Ապրող ուտոպիաներ՝ երեք արվեստագետների տարածություններում

12:23, 13 հուլիսի, 2018

Անուշ Քոչարյան

Հուլիսի 12-ին Նկարիչների միությունում բացվեց «Ապրող ուտոպիաներ» ցուցահանդեսը։

Երեք արվեստագետների՝ Սամվել Սաղաթելյանի,  ամերիկաբնակ Թինա Շաքարեանի եւ Վարդան Հարությունյանի համապաստախանաբար պատկերային, ինստալյացիոն եւ ձայնային համադրությունը տարածությունը վերածում է հետաքրքիր, բաց, ինչ-որ իմաստով խոցելի, ինչ-որ իմաստով` շերտային հարթության։

Այնքան էլ հեշտ չէ գրել այս տեսակ համադրության մասին, հատկապես, երբ չգիտես՝ արվեստագետը ստեղծե՞լ է ուտոպիայի շուրջ մտորելիս, թե՞ ստեղծածն արդեն ինքն է հարցադրում առաջացրել վերջինիս մոտ։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր տեքստը, եւ յուրաքանչյուրի տեքստը շատ տարբեր է, շատ ուրիշ. սրա շուրջ կարելի է խոսել։

«Իրական ու մեր երազներում ապրող հասարակության տարբերությունն այն է, որ իրականությունը տեղ է տալիս բոլոր տարրերին, որոնց ամեն մեկի գոյությունը բացառում է մյուսի ներկայությունը։ Իրական ուտոպիան այդ բոլորի միաժամանակյա ու չընդհատվող գոյությունն է ներդաշնակության ու խաղաղության մեջ»,- գրում է ցուցահանդեսի համադրող Էլլա Կանեգարիանն իր տեքստի վերջում։

Այս ցուցահանդեսի մասին զրուցելու նպատակով արվեստագետներ Սամվել Սաղաթելյանին, Թինա Շաքարեանին, Վարդան Հարությունյանին եւ համադրող Էլլա Կանեգարիանին հրավիրելու եմ կլոր սեղան հարցազրույցի: Մինչ այդ` ստորեւ երեքի տեքստը։

Սամվել Սաղաթելյան (տեքստ)

Սեւեռվածությունը. ծաղիկը

Ցուցահանդեսի լեյտմոտիվը ԾԱՂԻԿՆ է՝ որպես նախաստեղծ սուբստանցիա՝  առաջնային, ոչ ուտիլիտար, այլ ստեղծագործական էսթետիկայի մանիֆեստացիա, որպես ներքին ճանապարհ դեպի կատարելություն։

ԾԱՂԻԿԻ ակնհայտ էրոտիզմի ժխտումը կրոնական, սոցիումային, տարածական, ձայնային եւ ժամանակային սահմանափակումներով իրականում հաստատում է այն՝ որպես հեղափոխության եւ սիրո մանիֆեստացիա։

Ամենասկզբնային ՈՒՏՈՊԻԱՅԻ գաղափարը իր մեջ կրում է մեկ հատիկ ԾԱՂԻԿԸ՝ ստեղծագործական մղումով, որպես ճանապարհ, որը յուրաքանչյուրիս ներսում է աճում՝ ժխտելով միայն եւ միայն գոյատեւման վրա սեւեռման անխուսափելիությունը, մանիֆեստացնելով ՍԵՐԸ՝ որպես հենց նույն գոյատեւման միակ եւ անժխտելի պայմանը։

Թինա Շաքարեան (տեքստ)

«Քշոց», «Էուտոպիա աիպ» եւ «Էուտոպիա եւ օ ֆէ» (2018) պարունակում են ձեւի, շարժման եւ լույսի հարաբերական պոետիկան։

Ռեֆլեկտիվ ու լուսանցիկ, բայց միաժամանակ պինդ ձեւերը պահպանում են լույսի շարժման եւ տեղաշարժման, դրա վերջնական տեղակայման բոլոր հատկությունները՝ նյութական եւ ոչ։

Ստեղծված փոփոխվող ձայնը խաղում է զգայարանների հետ ու կպնում հոգու ամենախորը կետերին։

Այս քանդակային ֆորմաներն ու դրանց արանքում ընկած տարածությունները կապակցում են բախման վայրերը՝ ստեղծելով ձայնի եւ հպման հավասար ու համահուն պատկեր։ Լույսն ու պրոեկցիաները ներարկում են իրենց կողմից թելադրված ձեւերի ու ներկայության զգացումը, կենսական լուսավորություն ու գույներ, որոնք հաստատում են ուտոպիայի ներդաշնակությունը։

Գործածելով լույսն ու ռեֆլեկտիվ նյութերը՝  այս ինստալացիան հղում է ուտոպիական գաղափարի նրբություններին ու բարդություններին․․․ Տեսնելու միջանկյալը, տեսնելու ներսը եւ տեսնելու այն կողմ։ Տեսնելու այն, ինչ իներտ ծավալներից այն կողմ է, փոխկապակցվածություն, որտեղ առօրեականությունը դառնում է թանկարժեք, ու մայր լեզուն շնչում է նորովի, ու որտեղ իրար են հանդիպում սուբյեկտիվը՝ հասարակականի հետ։

Վարդան Հարությունյան (տեքստ)

Մոլեկուլների ու ձեւերի գոյությունը եւ նրանց տատանումը տարածության ու ժամանակի մեջ ձեւավորում են իրականն ու ոչ իրականը (ուտոպիան)։ Ձայնը վիբրացիայի դաշտ է, որը կարելի է լսել կամ զգալ։ Այն շարժում են ձգողականությունն ու էնտրոպիան։ Այն տարածքում, որտեղ բոլորը բախվում են ու միանում, վիբրացիայի դաշտը ստեղծում է մարող գիծ, որն անդադար լռություն է փնտրում՝ երբեք դրան չհասնելով։ Բայց որոշակի պահերի միացման շնորհիվ ցանկացած երեւույթ կարղ է ծորալ իրականության սահմաններից։

Երբեմն իրականը գերազանցում է իրականության սահմանները։ Երկակիությունը գոյություն ունի հիմնականում ամեն ինչի մեջ, եւ տարբեր հարթությունների փոխազդեցությունները ստեղծում են երրորդ հարթություն։ Տարածության մեջ ձայնային վիբրացիաների տարբեր հաճախականությունները միաձուլվում  ու դառնում են աղմուկ՝ մի դաշտ, որը մեր զգայարանների ընկալումից վեր է։

Կախված իրադրությունից՝ որոշ տատանումներ կարող են ուժեղանալ։ Այս տատանումները դառնում են դոմինանտ ու ստեղծում այն իրականությունը, որը մենք գիտենք։ Փոփոխություններ փնտրելն ու դրանք ակտիվացնելը նշանակում է նոր հարթություն փնտրել։

ՀԳՑուցահանդեսի համադրողներ՝ Գայանե Դավթյան, Էլլա Կանեգարիան։, ձեւավորումը՝ Նունե Խուդավերդյանի։

Կազմակերպիչ՝ ART PR ընկերություն։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչ հուլիսի 17-ը։