Վարչապետ Փաշինյանի աշխատակազմը կունենա տեղակայման երկու վայր. հարցը ներկայացված է նիստի օրակագում

13:20, 27 հունիսի, 2018

Կառավարության վաղվա՝ հունիսի 28-ի նիստի օրակարգում է Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի ներկայացրած վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը սահմանելու մասին որոշման նախագիծ: Այն չզեկուցվող է:

Որոշման տեքստում նշվում է, որ ըստ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի՝ վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը որոշում է Կառավարությունը, ուստի անհրաժեշտություն է առաջացել սահմանել վարչապետի աշխատակազմի գտնվելու վայրը: Ըստ այդ որոշման՝ վարչապետի աշխատակազմի գտնվելու վայրը երկուսն են՝ Մարշալ Բաղրամյան պողոտա 26 և Հանրապետության հրապարակ՝ Կառավարական տուն 1:

Նախագծի վերաբերյալ առաջարկներ և դիտողություններ չկան, Արդարադատության նախարարությունն իր եզրակացության մեջ գրել է, որ նախագիծը համապատասխանում է ՀՀ օրենսդրությանը:

Հիշեցնենք, որ վարչապետի երկու նստավայր ունենալու մասին ավելի վաղ հայտնել էր Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, երբ դեռ վարչապետի անունը հայտնի չէր: