Քայլ արա, մերժիր Իլհամին. նոր իրավիճակ Ադրբեջանում

15:30, 9 հուլիսի, 2018

Վերջին ժամանակներն Ադրբեջանում տարօրինակ իրադարձություններ են կատարվում` հոսանքազրկումներ, քաղաքական մահափորձեր, տեխնոլոգիական աղետներ, զինավարժություններ, որոնց արդյունքների մասին գնահատականները շատ զուսպ են: Ադրբեջանական մամուլում սկսել են ի հայտ գալ վերլուծություններ, որտեղ խորը մտահոգություններ են հայտնվում երկրի ապագայի հանդեպ:

Հայաստանում, իսկ ժամանակին նաև Վրաստանում, տեղի ունեցած հեղափոխություններն ու դրանց հաջորդած փոխակերպումներն իրենց ազդեցությունը կարող են ունենալ նաև Ադրբեջանի համար, որտեղ հանրության սոցիալական ու քաղաքական դժգոհություններն ուժգնանում են:

Հեղափոխությունները վարակիչ բնույթ ունեն, հատկապես, երբ դրանք համարվում են առաջադիմական: Ադրբեջանում հաստատված կոռուպցիոն իշխանությունը երկրի սոցիալական արդարության խնդրի լուծման հնարավորություն չի տալիս, իսկ աշխարհիկ ընդդիմությունը ի վիճակի չի քաղաքական մրցակցություն ապահովել:

Ադրբեջանի հանրությունը փոփոխությունն է տենչում, սակայն ինչպիսի՞ փոփոխություններ կարող են լինել իսլամական այդ երկրում, հիմնական հարցն է:

Ադրբեջանի քաղաքական ընդդիմության ջախջախիչ պարտությունն ուղի է բացում քաղաքական իսլամի համար, որը զարգացած սոցիալական հայեցակարգեր ունի: Սակայն Ադրբեջանի համար դա  ամենավտանգավոր զարգացումն է, որովհետև նա կարող է դառնալ իսլամական տարբեր ուղղությունների պայքարի թատերաբեմ: Իսլամական այս կամ այն ուղղվածություններն ունեն նաև էթնիկական ենթաշերտեր: Լեզգինների, ավարների, թաթերի, թալիշներ և մյուսների համար իսլամական ուղղվածություններն ունեն նաև էթնիկ նշանակություն, իսկ ադրբեջանցիների համար իսլամը ոչ թե միավորող, այլ տարանջատող գաղափար է, ի տարբերություն Իրանի, որտեղ շիականության միջոցով հաջողվել էր միավորել երկու հիմնական էթնոսներին` ադրբեջանցիներին ու պարսիկներին:

Իրանում իսլամական հեղափոխությունից հետո շիական սոցիալական հայեցակարգը լուրջ առաջընթաց է ապրել և ապացուցել, որ այն կենսունակ է: Սունիական իսլամական տեսությունները Թուրքիայում էլ են զարգանում, և նրանց մրցակցության պատմական թատերաբեմը հենց Ադրբեջանն է:

Թուրքիայում քեմալիզմի սրընթաց պարտությունը և Էրդողանի իսլամիզմի հաղթարշավը քաղաքական երկընտրանքի խնդիր է առաջացրել Ադրբեջանում, սակայն նման երկընտրանքն Ադրբեջանի համար կարող է մահացու լինել, հատկապես, երբ լիբերալիզմի պարտությունից հետո Ադրբեջանում միակ աշխարհիկ ընտրությունը ներկայիս կոռումպացված իշխանությունն է, որից հանրությունը հոգնել է: Սովետական շրջանում, ըստ պաշտոնական վիճակագրության, ադրբեջանցիների 80%-ից ավելին համարվում էր շիականներ, սակայն ներկայումս շիա-սունի հարաբերակցությունը համարվում է 40%-60%: 

Պատմական կարճ ակնարկ

Իրանի պետականության վերականգման գործում կենտրոնական դերակատարություն է ունեցել թյուրքական տարրը: XIV դարի սկզբին Սեֆյանների դինաստիան Պարսկաստանը վերամիավորեց հիմնականում թյուրքերից բաղկացած ղզլբաշների շիական միավորումների շնորհիվ: Շիականությունը ստեղծման օրվանից հակամարտության մեջ էր Օսմանյան Թուրքիայի հետ, որը հաճախ զուգայցվում էր բնակչության զանգվածային բնաջնջումներով` շիականներին` Թուրքիայում, սունիներին` Պարսկաստանում: Իրանի իսլամական հեղափոխության ժամանակ կենտրոնական դեր են խաղացել իրանական ադրբեջանցիները: Իրանական շիականության գաղափարի հիմնական կրողները նույնպես ադրբեջանցիներն են: Պատմականորեն հենց Ադրբեջանն է եղել քաղաքական շիականության պլացդարմը:

XX դարասկզբին Ադրբեջանը տատանվում էր երկու քաղաքական պրոյեկտների միջև, սակայն մի կողմից աշխարհիկ քեմալիզմի շնորհիվ, որի համար կարևոր էր էթնիկ ծագումը, մյուս կողմից` աշխարհիկ սովետական Ռուսաստանի շնորհիվ, որը սկզբնական շրջանում դաշնակցում էր Նոր Թուրքիայի հետ և դեմ էր կրոնապետությանը, Ադրբեջանը ընտրեց թյուրքիզմը` թեկուզ կոմունիստական փաթեթավորմամբ: Սակայն այդ ընտրությունը, իսլամիզմի առաջխաղացման դեպքում, հարցականի տակ է դրվում:

Օրերս Գյանջայում մահափորձ է կատարվել քաղաքի ղեկավար Էլմար Վելիևի նկատմամբ: Կատարողը համարվում է շիական ակտիվիստ Յունիս Սաֆարովը: Այս դեպքը Ադրբեջանում դիտվում է խորհրդանշական գործողություն, որը կարող է մի մեծ ընդհարման սկիզբ դառնալ:

Իսլամը` բաժանարար գործոնը

Իսլամիզմի գործոնի ուժեղացման պարագայում Ադրբեջանում` ըստ աշխարհընկալման, մի շարք մշակութաբանական իրարամերժ շերտեր են առաջանում.

Հետաքրքրական է ադրբեջանցի վերլուծաբանների այն տեսակետը, որ աշխարհիկությունը համարում են ռուսական ազդեցության հետևանք և Թուրքիայում քեմալիզմի պարտության հետևանքով որպես աշխարհիկության պաշտպան տեսնում են ոչ թե Արևմուտքին, այլ Ռուսաստանին:

Հետաքրքրական է նաև այն տեսակետը, որ սունիականությունը նույնպես հասարակության մի մասի համար միավորող գործոն չի համարվում, քանի որ լեզգիների և ավարների համար «թուրքական» սունիականությունը տարբերվում է այդ էթնոսների ավանդական սունիականությունից: Շիականների համար էլ կրոնական առաջնորդների կադրերի կորիզը ոչ թե ադրբեջանցիներն են, այլ թաթերն ու թալիշները:

Մի խոսքով` Ադրբեջանում հետաքրքիր զարգացումներ են սպասվում, որոնք կենսական են Հայաստանի համար: