Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի փորձնակներին

12:43, 14 հուլիսի, 2018

Հուլիսի 14-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել էԱմերիկայի հայկական համագումարի մի խումբ փորձնակների՝ կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

ԱԳՆ ղեկավարն ընդգծել է արցախյան կողմի շահագրգռվածությունը՝ հայկական սփյուռքի անդամների կողմից Արցախ այցելություններում՝ հանրապետության մասին անկողմնակալ պատկերացում կազմելու, նոր գիտելիքներով հարստանալու և հետագայում միջազգային ասպարեզում Արցախի շահերի պաշտպանության գործում դրանք կիրառելու տեսանկյունից։

Արտաքին գործերի նախարարը նաև պատասխանել է մասնակիցների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին տարածաշրջանային գործընթացներին, Արցախի արտաքին քաղաքական օրակարգի գերակա ուղղություններին, այդ թվում՝ Արցախի և հայկական սփյուռքի միջև համագործակցության ամրապնդման ուղղությամբ իշխանությունների ջանքերին։