Գյուղացիները ծեծել են «Դիլիջան ազգային պարկ»-ը հսկող բնապահպաններին

13:29, 19 հուլիսի, 2018

Երեկ երեկոյան Հաղարծին գյուղի բնակիչները ծեծի են ենթարկել «Բնապահպանի տուն» նախաձեռնության չորս անդամների, ովքեր մի քանի ամիս հսկում են «Դիլիջան ազգային պարկի» տարածքն ու կանխարգելում ապօրինի ծառահատումները։

«Հետք»-ի հետ զրույցում նախաձեռնության ղեկավար Գոռ Հովհաննիսյանը վստահեցրեց, որ տղաներին ծեծել են իրենց գործունեության պատճառով, քանի որ նման հսկողության պարագայում գյուղացիները չեն կարողանում հեշտությամբ ծառահատում իրականացնել։

Գոռը պատմեց, որ երեկոյան, երբ տղաները Հաղարծին գյուղով «Բնապահպանի տուն» բարձրանալիս են եղել, գյուղից տարեց մի կին տղաներին հարցրել է, թե ինչ գործունեություն են ծավալում ազգային պարկում․

«Իջնելուց առաջ չեն էլ ցանկացել գյուղ մտնել, որովհետև մի քիչ վտանգավոր է․ անընդհատ հայհոյանքներ է հնչում նրանց հետևից, ծաղրանքներ և այլն, բայց ստիպված են եղել, որովհետև մեքենան նրանց էդտեղից պետք է վերցներ։ Մի կին նրանց հարցեր է տվել։ Մենք տղաներին սովորեցրել ենք ստանդարտ պատասխաններ, թե մարդկանց ոնց պետք է բացատրեն՝ մենք ինչ գործ ենք անում, հասկացնենք, որ մենք նրանց դեմ չենք։ Մեր մասին ինչ ստեր ասես, ասում են՝ մի քանի հոգի ընդհուպ մինչև ազգային պարկի որոշ շատ կարևոր դիրք ունեցող աշխատակիցներ։ Որովհետև իրանց ձեռնտու չէ մենակ աշխատավարձով ապրելը, ծառ պետք է ծախեն»,- ասում է Գոռ Հովհաննիսյանը։

Գոռի փոխանցմամբ՝ տղաները իրենց դիմած կնոջը բացատրել են իրենց գործունեության մասին, այնուհետեւ մոտեցել են գյուղից մի քանի տղամարդ, ովքեր սկսել են ագրեսիվ տոնով, վիրավորանքներով խոսել, ապա հայհոյել բնապահպաններին։ Դրանից հետո բնապահպանների և գյուղացիների միջև քաշքշոց է սկսվել։ Բնապահպան տղաներից մեկը ընկերոջը հորդորել է գնալ այն կողմ և զանգահարել վերևում գտնվող ընկերներին ու օգնության կանչել։ Մինչ այդ տղան զանգահարել և օգնության է կանչել, Գոռի ասելով՝ երեսունից ավելի գյուղացիներ բնապահպան երկու տղաներին գցել են գետնին և սկսել ոտքերով հարվածել։ Տղաները կապտուկներ և մարմնի տարբեր հատվածներում այտուցներ են ստացել։ Տղաները Գոռին ասել են, որ անգամ գյուղացիներին հարվածներ հասցնելու ժամանակ չեն ունեցել, միայն փորձել են սողեսող փախչել։ Տղաներին գյուղացիները նաև ծեծել են ոստիկանների ներկայությամբ, ովքեր ժամանել էին գյուղ ստեղծված իրավիճակը կարգավոելու համար: 

Գոռը ծիծաղելի է համարում գյուղացիների այն պարզաբանումը, թե բնապահպաններին ծեծել են, քանի որ տեսել են, թե ինչպես են նրանք ծեծում գյուղի 90-ամյա մի կնոջ՝ կոտրելով նրա ոտքը։ Գոռը բժշկից պարզել է, որ կնոջ ոտքը չի կոտրվել, իսկ վնասվածքներն էլ հավանաբար ստացել է տղաների ծեծկռտուքը բաժանելու ընթացքում․

«Այն տղաները, ովքեր ցույցերի ժամանակ ոստիկանների կողմից բազմիցս ձերբակալվել են, ծեծ են կերել, մարդիկ, ովքեր Ռուսաստանի Դաշնությունում իրենց լավ գործերը թողել, եկել են Հայաստան, որպեսզի ինչ-որ բան փոխեն, հիմա դառնում են գյուղացիների դեմ ազգի դավաճան, տատի ծեծող, ոտք ջարդող»։

Գոռն ասում է՝ իրականությունն այն է, որ ինչ սկսել են գործունեություն ծավալել «Դիլիջան ազգային պարկ»-ում, գյուղացիները չեն կարողանում ծառ գողանալ, կամ հասցնում են մի ծառ կտրել ու տանել, հաճախ դա էլ չեն հասցնում։ Գոռը վերջերս զանգ է ստացել գյուղի տղաներից մեկից, ով նրան ասել է․

«Ես սաղ գյուղին կհանեմ ձեր դեմ, սպասեք, տեսեք՝ ոնց ենք ձեզ ստեղից ռադ անում։ Հիմա այդ պրոցեսն է սկսվել»,- ասում է Գոռը։

Գոռ Հովհաննիսյանը զգուշացնում է, որ իրենց նախաձեռնության անդամների հանդեպ արված ցանկացած ոտնձգություն անպատասխան չի մնալու։

Լուսանկարներում ծեծի ենթարկված բնապահպաններից երկուսն են