Ոստիկանապետը վստահեցնում է՝ Ալեքսանդր Սարգսյանի մոտ հայտնաբերված զենքերն օրինական են

11:59, 28 հունիսի, 2018

«Այսօրվա Հայաստանում եթե մարդ են ձերբակալում, ուրեմն դրա համար բավարար հիմքեր կան»։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին ձերբակալելուն: Օսիպյանի խոսքով՝ Նազիկ Ամիրյանի ցուցումով են ԵԿՄ շենքից մեքենաներով տեղափոխվել պահածոները:

«Այդպես է եղել, ես պնդում եմ, կան համապատասխան բացատրություններ, ցուցմունքներ, որտեղ հենց տիկին Նազիկի ցուցումով են փորձել տեղափոխել»,- ասաց ոստիկանապետը: Օսիպյանը վստահեցրեց, որ Ոստիկանությունն այն գերատեսչությունն է, որտեղ «պարտադիր պետք է լինի հիմք» որևէ գործողություն կատարելու համար։

Ինչ վերաբերում է նախկին նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին բերման ենթարկելուն, Օսիպյանն ասաց, որ ի սկզբանե ոստիկանությունում չեն իմացել՝ զենքն օրինական է, թե ոչ։

«Բայց այն, որ մենք տեղեկություն էինք ստացել, որ Ալեքսանդր Սարգսյանի մոտ և մեքենայի մեջ զենքեր կան, դա փաստ է»,- նշեց նա՝ ընդգծելով, որ այդ տեղեկությունը ստուգելու համար վերջինս բերման է ենթարկվել։

«Այո, զենքերն օրինական էին, և հիմա փորձագիտականում անցկացվում է համապատասխան փորձաքննություն»,- ասաց նա:

Հարցին՝ արդյոք Ալեքսանդր Սարգսյանին բերման ենթարկելուց հետո ստացե՞լ են զանգեր, ակնարկներ՝ նրան ազատ արձակելու համար, Վալերիյ Օսիպյանը պատասխանեց.

«Ես իմ գործառույթներն իրականացնում եմ ՀՀ Սահմանադրությանը համապատասխան ու Սահմանադրությունից բխող օրենքներին համապատասխան»:

Մեր դիտարկմանը, որ Երևանի ոստիկանապետի պաշտոնում Արտակ Պողոսյանի նշանակումը քննադատվում է, ոստիկանապետն անդրադարձավ Անի Գևորգյանի հայտարարությանը․

«Անի Գևորգյանի տրամադրած տեսանյութը ես ինքս ուսումնասիրել եմ, և տեսանյութում չկա որևէ դրվագ, որտեղ Արտակ Պողոսյանն ապտակում է, նա ընդհանրապես չի երևում, և այդ մասով ՀՔԾ-ն նախկինում վարույթ է ընդունել, գործ հարուցել ու դատարանն այն կարճել է»,- ասաց նա։