ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական երեք ընկերությունների դեմ

22:32, 11 հունիսի, 2018

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել ռուսական երեք ընկերությունների դեմ: Նախարարության կայքում տարածված հաղորդագրության համաձայն՝ պատժամիջոցների ցանկում են հայտնվել պետերբուրգյան ընկերություններ Digital Security-ն, Divetechnoservice-ը (Дайвтехносервис), ինչպես նաև Kvant գիտահետազոտական ինստիտուտը: Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ այս երեք ընկերությունները կապ ունեն Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) հետ:

Digital Security-ն տեղեկատվական անվտանգության ոլորտում խորհրդատվական կազմակերպություն է: Նրա հաճախորդների թվում են «Почта России»-ն, «Сбербанк»-ը, «Башнефть»-ը, ИТАР-ТАСС-ը և այլ խոշոր ընկերություններ:

Divetechnoservice-ը ջրասուզակների համար նախատեսված սարքավորումներ է արտադրում: Այս ընկերությունը 2014-15թթ. ФСБ-ի հետ մատակարարման պայմանագիր է ունեցել:

Kvant գիտահետազոտական ինստիտուտը զբաղվում է էլեկտրոնային հաշվողական սարքերի արտադրմամբ և սպասարկմամբ: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը եզրակացնում է, որ այն պատկանում է ФСБ-ին կամ կառավարվում է նրա կողմից:

Այս ընկերությունների հետ միասին պատժամիջոցների ցանկում են հայտնվել նաև Embedi և Erpscan ընկերությունները, որոնք, ԱՄՆ ֆիննախի տվալներով, կապ ունեն Digital Security-ի հետ: Պատժամիջոցների ցանկը համալրվել է նաև երեք անձանցով, ովքեր Divetechnoservice-ի ներկայացուցիչներ են:

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ նոր պատժամիջոցները բացատրվում են ինչպես ռուս հաքերների ակտիվությամբ, այնպես էլ ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև ստորջրյա հաղորդակցումներին ուղղված վտանգներով: Digital Security-ն ФСБ-ին տեխնոլոգիական աջակցություն էր ցուցաբերում, իսկ Divetechnoservice-ը ստորջրյա սարքավորումներ էր տրամադրում ռուսական կառավարական ծառայություններին:

Հիշեցնենք, որ հակառուսական պատժամիջոցների վերջին խոշոր փաթեթը ԱՄՆ-ն հրապարակել էր այս տարվա ապրիլի 6-ին: Այդ ցանկում հայտնվել էր 25 անձ և 14 ընկերություն: Պատժամիջոցների տակ էին հայտնվել ինչպես մի շարք ռուս օլիգարխներ, այնպես էլ բարձրաստիճան պաշտոնյաներ: