Դալարիկի համայնքապետը լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

16:57, 19 հուլիսի, 2018

Երեկ լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում է ներկայացրել Արմավիրի մարզի Դալարիկի համայնքապետ Պարգև Սաղաթելյանը: Վերջինս «Հետք»-ին տեղեկացրեց, որ առողջական վիճակը լավ չէ և գնալու է բուժման: Պարգև Սաղաթելյանն ասաց, որ ավագանին արդեն հավանություն տվել է համայնքապետի լիազորությունների դադարեցմանը:

Նշենք, որ Պարգև Սաղաթելյանը Հանրապետական կուսակցության անդամ է: Դալարիկի համայնքապետի պաշտոնը զբաղեցնում է 19 տարի՝ 1999 թվականից:

Մեր տեղեկություններով համայնքապետի լիազորություններից հրաժարվելն ամենևին այլ պատճառներ ունի: Տեղեկացրել էինք, որ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը այսօր Դալարիկ համայնքում իրավական և մասնագիտական հսկողություն իրականացնելու մասին որոշում էր ընդունել: Մարզպետարանից տեղեկացրել էին, որ մինչ այդ Դալարիկ համայնքի բնակիչը համայնքապետի գործունեության վերաբերյալ բողոք-նամակ է հասցեագրել վարչապետին: Նամակի առնչությամբ տարածքային կառավարման և զարգացման նախարարը հանձնարարականէ տվել՝ հարցը քննարկելու, դիմումատուին պատասխանելու և անհրաժեշտության դեպքում իրավապահ մարմիններին դիմելու վերաբերյալ: Մարզպետը ստացել է նախարարի համաձայնությունը, և համայնքապետարանում ստուգումներ են իրականացվել:

Ստուգումներն արդեն ավարտվել են, և համայնքապետի դիմումը կապված է նաև ստուգման արդյունքների հետ: Երբ այդ մասին հետաքրքրվեցինք Պարգև Սաղաթելյանից, հարցը լսելուց հետո նա անջատեց հեռախոսը:

Դալարիկ համայնքում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքներին կանդրադառնանք առաջիկայում: