ՀՀԿ անդամների թիվը՝ թավշյա հեղափոխությունից առաջ և հետո

18:46, 23 հունիսի, 2018

Այս տարվա մայիսից մինչ օրերս 2196 անձ դադարեցրել է անդամակցությունը Հայաստանի հանրապետական կուսակցությանը,  նույն ժամանակահատվածում 28 անձ անդամագրվել է ՀՀԿ-ին:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Ռուբեն Թադևոսյանին ուղղված «Հետք»-ի գրավոր հարցման պատասխանից:

Հունիսի 21-ի դրությամբ ՀՀԿ-ում հաշվառված է 152 հազար 975 անդամ: 2017թվականի մայիսի տվյալներով՝ ՀՀԿ ունեցել է 165 հազար 838 անդամ, ստացվում է՝ գրեթե մեկ տարվա կտրվածքով՝ կուսակցության անդամների թիվը պակասել է 12  հազար 863-ով:

«Իսկ նույն թվականի հոկտեմբեր ամսին իրականացված վերահաշվառման աշխատանքներից հետո ճշտված թվաքանակը դեկտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 154 հազար 22»,-ասված է հարցման պատասխանում:

Նախկին իշխող ուժի, այժմ ընդդիմադիր ՀՀԿ-ի խորհրդի կազմից որևէ նախկին պաշտոնյա անդամակցությունը դադարեցնելու դիմում չի ներկայացրել:

Գրավոր  հարցման տեքստում ուղարկել էինք մի քանի տասնյակ քաղաքական գործիչների աննուներ՝խնդրելով հայտնել, թե արդյոք վերջիններս կուսակցությունից անդամակցության դադարեցման դիմում ներկայացրե՞լ են, թե՞ ոչ:

Ըստ այդմ՝ Կարեն Կարապետյանի կառավարության որևէ ՀՀԿ-ական արդեն նախկին նախարար ՀՀԿ-ից դուրս գալու դիմում չի ներկայացրել: Նրանք են՝ Առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյան, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Վահան Մարտիրոսյան, Տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարար Սուրեն Կարայան, Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյան, Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյան, Գյուղատնտեսության նախկին նախարար Իգնատի Առաքելյան, Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյան, Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյան, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյան: Նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ևս շարունակում է ՀՀԿ անդամ լինել:

ՀՀԿ կանոնադրության համաձայն՝ խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են կուսակցության նախագահը, գործադիր մարմնի անդամները, կուսակցության անդամ պատգամավորները, կուսակցության անդամ կառավարության անդամները, տարածքային կազմակերպությունների խորհուրդների նախագահները, կուսակցության ոլորտային կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Խորհրդի անդամներից շարունակում են ՀՀԿ-ական մնալ գործարար պատգամավորներ Աշոտ Արսենյանը,  Հակոբ Բեգլարյանը, Նահապետ Գևորգյանը, Մուրադ Մուրադյանը, Արայիկ Գրիգորյանը, Վահան Հարությունյանը, Միհրան Պողոսյանը, Պաշտպանության նախկին փոխնախարարներ Արտակ Զաքարյանը և Արտակ Դավթյանը։

ՀՀԿ-ին շարունակում են անդամակցել առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանը, տարբեր պաշտոններ զբաղեցրած Երվանդ Զախարյանը, Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մարտին Սարգսյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը, Երևանի թիվ 11 դպրոցի նախկին տնօրեն Ռուզաննա Ազիզյանը, ում նկատմամբ հետախուզում է հայտարարվել, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդին՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Սարգսյանը և մի շարք այլ անձինք: Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը, Արման Սահակյանը, Արթուր Գևորգյանը, Շիրակ Թորոսյանը և Ֆելիքս Ցոլակյանն այժմ որևէ խմբակցությունում ընդգրկված չեն՝ հանդես են գալիս որպես անկախ պատգամավորներ:

ՀՀԿ անդամակցությունը դադարեցման դիմում է գրել Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը: Ըստ մեր հարցման պատասխանի՝ Սամուելյանը դիմում է գրել հունիսի 18-ին: Նա իր դիմումում որևէ պատճառաբանություն չի ներկայացրել: Նման կերպ ՀՀԿ անդամակցությունը դադարեցնելու դիմումներ են ներկայացրել նաև ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արթուր Գևորգյանը և Արման Սահակյանը,

ՀՀԿ գործադիր մարմնի անդամները՝ ստորև ներկայացված ինֆոգրաֆիկայի տեսքով:

Տվյալները՝ ՀՀԿ պաշտոնական կայքի:

Լուսանկարը՝ ապրիլի 22-ի՝ Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումից հետո