ՊԲ հրամանատարը վստահեցնում է՝ Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված «ՈՒԱԶ»-ները ՊԲ հաշվեկռում գրանցված չեն եղել

15:13, 24 հուլիսի, 2018

Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը վստահեցնում է՝ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի առանձնատան ավտոտնակից հայտնաբերված «ՈՒԱԶ» զինվորական մեքենաները ՊԲ հաշվեկշռում գրանցված չեն եղել:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարարը:

«Չգիտեմ, թե որտեղից է ձեզ նման վստահությունը, որ պաշտպանության բանակի համար հատկացված մեքենաները հայտվել են Մանվել Գրիգորյանի մոտ, նման բան չկա: Համացանցում մի տեսանյութ է հայտնվել, որ Աստրախանի հայ համայնքի անդամները խոսում են մեքենաների մասին, որոնց մասին հիմա խոսում եք, ասում են, որ նվիրատվություն են արել ԵԿՄ-ին, որպեսզի աշխատանքները կազմակերպեն: Նման բան չկա, ՊԲ նվիրաբերած բոլոր մեքենաները գտնվում են ՊԲ հաշվեկշռում, ես դա ամենայն պատասխանատվությամբ եմ ասում»,- ասաց Մնացականյանը:

Լրագրողի դիտարկմանը, որ ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության է այդ մեքենաները համարվել ՊԲ հաշվեկշում գրանցված, նախարարը կոչ արեց սպասել դատավարության ավարտին:

«Դատը կավարտվի, դատարանը վճիռը կկայացնի, այդ ժամանակ ձեզ մոտ այդ հարցերը չեն առաջանա»: