Կալանքի տակ գտնվող Դոն Պիպոն իր դեմ նախապատրաստվող սպանության գործով առաջին նիստին չէր բերվել

17:53, 27 հունիսի, 2018

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի էջմիածնի նստավայրում այսօր մեկնարկեց քրեական աշխարհում «Դոն Պիպո» անունով հայտնի Արթուր Ասատրյանի, ինչպես նաև երկու այլ քրեական հեղինակությունների՝ «Զապ» մականունով հայտնի Անդրանիկ Սողոյանի և «Օշականցի Գևորիկ» մականունով հայտնի Գևորգ Մելիքյանի դեմ նախապատրաստվող սպանության գործով առաջին դատական նիստը:

Վերջիններս դատարանում չէին: Անդրանիկ Սողոյանն ու Գևորգ Մելիքյանը չէին ներկայացել, իսկ տուժողի կարգավիճակ ունեցող Ասատրյանն օրեր առաջ կալանավորվել է: Մեղադրվում է իր դեմ նախապատրաստվող սպանության գործով անցնող անձանցից երեքին՝ Արկադի Քոչինյանին, Արտակ Այվազյանին ու Վազգեն Ղազախեցյանին առևանգելու մեջ: Ասատրյանը ցանկություն չի՞ հայտնել դատարան ներկայանալու, թե՞ նրան չեն ներկայացրել, մեզ հայտնի չէ. դատարանում տուժողների չներկայանալու պատճառների վերաբերյալ տեղեկություններ չհրապարակվեցին:

Արթուր Ասատրյանի, Գևորգ Մելիքյանի և Անդրանիկ Սողոյանի դեմ նախապատրաստվող սպանության գործով ամբաստանյալները բերվել էին դատարան: Նրանցից միայն մեկի՝ Զոհրաբ Ղումաշյանի պաշտպաններն էին նիստին ներկայացել: Մյուսների պաշտպանները դատարան գրություն էին ուղարկել ու հայտնել, որ այլ ծանրաբեռնվածության պատճառով այսօրվա նիստին ներկայանալ չեն կարող:

Նման պայմաններում դատական նիստը հետաձգվեց, սակայն մինչ այս ամբաստանյալ Արկադի Քոչինյանը հայտարարեց, որ ինքը հրաժարվում է պաշտպան ունենալու իր իրավունքից ու դատարանին խնդրեց  գործի նյութերը տրամադրել իրեն, որպեսզի ծանոթանա դրանց: Մեղադրյալը նշեց, որ իրեն գործն ամբողջ ծավալով պետք չէ, և բավարար են միայն իր դեմ եղած նյութերը: Դատավոր Վահե Խալաթյանը տևական ժամանակ փորձում էր ամբաստանյալին բացատրել, որ իր համար դժվար կլինի միայնակ «գլուխ հանել» մեծածավալ գործի հատորներից, սակայն Քոչինյանը պնդեց, որ այս պահին հրաժարվում է իր պաշտպանից: Դատարանը, սակայն այս պահին գործի վարույթից չհեռացրեց Քոչինյանի հանրային պաշտպան Արմինե Ֆանյանին: Մեղադրող դատախազ Արամ Արամյանը հիշեցրեց, որ պաշտպանից հրաժարման հարցին  պետք է անդրադառնալ այդ պաշտպանի ներկայությամբ:

Հաջորդ դատական նիստը հուլիսի 20-ին է:

Հիշեցնենք, որ 2017թ. մայիսի 24-ին ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Էջմիածին քաղաքի բնակարաններից մեկից ձերբակալվել է 3 անձ, որոնք, ըստ ոստիկանության ունեցած օպերատիվ հետախուզական տեղեկությունների՝ նախապատրաստելիս են եղել սպանություն, և այդ նպատակով Էջմիածնում վարձել այն բնակարանը, որտեղից, ըստ ոստիկանության, իրենք հայտնաբերվել են: Երեք անձինք, ովքեր այս գործով ձերբակալվեցին, Արտակ Այվազյանը, Արկադի Քոչինյանն ու Վազգեն Ղազախեցյանն էին: Օրեր անց ձերբակալվեց նաև Զոհրաբ Ղումաշյանը: Վերջիններս հետագայում կալանավորվել են ու առ այսօր գտնվում են կալանքի տակ: Գործի նախաքննության սկզբնական փուլում նրանք մեղադրվում էին Արթուր Ասատրյանի սպանությունը նախապատրաստելու մեջ, սակայն նախաքննության ավարտին նրանց մեղադրանքը լրացվեց ու այժմ մեղադրվում են ոչ միայն Ասատրյանի, այլ նաև Գևորգ Մելիքյանի և  Անդրանիկ Սողոյանի դեմ սպանություն նախապատրաստելու մեջ:

Վերը նշված մեղադրյալների վերաբերյալ գործը ուղարկվել է դատարան, իսկ նրանցից երեքին առևանգելու վերաբերյալ գործի քննությունը դեռևս շարունակվում է: Հենց այս գործի շրջանակներում է, որ Դոն Պիպոն կալանավորվել է: