաստանում դե յուրե չկան մենաշնորհներ և շուտով չեն լինի դե ֆակտո, այս խնդիրները լուծվել ու լուծվում են, իսկ դա նշանակում է, որ կախարդական փայտիկ կա»,- ասաց նա։

Փաշինյանի համոզմամբ՝ շարքային քաղաքացին այսօր էլ զգում է կախարդական փայտիկի գոյությունը։ Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ 50+1 ձայներ հավաքի «Ծառուկյան» դաշինքը, Փաշինյանը համոզմունք հայտնեց՝ արտահերթ ընտրությունների արդյունքում ժողովուրդը իր հաղթանակը չի կորցնի, կրկին կտոնի հաղթանակը այնպես, ինչպես տոնեց թավշյա հեղափոխության ժամանակ։

Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաեւ գործարարների հետ իր հանդիպմանը՝ վստահեցնելով, որ որևէ ստվերային պայմանավորվածություն չի ունեցել վերջիններիս հետ։

«Ոչ ոք չի ասում, որ հանրապետության գործող վարչապետը գործարարներին հրավիրել է և ասել՝ հարգելի գործարարներ, ես չգիտեմ, թե դուք ամիսը քանի անգամ, ինչ չափի ճամպրուկներով, ինչ եք բերել Բաղրամյան 26, բայց այս պահից դուք ազատված եք բոլոր այդ տեսակի պարտականություններից: Ես հարցրել եմ՝ եղե՞լ է այսպիսի մեխանիզմ, իրենք ասել են` եղել է: Ես ասել եմ` դուք ազատված եք այդ մեխանիզմից: Ոչ ոք չի ասում, որ գործող կառավարությունը այդ նույն հետապնդվող գործարարներին ճամպրուկներով փողեր է նվիրել»,- ասաց նա։

Վարչապետը համոզմունք հայտնեց՝ գործարարները պետք է չձգտեն լինել քաղաքականության մեջ, պետությունը պետք է երաշխավորի վերջիններիս բիզնեսի անվտանգությունը։

«Մենք ոչ մեկի հետ ոչ մի տոկոս, փայ չենք պատրաստվում մտնել, օրինականությունը հենց ստվերայնության բացառումն է»,- ասաց նա եւ վերահաստատեց, որ վենդետաներ չեն լինելու, լինելու է օրինականություն։

Հարցին՝ ստորագրվելու է, արդյոք, կոալիցիոն համագործակցության հուշագիր, Փաշինյանն ասաց, որ նման փաստաթղթի անհրաժեշտություն չի տեսնում, սակայն եթե իրավաբանները պարզեն, որ օրինականության տեսակետից դրա կարիքը կա, կենթարկվեն օրենքին։ 

Անդրադառնալով Արցախում քաղաքացիական ընդվզման դեպքերին` Փաշինյանն ասաց․ «Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, լիովին տեղավորվում է Արցախի Սահմանադրության շրջանակներում, և համոզված եմ, որ այդ տրամաբանությունը կշարունակվի»։

Դիտարկմանը, թե կա տեսակետ, որ ինքը միջամտել է Արցախի ներքին գործերին, Փաշինյանն արձագանքեց․ «Ես իմ եղբայրներին ու քույրերին կոչով ու խնդրանքով եմ դիմել, խնդրանքով դիմելը ինչպե՞ս կարող է դիտվել միջամտություն ներքին գործերին»։

Մեր հարցին, որ մինչ վարչապետ ընտրվելը վստահեցնում էր, թե չի կաշկանդվելու գործարար պատգամավորների` իրեն տրված քվեից, այժմ որքա՞ն ժամանակ է հարկավոր նոր կառավարությանը թաքցված հարկերի՝ օդում կախված լուրերը ստուգելու համար, վարչապետը պատասխանեց․ «Այդ գործընթացը սկսված է, ես որևէ մեկի քվեով կաշկանդված չեմ, ես ասացի, որ որևէ մեկը լավություն չի անում մեր օգտին քվեարկելով։ Ես ինձ հաշիվ եմ տալիս, որ այդ ամբիոնին կանգնած էի ոչ թե դե ֆակտո քաղաքական ուժերի, այլ ժողովրդի որոշման արդյունքում։ Կարծում եմ՝ այդ հարցը հստակ է»։

Փաշինյանն ասաց, որ դեռ որոշում չկա, թե ինչպես են մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ «Ելք» դաշինքով, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությամբ։

Փաշինյանը նաև հայտնեց, որ չի ողջունում Սասուն Միքայելյանի կողմից անձնական երաշխավորագիր ներկայացնելը նորատուսցի Ալիկի համար և ասաց, որ այդ մասին անձամբ ասել է Սասուն Միքայելյանին։