Արագաչափ սարքից ներքնազգեստ կախելու դեպքով Անուշ Լալայանի վերաբերյալ վարչական վարույթը կարճվել է

00:12, 22 հուլիսի, 2018

«Մերժիր Սերժին» և «Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնությունների անդամ, օրեր առաջ Սփյուռքի նախարարի օգնական նշանակված Անուշ Լալայանի վերաբերյալ «թավշյա հեղափոխության» օրերին հարուցված վարչական վարույթը կարճվել է: Այս մասին «Հետքը» տեղեկացավ Ճանապարհային ոստիկանությունից:

Վարույթը կարճված է եղել մինչև Լալայանի`նախարարությունում պաշտոն ստանալը:

Հիշեցնենք, որ հեղափոխության օրերին բողոքի ակցիայի շրջանակներում Անուշ Լալայանը Մաշտոցի պողոտայում տեղակայված արագաչափ սարքերից մեկից վարտիք էր կախել:

Մեզ հետ զրույցում Լալայանը մեկնաբանել էր, որ խորհրդանշական «նվերն» արագաչափից ի նշան արդեն նախկին վարչապետ Սերժ Սարգսանի և իր թիմակիցների դեմ բողոքի է կախել:

«Սերժ Սարգսյանը և իր կլանն այդ ամբողջ տարիների ընթացքում կեղեքում ու թալանում են ժողովրդին, ու մարդկանց թողել են միայն մի վարտիքով: Ես էլ հանեցի վերջին վարտիքն ու տվեցի նրանց, որ ուղղակի գնան»,- մեզ հետ զրույցում ասել է Անուշ Լալայանը:

Այս դեպքից հետո մի խումբ ոստիկաններ այցելել էին Լալայանի բնակարան`նրա հետ, իբր զրուցելու: Ինչպես ավելի ուշ պարզվել էր, Լալայանի կողմից կատարված արարքի համար վարչական վարույթ էր հարուցվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն `«Ճանապարհները, երկաթուղային գծանցները, ճանապարհի այլ ինժեներական կառույցները կամ ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները վնասելը, փակելը, հանելը կամ տեղադրելը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության համար խոչընդոտներ ստեղծելը (այդ թվում` ճանապարհի ծածկույթը աղտոտելու, առանց համապատասխան թույլտվության ճանապարհի վրա բացօթյա առևտուր իրականացնելու, շինարարական նյութեր կամ այլ իրեր ու առարկաներ ճանապարհին թողնելու միջոցով):

Տվյալ դեպքում խոսքը ճանապարհային երթևեակության կազմակերպման տեխնիկական միջոցները  փակելու մասին էր, այսինքն` ոստիկանությունը գտել է, որ  Անուշ Լալայանի արարքում արերևույթ զանցանք կատարելու հատկանիշներ են եղել, նրա կողմից արագաչափից կախված վարտիքը խոչըդոտ է դարձել արագաչափ սարքի բնականոն աշխատանքի իրականանցման համար:

Սակայն, փաստորեն, այժմ վարչական վարույթը կարճվել է արարքում զանցակազմի բացակայության հիմքով: