«Ցմահների խնդիրը» և դրա լուծումը

16:14, 21 հուլիսի, 2018

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

«Ցմահների խնդիրը» նախկին իշխանություններից «ժառանգություն» մնացած տաբու է՝ փակ թեմա: Մինչ այս բազմաչարչար խնդրի բուն իրավական կողմը կետ առ կետ ներկայացնելը, հակիրճ կգրեմ խտրական վերաբերմունքի մասին:

Քանի որ նախկին իշխանությունն, ինչպես ներկայումս ընթացող բացահայտումներն են ցույց տալիս, իր էությամբ եղել է հանցավոր, ակնհայտ է, որ արդարադատության իրականացման հարցում նույնպես արտահայտվել է այդ հանցավոր մոտեցումը: Բազմաթիվ հանցագործություններ, երբ քիչ թե շատ մեծ շահեր էին բախվում, գործին խառնված էին լինում իշխանության հետ այս կամ այն կերպ կապ ունեցողներ, ապա, թերևս, միտումնավոր չէին բացահատվում այդպիսի գործերը, քանի որ իրական հանցագործները կամ իշխանության ներկայացուցիչներ էին կամ մեծ գումարներ, իշխանական կապեր ունեցողներ: Եթե նույնիսկ նմանները հայտնվում էին ազատազրկման վայրերում, ապա կարճ ժամանակ անց համաներման, ներման, պայմանական վաղաժամկետ ազատման միջոցով վերադառնում էին ազատություն: Եվ ունեինք ճիշտ հակառակ տեսարանը. եթե տուժող կողմը  նախկին իշխանությունների բարեհաճությունն էր վայելում, ապա հանցանք կատարածին սպասում էր ոչ թե համարժեք պատիժ, այլ վրեժխնդրություն`ծայրագույն պատիժ: Իսկ հաճախ էլ, որպեսզի մի կողմից գործը համարեն փակված, մյուս կողմից էլ տուժողին բավարարեն` դատապարտում էին պարզապես անմեղ մեկին, ով ո՛չ գումար ուներ և ո՛չ էլ իշխանական կապեր: Հենց այսպիսի «արդարադատության» օրոք էլ  3 միլիոն ազգաբնակչություն ունեցող, հանցավորության ցածր մակարդակ ունեցող Հայաստանում մահապատժի, ապա ցմահ ազատազրկման դատապարտյալների թիվը 2010-ին գերազանցեց 100-ը: Հիմա 95-նն են: Թիվը պակասում է, քանի որ ոմանք մահանում են, պայմանական ազատվողներ չկան: Ազատվել է միայն Սողոմոնը այն էլ՝ ծանր հիվանդության հիմքով:

Համեմատության համար կուրսային աշխատանքիցս մեջբերեմ հետևյալ թվերը. մեր երկրի չափ բնակչություն ունեցող երկրներից Էստոնիայում ցմահ ազատազրկվածները 6-ն են, 38 միլիոն բնակչությամբ Լեհաստանում`200 ցմահական կա:

Ինչպե՞ս է ստացվել, որ Հայաստանում այդքան հաճախ է կիրառվել մահապատիժ-ցմահ ազատազրկում պատժատեսակը, երբ հանցավորության մակարդակը մեզ մոտ ցածր է: Պարզապես նախկին իշխանությունները կամ գործերի բացահայտման ցուցանիշի՝ պլան ասվածի վրա էին աշխատում, այսինքն՝ քանակի, ոչ թե որակի կամ դատարանները դարձել էին զուտ իշխանության բարեհաճությունը վայելող տուժողների համար պետության անունից վրեժխնդրության գործիք:

Օրինակ՝ Իսպանիան, Պորտուգալիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Խորվաթիան, Սլովենիան,  հրաժարվելով մահապատժից, հրաժարվեցին նաև ցմահ ազատազրկում պատժատեսակից: Մահապատժից հրաժարվելու հիմնական պատճառն այն է, որ ոչ մի, նույնիսկ ամենակատարյալ դատական համակարգը, չի կարող զերծ մնալ դատական սխալներից, որոնք մահապատժի պարագայում անդառնալի են: Հրաժարվելով մահապատժից՝ պետությունները ստեղծում են նաև գործուն մեխանիզմներ այդ դատական սխալները հայտնաբերելու և ուղղելու համար:

Ավստրիայում, Շվեդիայում, Բոսնիայում, Գերմանիայում, եթե չի լրացել անձի 21 տարեկանը, ապա նրան արգելված է ցմահ ազատազրկման դատապարտել: Ֆինլանդիայում, եթե հանցագործության կատարման պահին լրացած չի եղել անձի 21 տարին և նա դատապարտվել է ցմահ ազատազրկման, ապա նա, ի տարբերություն այլոց, պայմանական վաղաժամկետ կարող է ազատվել ոչ թե 20, այլ 10 տարի անց: Բելգիայում անկախ հանցագործության կատարման տարիքի, եթե անձն առաջին անգամ է կատարել հանցանք, և ցմահ է ազատազրկվել, ապա պայմանական կարող է ազատվել 10 տարի անց, իսկ այլ դեպքերում`20: Ցմահ ազատազրկման պարագայում պայմանական վաղաժամկետ ազատման շեմը ոչ ամեն տեղ է 20 տարին, օրինակ`Անգլիայում`14, Շվեդիայում`9, Ֆինլանդիայում`10-15, Դանիայում`12 տարի պատիժ կրելուց հետո ցմահ ազատազրկվածը կարող է պայամանական ազատվել: Այսպիսով`մարդուն ցմահ ազատազրկման դատապարտելիս հաշվի են առնվում անձի տարիքը, դատվածությունների քանակը, հանցագործության ծանրությունը, սպանությունների թիվը, հանցանք կատարածի անձնավորությունը:

Հիմա լուծումների մասին

1․ 2003թ. օգոստոսի 1-ին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի  հրամանագրերով այն ժամանակ դեռ ողջ մնացած 42 մահապատժի դատապարտվածներին (այժմ 35-նն են) ցմահ ազատազրկման դատապարտելը ոչ օրինաչափ էր և հակասահմանադրական: Նախ`նախագահն իրավունք չուներ պատիժ նշանակելու, քանի որ Հանրապետությունում Սահմանադրության համաձայն, դա միայն դատարանի գործառույթն է: Երկրորդ`ընդհուպ մինչև օգոստոսի 1-ը գործող 1961 թ-ի քրեական օրենսգրքի 23-րդ հոդվածի  համաձայն, մեջբերում`«մահապատիժը ներման կարգով ազատազրկմամբ փոխարինելու դեպքում այն կարող էր նշանակվել նաև ավելի քան տասնհինգ տարի, բայց քսան տարուց ոչ ավելի ժամանակով»: Բայց մեկ օրում 42 մահապատժի դատապարտվածները դարձան ցմահ բանտարկյալներ:

Այս հարցը լուծում կարող է ստանալ` Մարդու իրավունքների պաշտպանի, կամ մի խումբ ԱԺ պատգամավորների կողմից Սահմանադրական դատարանում մահապատժի դատապարտվածների նկատմամբ Ռ.Քոչարյանի ՆՀ-103Ա հրամանագրերի հակասահմանադրականությունը վիճարկելու միջոցով:

2․ 2011թ-ի մայիսին քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններից հետո, այն է` ազատազրկման տեսքով 15 տարվա շեմը բարձրացնելով մինչև 20 տարի` ցմահ ազատազրկումների թիվը կանգնել է: Այդ փոփոխությունից հետո վերջին 7 տարիներին հազվադեպ է կիրառվում ցմահ ազատազրկում պատժատեսակը: Փոփոխությունից հետո այն կիրառվել է ընդամենը 2 անգամ, այն պարագայում, երբ նախկինում մեկ տարվա կտրվածքով  կայացվում էր մինչև 5 մահապատժի դատավճիռ: Օրենսդրի կողմից այս փոփոխությունը հիմնվորվեց հենց նրանով, որ դատարանները շատ գործերով գտնում էին, որ 15 տարին մեղմ պատիժ է, իսկ ցմահ ազատազրկումը անհամաչափ խիստ, և այսօր արդեն դատարանները նշանակվում են 16, 17, մինչև 20 տարի ազատազրկում: Այս օրենքը ցմահ ազատազրկվածների, այդ թվում նախկինում մահապատժի դատապարտվածների առումով ակնհայտ կերպով անձի վիճակն այս կամ այն կերպ բարելավող, մեղմացնող օրենք էր, և այն պետք է հետադարձ ուժ ունենալ: Այսինքն`գործերը պետք է մտնեին դատարան և որոշ գործերով, անկասկած, պետք է վերանայվեին պատժատեսակները`ցմահ ազատազրկումը պետք է փոխարինվեր 15-20 տարի միջակայքում ազատազրկմամբ:

Այս հարցն իր լուծումը կարող է ստանալ, եթե ՀՀ ԱԺ-ում օրենք ընդունվի, որով հստակ նշվի՝ 2011թ. մայիսին քր. օրենսգրքում կատարված վերոհիշյալ փոփոխությունը ցմահ ազատազրկվածների պարագայում ունի հետադարձ ուժ:

3․Կարևոր է ոչ միայն ցմահ դատապարտյալների մեծ թիվը, այլ թե ինչպես են քննվել այդ գործերը 1990-կաններին մասնավորապես, երբ նոր էր մի իրավական համակարգից անցումը մյուսին: Դեռ խորհրդային պատժողական, պլան կատարելու, ինքնախոստովանություն կորզելու իներցիան կար: Մինչ օրս, ի տարբերություն ողջ քաղաքակիրթ աշխարհի, Հայաստանում, մահապատժից հրաժարվելուց հետո այդպես էլ որևէ մահապատժի դատավճիռ չի վերանայվել. ոչ մի քաղաքացի չի արդարացվել, կամ չի ընդունել պետությունը մահապատժի դատապարտելը եղել է ոչ համարժեք: Մենք ականատես ենք, թե ինչպես են մասնավորապես ԱՄՆ-ում, Եվրոպայում վերաբացվում նախկին ժառանգության քրեական գործեր, որոնցով մարդիկ մահվան են դատապարտվել, և նրանք հաճախ ճանաչվում են անմեղ, որոշ դեպքերում պատիժն է մեղմացվում: Հայաստանում, ցավոք, նույնիսկ ակնհայտ կեղծիքներով, անօրեն մահվան դատավճիռները չեն բեկանվում, կարծես մեզ մոտ, այն էլ՝ նորանկախ և դեռ 1961 թվականի սովետական օրենսգրքերով առաջնորդվող Հայաստանում երբեք դատական սխալ թույլ չի տրվել մարդուն մահվան դատապարտելիս:

Այս հարցի լուծումն, ըստ էության, քաղաքական է`ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորները պետք է գիտակցեն, որ թավշյա, ՍԻՐՈ հեղափոխությունից հետո մենք ապրում ենք նոր Հայաստանում և առաջնորդվելով օրենքներով`պետք է իրական արդարադատություն իրականացնեն, այլ ոչ թե նախկինի պես`նախագահականից հրահանգներով, կամ տուժող կողմի ազդեցության չափին նայելով:

4. Հայաստանում որևէ ցմահ ազատազրկված, ով հատել է օրենքով սահմանված պատժի կրման 20 տարվա շեմը, իսկ դրանք նախկինում մահապատժի դատապարտված շուրջ 30 դատապարտյալներն են, մինչ օրս պայմանական վաղաժամկետ չի ազտվել: Ինքս արդեն 22 տարի բանտում եմ, բայց 2 փախուստների պատճառով 10 տարի անց՝ 2028-ին միայն կունենամ պայմանական ազատման ներկայացվելու իրավունք: Բայց սա իրավունք է, որից այժմ կարող են օգտվել շուրջ 30 մահապատիժ-ցմահ ազատազրկվածներ: Ի դեպ, ողջ քաղաքակիրթ աշխարհում, մասնավորապես եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում, Կանադայում այս ինստիտուտը կիրառվում է ցմահների նկատմամբ: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ցմահ ազատազրկվածը պայմանական վաղաժամկետ ազատվելիս որպես կանոն կրկնահանցագործ չի դառնում: Կրկնահանցագործության ցուցանիշը գրեթե 0-ական է ցմահ ազատազրկվածների պարագայում:

Դատապարտյալների մեր խմբի նկատմամբ պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ տաբուն, կարծում եմ, արդեն կվերանա, քանի որ մինչև հեղափոխությունը հստակ քաղաքական հրահանգ է եղել՝ ցմահների նկատմամբ պայմանական վաղաժամկետ չկիրառելու մասին:

5․ Նման տաբու եղել է ոչ միայն պայմանական վաղաժամկետի, այլև ցմահ ազատազրկվածների վերաբերյալ այլ՝ օրինակ, գործերի, պատժաչափերի վերանայման, ներման, համաներման հարցերում:

Այս տաբուները հանելու դեպքում, կտեսնենք, որ իրավական մեխանիզմները կան, մնում է դրանք կիրառվեն:

Անձամբ ես լիահույս եմ, որ Սիրո և Հանդուրժողականության հայկական հեղափոխությունը չի շրջանցի նաև այս կարևոր իրավական հարցերը, և «Ցմահների խնդիր» արտահայտությունն էլ կվերանա: