Վալերիյ Օսիպյան․ «Այսօր այն իրավիճակը չէ, որ որևէ մեկը կարող է խուսափել պատասխանատվությունից»

13:31, 10 հուլիսի, 2018

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը վստահեցնում է՝ Հայաստանում որևէ մեկը չի կարող խուսափել պատասխանատվությունից: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Օսիպյանը։

«Այսօր այն իրավիճակը չէ, որ որևէ մեկը կարող է խուսափել պատասխանատվությունից, ով ուզում է լինի՝ այդ թվում ես, լինելով ոստիկանապետ, եթե որևէ հարցում այնպես չեմ գործել, ես ինքս պատասխանատվություն եմ կրելու»,- ասաց նա։

Անդրադառնալով նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր հետ կապված միջադեպին  և հարցին, թե ի՞նչ է անելու ոստիկանությունը, եթե Վլադիմիր Գասպարյանը փորձի միջամտել՝ Վալերիյ Օսիպյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ Վլադիմիր Գասպարյանը կմիջամտի այս հարցում»:

Ինչ վերաբերում է Մայր Աթոռում տեղի ունեցած միջադեպին, երբ կաթողիկոսի հրաժարականը պահանջող ակտիվիստները ներխուժել են դիվանատուն, Օսիպյանն ասաց․ «Չենք պատրաստվում այս պահին որևէ բան իրականացնել, ակցիայի շրջանակներում մասնակիցները իրենց պահում են օրենքին համապատասխան, ու որևէ հարց չկա միջամտության համար»: