Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը

12:10, 20 հունիսի, 2018

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը։

Մինչ քվեարկությունը, վարման կարգով խոսեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Գիտեք, որ «Բարգավաճ Հայաստանը» մշտապես դեմ է արտահայտվել կուտակայինի պարտադիր բաղադրիչի ներդրմանը, այսօր ևս մեր սկզբունքային դիրքորոշումը չենք փոխել։ Այդուհանդերձ, ներկայացված նախագիծը որոշակիորեն մեղմում է ֆինանսական բեռը այն երիտասարդների, ովքեր ամսական աշխատավարձից վճարում են կուտակային ֆոնդին։ Մենք կքվեարկենք կողմ՝ պայմանով, որ շարունակելու ենք մեր քննարկումները կառավարության հետ՝ պարտադիր բաղադրիչը հանելու համար»,- ասաց Զոհրաբյանը։

ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

«Մեր սկզբունքային դիրքորոշումը հայտնել ենք, այս նախագծին ձեռնպահ ենք քվեարկելու, նախկինի հետ համեմատած բարելավում է պարունակում, բայց չի լուծում պարտադիր բաղադրիչի վերացման հարցը, որի դեմ պայքարել ենք տարիներ շարունակ»,- ասաց նա։

«Ելք» խմբակցության անունից խոսեց Էդմոն Մարուքյանը՝ հայտնելով, որ կողմ են քվեարկելու։

«Իրավիճակն այնպիսին է, որ հրատապ քայլ պետք է կատարվի, որից հետո քննարկումները շարունակվելու են. պարտադիր կուտակայինի էջը փակված չէ»,- ասաց նա։

Նախագիծը դրվեց քվեարկության․ 76 պատգամավոր կողմ քվեարկեց, 2-ը՝ դեմ, 6-ը՝ ձեռնպահ։

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրեց նաև գործուղման մեջ գտնվող պատգամավորների՝ քվեարկության մասին թողած ծրարները։ ՀՅԴ-ական Արմենուհի Կյուրեղյանը նախագծին ձեռնպահ է, պարտադիրի դեմ ընդդիմացող «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ կողմ, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը՝ կողմ, Վահե Էնֆիաջյանը՝ կողմ։

Ուստի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 79 կողմ, 2 դեմ և 7 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Վաղը կլինի նախագծի քվեարկությունը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։