Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել

20:21, 13 հունիսի, 2018

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այսօր հայտնել է իր հրաժարականի մասին: Նա իր հրաժարականը հիմնավորել է իր կուսակցության՝ «Վրացական երազանք»-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլու հետ ունեցած տարաձայնությամբ, մասնավորապես՝ երկրի տնտեսական կառավարման հարցերի շուրջ ունեցած տարբեր կարծիքներով:

«Ես փորձել եմ լինել յուրաքանչյուր քաղաքացու վարչապետը: Ես եղել եմ և այժմ էլ թիմի խաղացող եմ: Դա հիշելով՝  ես ըմբռնեցի թիմի տրամադրությունը և որոշում կայացրի, որը պետք է կայացներ իմ իրավիճակում հայտնված ցանկացած թիմի առաջնորդ: Այսօր ես վայր եմ դնում իմ լիազորությունները, - ասել է Կվիրիկաշվիլին և մանրամասնել,- մենք որոշ տարաձայնություն ունենք իշխող կուսակցության առաջնորդի հետ, և ես կարծում եմ, որ սա այն պահն է, երբ կուսակցության առաջնորդին պետք է հնարավորություն տրվի նոր կաբինետ հիմնելու»:

50-ամյա Կվիրիկաշվիլին Վրաստանի վարչապետ դարձավ 2015 թ.-ին:

Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ ողջ կառավարությունը պետք է վարչապետի հետ հրաժարական տա: Այնուհետև իշխող կուսակցությունը 7 օրվա ընթացքում նախագահին պետք է ներկայացնի կառավարության նոր կազմի ցուցակը: Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հաջորդ 7 օրվա ընթացքում պետք է հաստատի այն: