Սյունիքի եւ Արմավիրի նոր մարզպետներ նշանակվեցին

09:23, 8 հունիսի, 2018

Կառավարության այսօրվա նիստում Սյունիքի և Արմավիրի մարզպետները իրենց դիմումների համաձայն ազատվեցին պաշտոններից։ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին փոխարինեց Կարեն Համբարձումյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին` Գագիկ Միրիջանյանը: 

Գագիկ Միրիջանյանը մասնագիտությամբ բժիշկ է, 2015-2016 թվականներին եղել է Առողջապահության փոխնախարար։ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ ցուցակով առաջադրված էր Երևանի Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում։ Սակայն մարզպետ է նշանակվել ԲՀԿ քվոտայով:

Կարեն Համբարձումյանը 2017 թվականի նոյեմբերի 5-ին նշանակված ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ ցուցակով առաջադրվել էր որպես Սիսիանի քաղաքապետի թեկնածու, սակայն մինչ ընտրությունները ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել։

Հիշեցնենք, որ Կառավարության նախորդ նիստին էլ նշանակվել էին մյուս ութ մարզպետները։

Եւ այսպես, ԲՀԿ-ն չորս մարզպետ ունի՝ Վայոց ձորում, Լոռիում, Սյունիքում եւ Արմավիրում: ՀՅԴ-ն եկու մարզպետ ունի՝ Գեղարքունիքում եւ Արագածոտնում, ՔՊ-ն նույնպես չորս՝ Կոտայքում, Շիրակում, Արարատում, Տավուշում (Տավուշի մարզպետն անկուսակցական է, սակայն նշանակվել է ՔՊ քվոտայով)։

Լուսանկարում՝ Գագիկ Միրիջանյանը՝ ձախից, Կարեն Համբարձումյանը՝ աջից: