ՀՔԾ պետ․ «Ռոբերտ Քոչարյանն ու Սեյրան Օհանյանը ՀՔԾ են հրավիրվել վկայի կարգավիճակով»

13:42, 4 հուլիսի, 2018

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը 2008 թվականի Մարտի մեկի գործի շրջանակներում հարցաքննվել է որպես վկա։ Այս մասին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:

«Ես այս պահին չեմ ցանկանում նախաքննության գաղտնիք հրապարակել ու մեր հետագա քայլերի մասին խոսել, ինչպես մեկ շաբաթ առաջ ես ձեզ խոսք տվեցի՝ այն, ինչ կատարվում է քրեական գործերով, որոնք գտնվում են ՀՔԾ վարույթում, տվյալները կհրապարակվեն այն ծավալով, որը չի վնասի քննությանը»,- ասաց նա:

Հարցին՝ մտավախություն չկա՞, որ Միքայել Հարությունյանը և Ռոբերտ Քոչարյանը չեն ներկայանա հարցաքննության, քանի որ երկրում չեն, Սասուն Խաչատրյանն արձագանքեց. «Ես չեմ կարող գաղտնազերծել մեր գործողությունների հաջորդականությունը, դա քննչական տակտիկա է»:

Հարցին՝ Սերժ Սարգսյանը Մարտի մեկի գործով կհրավիրվի՞ հարցաքննության, ՀՔԾ պետն ասաց, որ չի բացահայտում իրենց գործողությունների հերթականությունը:

Ռոբերտ Քոչարյանը, ըստ Սասուն Խաչատրյանի, հարցաքննության է հրավիրվել վկայի կարգավիճակով։

Խաչատրյանի խոսքով՝ հարցաքննության են հրավիրվելու բոլոր նրանք, ովքեր կարող են որևէ տվյալ հայտնել Մարտի մեկի գործով։

«Որևէ կաշկանդվածություն՝ կապված անունների, զբաղեցրած պաշտոնների հետ, չկա», - ասաց նա: