Պիեռ-Սիմոն Գյութման. «Ամենակարևորը կինոյում մտածել սովորեցնելն է»

19:56, 14 հուլիսի, 2018

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում զրուցեցինք ժյուրիի անդամներից մեկի՝ կինոքննադատ Պիեռ-Սիմոն Գյութմանի հետ, որը դասավանդել է Ֆրանսիական Փարիզ 7, Նենսի 2 համալսարաններում, շարունակում է միզանսցեն դասավանդել Փարիզի և Բրյուսելի կինոյի բարձրագույն դպրոցում, ֆրանսիական «l’Avant-Scène Cinéma» կինոպարբերականի խմբագիրներից է, ինչպես նաև Կաննի կինոփառատոնի քննադատության շաբաթի (la Semaine de la Critique) երկարամետրաժ ֆիլմերի ընտրության կոմիտեի անդամ է։

Առաջին անգամ եք Հայաստանում, ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները, վստահ եմ` կրկնվող հարց է, պարզապես փորձենք ամփոփել Ձեր ճանապարհորդությունը դեպի Հայաստան։

Ցավոք, շատ քիչ վայելեցի Երևանը, ավելի քիչ, քան կուզենայի (ջերմաստիճանի պատճառով իհարկե), կեսօրից հետո չհասցրի քայլել այնքան, որքան ցանկություն ունեի, քաղաքը վայելեցի միայն գիշերով։ Կարող եմ փաստել մի շատ հետաքրքիր ու տարօրինակ բան․ Երևանը մեծ քաղաք չէ, առհասարակ Հայաստանը փոքր երկիր է, բայց հայ մշակույթն ապահովում է իր ներկայությունը աշխարհում գրեթե ամեն տեղ, ձեր մշակույթի մասին ամենուր խոսում են նաև սփյուռքի շնորհիվ, և, զարմանալի է, որ այդ փոքրիկ երկիրը կարողանում է դրսում ազդեցություն ունենալ։ Իհարկե կրկնվում եմ, բայց Ազնավուրը, Système of a down-ը, Տիգրան Համասյանը և այլք, որը դրսում, որը ներսում ծնված լինելով, կարողանում են հեռու գնալ, ինչը միանշանակ ապշեցնող է ու տպավորիչ։

«Ոսկե ծիրան» համտեսեցի՞ք:

Այո (ծիծաղում է), շատ համեղ էր, իսկապես համեղ էր։

Արդեն Երևանու՞մ էիք Վարդավառի օրը, ինչպես ասում են «ջուր ցողելու» տոնին։

Այո Երևանում էի, ասեմ, որ ինձ էլ հասցրին ջրել ու խոստովանեմ, որ գոհ էի, քանի որ շատ շոգ էր։ Ինձ բացատրեցին, որ նախաքրիստոնեական տոն է, շատ զվարճալի ու միևնույն ժամանակ խորհրդանշական տոն է ըստ իս։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի 15-րդ տարեդարձն է, և այս տարեդարձը մենք նշում ենք բոլորովին այլ իրավիճակում, կարծում եմ կռահում եք՝ խոսքը հեղափոխության մասին է, գուցե մի քիչ սադրող հարց է, բայց ըստ Ձեզ` արդյո՞ք մենք ունենք հեղափոխության կարիք կինոյի ասպարեզում, կա՞ որևէ ակնհայտ բաց, որն ըստ ձեզ պետք է լրացվի հայկական կինոարտադրության մեջ։

Կարծում եմ ռադիկալության պակաս կա, քիչ ավելի սուր պետք է լինել ասելիքում, ինքնատիպ լինելու խնդիր կա, կարող ենք համեմատել երաժշտության հետ, օրինակ հայկական ջազը արդեն ունի իր ուրույն տեղը երաժշտության մեջ, տեսանելի են այդ հաջողությունները, այսինքն այդ ռադիկալության պակասն, այնուամենայնիվ նկատվում է, կինոասպարեզում հաստատվելու, սեփական ոճը, ասելիքը հարկադրելու պակասն իսկապես զգացվում է, բայց հասկանում եմ, որ ինչ-որ տեղ ֆինանսավորման խնդիր կա։ Ես լսեցի վարչապետի խոսքը փառատոնի բացման օրն այն մասին, որ պատրաստվում է օգնել կինոգործիչներին, թեպետ ինձ համար զարմանալի էր, որ չնայած նրան, որ դահլիճում  նա ներկա էր, մենք վիդեոյով էինք լսում իր խոսքը, ինչևէ, իհարկե ֆինանսավորման խնդիրն ակնհայտ է, և հուսանք, որ այդպիսի աջակցություն կլինի հայ կինոգործիչներին։ Բոլորս ճանաչում ենք Փարաջանովին, հուսանք ամեն ինչ դեռ առջևում է․․․

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի նշանաբանը «քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ»- ն է։ Ինչքանո՞վ է կինոն արժևորում այդ մշակութային հանդիպումները, ի՞նչ կարող է այն փոխել թե պրոֆեսիոնալ հարթությունում և թե դիտորդների տեսանկյունից, որոնք միևնույն մշակույթից չեն սերում։

Փառատոնը ինչ-որ առումով կարող է նպաստել այդ մշակութային երկխոսությանը, կինոն, վստահ չեմ։ Կինոն պետք է անցնի, կարողանա հաղթահարել մշակութային խոչընդոտները, ավելի հետաքրքիր է, երբ օրինակ ամերիկացի ռեժիսորը ֆիլմ է նկարահանում ասենք Ճապոնական մշակույթի մասին, մյուս կողմից, եթե կինոռեժիսորը կարողանում է իր մշակույթը փոխանցել կինոյի միջոցով և գրավել հանդիսատեսին, ուրեմն ֆիլմն իսկապես հաջողված է բոլոր առումներով՝ սցենար, դերասանական կազմ և այլն։

Խոսենք ձեր փորձի մասին՝ իբրև կինոքննադատ, դուք նաև դասավանդում եք։ Բացի տաղանդից, պարզապես ցանկությունից կինոասպարեզ մտնելու, իհարկե շատ բան պետք է նախապես սովորել, իմանալ կինոյի պատմությունը, պատկերացնել թեորիան, իսկ հետո նաև փորձ ձեռք բերել կինոարտադրության մեջ (իհարկե, եթե կա այդպիսի ցանկություն), որո՞նք են առաջին կարևոր խորհուրդները, որ կտայիք սկսնակին։

Ամենակարևորն այն է, որ ի սկզբանե հասկանան, թե կինոասպարեզում որտեղ են ուզում լինել, ով են ուզում լինել՝ ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և այլն․․․անկախ ամեն ինչից, ես առաջին հերթին խորհուրդ կտամ ունենալ հստակ կառուցողական ծրագիր. որտեղի՞ց ես սկսում, ու՞ր ես գնում, գործողությունների հստակ շղթա, այլապես կխճճվես։ Ես միզանսցեն եմ դասավանդում ու կարող եմ խոսել հենց կինոռեժիսուրայի տեսանկյունից։ Պետք է պարզապես լինել հնարավորինս ճշգրիտ թե՛ ասելիքում, թե գործելաոճում, թե՛ նկարահանման հրապարակում։ Այսպես, թե այնպես ընթացքում շատ բաներ չեն համընկնելու։ Երիտասարդները պետք է կարողանան ունենալ հստակ ուղղվածություն, հետագայում, երբ կլինեն ճանաչված կամ ավելի հաջողակ, կարող են իրենց թույլ տալ լինել ավելի ազատ, սկզբի համար շատ կարևոր է կոնկրետությունը։ Խորհուրդ կտամ նաև հնարավորինս շատ ֆիլմեր դիտել, ճանաչել կինոն, որովհետև հետո ժամանակ պարզապես չեն ունենալու։ Եվ վերջում՝ ամենակարևորը նրանց կինոյում մտածել սովորեցնելն է, ինչ են ուզում լինել, ինչ են ուզում անել, մնացածը ժամանակի խնդիր է։

Մինչև ամերիկյան կինոյի մասին թեզ պաշտպանելը, դուք ուսանել եք գրականություն, և կարծում եմ կհամաձայնեք, որ կինոքննադատությունը գրականության մեջ իր առանձին տեղն ունի։ Երբ դուք քննադատական տեքստ եք գրում այս կամ այն ֆիլմի մասին, ո՞րն է ձեր աշխատելու մեթոդը, որտեղի՞ց եք սկսում, ինչքա՞ն ժամանակ է ձեզանից պահանջվում այս կամ այն ֆիլմը վերլուծելը։

Օրինակ իմ ընկերները ավելի ազատ են թողնում իրենց գրչին, ավելի ինքնաբուխ է նրանց ոճը, եթե կարելի է այդպես ասել, ես ի սկզբանե պետք է ունենամ պլան, այլապես աշխատել չեմ կարողանա, ասելիքս պիտի լինի հստակ, ունենա շեշտադրումներ, որ վերլուծությունն իր առջև դրված խնդիրները լուծի, պետք է նախապես իմանամ՝ ուր եմ գնում, ինչը, կարծում եմ, նաև իմ ակադեմիական կրթությունից է։ Ինձ համար կարևորն այն է, թե ինչ եմ ուզում ասել, ոճն այսպես թե այնպես ինքնըստինքյան կհետևի տեքստին։ Որոշ կինոքննադատների համար կարևորը տեքստի  գեղարվեստական կողմն է, ինձ համար՝ ասելիքի կոնկրետությունն է։

Կա՞ մի ֆիլմ, որն այս փառատոնի ընթացքում հասցրել է դառնալ Ձեր ամենասիրելին։

Հասցրի տեսնել հաջողված ֆիլմեր, բայց չեմ կարող ասել, որ որևէ մեկը դարձավ ամենասիրելին։ Շատ հավանեցի Վալերի Մասադյանի «Միլա» ֆիլմը, իսկ քանի որ ես ժյուրիի անդամ եմ, դեռևս չէի ուզի խոսել մրցող ֆիլմերի մասին։

Որպես ժյուրիի անդամ ի՞նչ չափանիշներով եք առաջնորդվում Ձեր ընտրությունը կատարելիս։

Մի շատ կարևոր բան կա, որ ինձ սովորեցրել են՝ առաջնորդվել ոչ թե սեփական սպասելիքներով, այլ  հասկանալ, թե ուր է ուզում հասնել այս կամ այն ֆիլմը, ինչ է ուզում լինել, ոչ մի դեպքում չեմ կարող իմ ճաշակով առաջնորդվել։

Դուք Ձեզ համարում եք չակերտավոր ասված «չար, թե՞ բարի» կինոքննադատ, արդյո՞ք պատրաստվում եք քննադատական հոդված գրել փառատոնին մասնակցող որևէ ֆիլմի մասին։

Առաջ ինձ ավելի քննադատ էի համարում, երիտասարդ տարիքում նաև «չար կինոքննադատ էի», իհարկե այդպիսի քննադատությունը պարզապես իդեալիզմի ձգտում է, հիմա հիմնականում վերլուծում եմ ֆիլմը, ավելի պրագմատիկ եմ, իսկ այս փառատոնի հետ կապված պատրաստվում  եմ գրել, միայն թե ոչ թե առանձին ֆիլմի մասին, այլ հենց փառատոնի, բնականաբար ֆիլմերը համեմատելով, փառատոնների դեպքում կարծում եմ՝ դա ավելի հետաքրքիր է։

Ի՞նչ ազդեցություն ունի կինոքննադատությունը ֆիլմի հաջողության համար։

Հիմա կինոն ավելի քիչ է կախված կինոքննադատությունից, տպավորություն է, որ նույնիսկ կարիքը չունի։

Եվ վերջում, հետևու՞մ էիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը․․․

Այո, իհարկե․․.

Վստահաբար ֆրանսիացիների կողմից եք։

Իհարկե, Խորվաթիայի կողմից չէի լինի, բայց լավ է, որ Անգլիան չանցավ եզրափակիչ, այլապես Փարիզում Բրեքսիթից հետո աղմուկը շատ կլիներ, իհարկե չափազանցնում եմ (ծիծաղում է)։

զրուցեց Ծովինար Բանուչյանը

լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի