Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը

14:53, 10 հունիսի, 2018

«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը» (ԵԳԱԾ) ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը: Այս մասին օրերս ծրագրի ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել ԵԳԱԾ ղեկավար մարմինը: Պատճառը, ըստ հայտարարության, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) շուրջ ծագած ֆինանսական խնդիրներն ու ՀՀ գիտության պետական կոմիտեի (ԳՊԿ) կողմից փոխանցումների դադարեցումն է:

Ինչպես նշված է ծրագրի հայտարարության մեջ, ծրագրի ղեկավար մարմինն անում է ամենը՝ մինչ ապրիլ հայտարարված մրցույթի շահառուների գումարների փոխանցման համար, սակայն իրավիճակն առայժմ անորոշ է:

Հիշեցնենք, որ «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը» մեկնարկել է 2012-ին՝ Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո: 2017 թ. ծրագիրն ունեցել է 5 հիմնական ուղղություն.

-երիտասարդ գիտնականներին միջազգային գիտական գործուղումների ֆինանսական աջակցության տրամադրում,
-երիտասարդ գիտնականների գիտաժողովների, սիմպոզիումների, դպրոցների, սեմինարների կազմակերպման ֆինանսական աջակցության տրամադրում,
-գիտական դրամաշնորհների տրամադրում,
-ազդեցության գործակից ունեցող պարբերականներում երիտասարդ գիտնականների գիտական հոդվածների տպագրության համար ֆինանսական աջակցության տրամադրում,
-«Արդյունավետ երիտասարդ գիտաշխատող» մրցույթի ֆինանսական աջակցության տրամադրում: