Արթուր Գրիգորյանը` Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար

14:55, 22 հունիսի, 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար է նշանակվել Արթուր Գրիգորյանը: 

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 733-Լ որոշման հավելվածի 18-րդ կետը՝ Արթուր Գրիգորյանին նշանակել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար»,- ասված է որոշման մեջ: 

Արթուր Գրիգորյանը «ԷկոԻրավունք» ՀԿ-ի նախագահն է:  

Ֆեսյբուք իր էջում Արթուր Գրիգորյանը գրել է. «Ժողովուրդ ջան, վարչապետի որոշմամբ նշանակվել եմ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար: Առաջարկը քննարկելիս մի քանի սկզբունքային հարցերի շուրջ կառավարության ներկայացուցիչների հետ եկել ենք ընդհանուր համաձայնության: Դրանցից ամենակարևորն այն է, որ տեսչական մարմնի գործունեությանը լիարժեք կերպով պետք է ներգրավված լինեն քաղաքացիկան հասարակությունը և մեդիան՝ ապահովելով ամենալայն թափանցիկություն: Հանրային քննարկումների արդյունքում պետք է մշակենք մեխանիզմներ, որոնց միջոցով քաղաքացիները մոբիլ և արդյունավետ կերպով կարող են ներգրավվել տարբեր խախտումների արձանագրման գործընթացին: Մի քանի իդեաներ ես արդեն ունեմ:

Նախնական տեղեկատվության համաձայն արել եմ տեսչական մարմնի խնդիրների որոշակի SWOT վերլուծություն և ուրվագծել առաջնահերթ անելիքների նախնական պատկեր. տեսչական մարմինն ունի լուրջ տեխնիկական ու կադրային խնդիրներ, որոնք պետք է հնարավորինս արագ լուծել:

Առաջիկայում պատրաստվում եմ հանդիպումներ կազմակերպել ոլորտին առնչակից տարբեր կազմակերպությունների և մասնագետների հետ: Ստեղծելու ենք ամուր ողնաշար ունեցող կառույց, որը երկու գերխնդիր է լուծելու ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ! վերջապես և կոռուպցիայի իսպառ վերացումը՝ մեր իրավազոությունների տակ եղած բոլոր մակարդակներում:

Կպանք գործի»: