Կուրսանտի սպանության մեջ մեղադրվող Մովսես Ազարյանի պաշտպանը, հնարավոր է, այլևս չիրականացնի նրա պաշտպանությունը

15:49, 2 հուլիսի, 2018

Կուրսանտի սպանության գործով ամբաստանյալ Մովսես Ազարյանի պաշտպան Անահիտ Հովհաննիսյանը վատառողջ է, հնարավոր է, այլևս չիրականացնի վերջինիս պաշտպանությունը: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր հետաձգեց սպանության գործով դատական նիստը: Մովսես Ազարյանի պաշտպանությունը կստանձնի մեկ այլ պաշտպան, թե գործում արդեն իսկ ներգրավված պաշտպաններից որևէ մեկը` հստակ չէ: 

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանը սպանվել է 2015-ի հունվարի 29-ին: Այդ օրն առավոտյան նրա մարմինը  հայտնաբերվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի բակում՝ պտտաձողից կախված: Սպանության համար քննություն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Բարսեղյանի ծառայակից 4 կուրսանտի՝ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Նորիկ Սահակյանին և Գնել Թևոսյանին: Ըստ մեղադրանքի` ամբաստանյալները Հայկազին սպանել են, ապա ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար նրան տարել ու կախել են ինստիտուտի սպորտհրապարակից: 

Արդեն մի քանի դատական նիստ է` դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Հարությունյանի, հարցաքննում է սպանության գործով ամբաստանյալներին: Ամբաստանյալներից երեքի՝ Գնել Թևոսյանի, Վաչե Սահակյանի, Նորիկ Սահակյանի հարցաքննությունն արդեն ավարտվել է, և դատարանն այսօր պետք է հարցաքններ Մովսես Ազարյանին: 

Նշենք, որ Ազարյանի պաշտպան Անահիտ Հովհաննիսյանն արդեն  տևական ժամանակ առողջական խնդիրներ ունի, այդ պատճառով որոշ ժամանակ նիստեր չէին կայանում, սակայն վերջերս պաշտպանը դարձյալ ներկայանում էր դատարան: Դատավոր Դավիթ Հարությունյանը նշեց, պետք է քայլեր ձեռնարկել, որպեսզի նիստերը փաստաբանի առողջական խնդիրներով պայմանավորված` այլևս չհետաձգվեն: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 9-ին: