Մանե Թանդիլյանը կշարունակի պաշտոնավարել

11:25, 21 հունիսի, 2018

Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ Նախարարն էլ իր հերթին շնորհավորեց բուժաշխատողներին՝ մասնագիտական օրվա առթիվ։

Վարչապետը կատակեց․ «Ձեր նշանակվելուց հետո՞ է բուժաշխատողների օրը փոխվել, թե՞ նախկինում էլ էր նույն օրը»։

Ապա Փաշինյանն անդրադարձավ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականին։

«Գիտեք, որ չեմ ընդունել հրաժարականի դիմումը: Մանե Թանդիլյանի հետ որոշել ենք շարունակել մեր համատեղ աշխատանքը, պետք է աշխատենք այն խնդրի վրա, որը բուռն քննարկումերի առիթ է դարձել հանրության շրջանում, այն, իհարկե, պարտադիր կուտակայինն է»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ կուտակայինի խնդրի շուրջ համատեղ աշխատանքներ են տարվելու Տնտեսական զարգացման և ներդրումների, Արդարադատության նախարարների և համակարգի պարտադիր բաղադրիչին ընդդիմացող քաղաքացիների հետ։

«Այս որոշման նպատակն է, որ ժամանակ շահենք, հանդարտ, առանց ցայտնոտի փոփոխություններ կատարենք և պայմանավորվեցինք, որ խնդրի շահագրիգիռ ներկայացուցիչների հետ աշխատելու ենք»,- ասաց նա։

Մանե Թանդիլյանն արձագանքեց՝ շարունակելով պաշտոնավարել՝ փորձելու է լուծել ինչպես կուտակայինի, այնպես էլ ոլորտում առկա այլ խնդիրները։

Լրացում.  Քիչ առաջ Մանե Թանդիլյանն անդրադարձել է իր պաշտոնավարման լուրին նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Նախարարի գրառումը ներկայացնում ենք նույնությամբ.

«Ինչպես գիտեք, իմ հրաժարականը պայմանավորված էր բացառապես կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ իմ դիրքորոշումով, որը մնացել է անփոփոխ: Ինձ վստահված առաքելությունը նախարարի պաշտոնում գիտակցել եմ աշխատանքիս առաջին օրվանից, երբ միայն օրական ստացվող հարյուրավոր նամակները արձանագրում են ոլորտում առկա բազմաթիվ խնդիրները և դրանց լուծման կարևորությունն ու հրատապությունը:

Այս ընթացքում` այդ թվում հրաժարական տալուց հետո, արել եմ հնարավոր ամեն բան առկա խնդիրները լուծելու ուղղությամբ: Համոզված եմ, որ նոր կառավարությունը կարող է առկա խնդիրները լուծել բարձր մակարդակով և սեղմ ժամկետներում:

Հրաժարական տալուց հետո, ունեցել եմ բազմաթիվ հանդիպումներ, քննարկումներ, այդ թվում կուտակային կենսաթոշակային համակարգի հետագա բարելավման վերաբերյալ:

Հաշվի առնելով, որ դեռևս ունենք հնարավորություն բարեփոխելու համակարգը, որը ընդունելի, ընկալելի և գրավիչ կլինի հանրության լայն հատվածի համար, միևնույն ժամանակ բարելավելով կայունությունն ու հուսալիությունը՝ ես պատրաստ եմ շարունակել նախարարի պաշտոնում իր գործունեությունը և այդ լիազորությունների շրջանակներում նախաձեռնել բարեփոխումների իրականացումը:

Գիտակցելով, որ կուտակայինի հարցի լուծման համար մենք չենք կարող տրամադրել երկար ժամանակ և մեծ ռեսուրսներ, քանի որ մնացած ոլորտների խնդիրները ոչ պակաս կարևոր են և հրատապ, հետևաբար, հարցի վերաբերյալ բարեփոխումները իրականացնելու են առավելագույնս սեղմ ժամկետներում, մասնավորապես, արդեն 1-2 շաբաթվա ընթացքում նախարարարության կողմից կներկայացվի օրենքի փոփոխությունների նախագիծ, որը կներկայացվի հանրային քննարկման, որից հետո կներկայացվի կառավարության քննարկմանը:

Մենք պատրաստվում ենք փոփոխությունները ներկայացնել խորհրդարանի հաստատմանը աշնանային նստաշրջանին՝ նպատակ ունենալով առաջարկվող փոփոխությունները ներդնել 2019թ հունվարի 1-ից:

Միևնույն ժամանակ, մեկ անգամ ևս ուզում եմ շեշտել, որ ինչպես այս մեկ ամսվա ընթացքում, առաջիկայում էլ չեմ պատրաստվում կենտրոնանալ այս խնդրի վրա և պատրաստ եմ ամբողջ ներուժս դնել ինձ վստահված լիազորությունների շրջանակներում իրականացնել արդյունավետ բարեփոխումներ»: