«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ում Վիգեն Սարգսյանին փոխարինեց Դավիթ Տոնոյանը

11:46, 15 հունիսի, 2018

Կառավարության նիստում այսօր հաստատված որոշման համաձայն` Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամի պաշտոնում Վիգեն Սարգսյանին փոխարինեց Դավիթ Տոնոյանը։

Հիշեցնենք, որ այս հիմնադրամին են փոխանցվում քաղաքացիների եկամուտներից ամեն ամիս գանձվող 1000-ական դրամները:

Այս հարցը չզեկուցվող է: Որոշման տեքստում նշվում է, որ ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ պաշտպանության նախարար է նշանակվել Դավիթ Տոնոյանը, ուստի անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անվանական կազմում:

Հիշեցնենք, որ Վիգեն Սարգսյանն այդ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն էր։

Հիմնադրամի կանոնադրության համաձայն՝ խորհրդի նախագահին իրենց կազմից ընտրում են հոգաբարձուների խորհրդի անդամները՝ հինգ տարի ժամկետով: