Վարչապետը հանձնարարեց քաղաքացիների նամակներին պատասխանել օրենքով սահմանված ժամկետներում

14:30, 26 հուլիսի, 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում նախարարներին, պետական մարմինների ղեկավարներին, մարզպետերին, ինչպես նաև անկախ պետական մարմինների ղեկավարներին հանձնարարեց յուրաքանչյուր ամիս առնվազն մեկ անգամ կատարել քաղաքացիների ընդունելություն:

«Մայիսի 8-ից հետո կառավարությանն ուղղված նամակների թիվն աննախադեպ մեծ ծավալների է հասնում: Մենք խնդիր ունենք դրանց մշակման գործընթացը դարձնել առավել արդյունավետ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն իր աշխատակազմին հանձնարարեց մանրակրկիտ ուսումնասիրել դիմումներն ու ժամանակին արձագանքել քաղաքացիներին:

«Այս խնդրի հետ կապված մենք մի պրոբլեմ ունենք, որտեղ իներցիան դեռևս չենք կարողանալու շատ արագ կանգնեցնել, բայց դրա մասին պետք է մտածենք։ Ցավոք, քաղաքացիներին շատ դեպքերում տրվում է ստանդարտ, կներեք այդ բառի համար՝ ցրողական պատասխան: Հասկանում եմ, որ կան համակարգային խնդիրներ, պետք է մտածենք, թե այս ոլորտում ինչպես բարձրացնենք արդյունավետությունը: Պետք է խստագույնս պահպանել դիմումներին պատասխանելու ժամկետները»,- ասաց նա։

Վարչապետը հանձնարարեց նաև խստագույնս պահպանել դիմումներին պատասխանելու օրենքով սահմանված ժամկետները։

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն արձագանքեց, որ քաղաքացիները նույն նամակը և´ կառավարություն են ուղղում, և´ նախարարություն, ինչը ևս խնդիրներ է առաջացնում։

Վարչապետը համաձայնեց, որ կրկնվող նամակների խնդիր ևս կա։

Արայիկ Հարությունյանն ասաց, որ եթե նախկինում նախարարությունն օրական ստանում էր 50-70 նամակ, ապա այժմ՝ 300-500։

«Կարդացեք և սահմանված ժամկետներում պատասխանեք»,- ժպտալով ասաց վարչապետը։