ԱԺ խմբակցություններն առաջարկում են խորհրդարանում ավելացնել կանանց ներգրավվածությունը

14:58, 27 հուլիսի, 2018

Ազգային ժողովում այսօր կայացավ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի նիստը, որի ընթացքում չորս խմբակցությունները համակարգեցին առաջարկությունները, որպեսզի ամբողջական փաթեթն առաջիկա օրերին ուղարկեն կառավարություն։

Նիստը վարեց ՀՀԿ-ից աշխատանքային խմբի անդամ, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։ Վերջինս ասաց, որ առաջարկել է կրկնվող առաջարկները չնշել և ամբողջացնել բոլորը, ոչ թե ամեն մի խմբակցության առաջարկ առանձին-առանձին ներկայացնել։

Դավիթ Հարությունյանը ներկայացրեց ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի առաջարկի խմբագրված տարբերակը․ «ԱԺ-ի, Երևանի, Գյումրիի և Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունները և դաշինքները կարող են ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը ԿԸՀ-ի սահմանած էլեկտրոնային ձևով՝ հանձնաժողովի կայքում տեղադրելու համար։ ԱԺ ընտրություններին մասնակցող դաշինքները և կուսակցությունները կարող են ներկայացնել նաև իրենց առաջարկած կառավարության կազմը և կառուցվածքը՝ հանձնաժողովի կայքում տեղադրելու համար»։

Այս առաջարկն ընդունելի էր խորհրդարանական բոլոր խմբակցությունների համար։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ բազմաթիվ արտախորհրդարանական ուժերի և ՀԿ ներկայացուցիչներ իրենց առաջարկներում անդրադարձել են խորհրդարանում կանանց մասնակցությանը: Նա առաջարկեց քննարկել այս հարցը։

«Երկու մոդել է առաջարկվում՝ կանանց ներգրավվածությունը բարձրացնել մինչև 30%, նաև՝ 60-40% հարաբերակցություն է առաջարկվել»,-ասաց Զոհրաբյանը։

Դավիթ Հարությունյանը հիշեցրեց, որ քննարկել են այս հարցը․ «Մեր պայմանավորվածությունը հետևյալն էր, որ այս փուլում կարող ենք գործադրել այն քվոտան, որը նախատեսված է եղել 2022 թվականից սկսած։ Այս փուլում ավելացնել քվոտան` կլինի շատ արհեստական, որովհետև այն պետք է ավելացնենք քայլ առ քայլ՝ խթանելով սեռերի հավասար մասնակցությունը քաղաքական կյանքում»։

Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց՝ ինքը կողմ է խորհրդարանում կանանց ներգրավվածության ավելացմանը, սակայն պետք է հարցին մյուս կողմից նայել. «Պատրա՞ստ են քաղաքական կուսակցությունները իրենց ցուցակում ներառել այնպիսի կանանց, ովքեր ունակ են խորհրդարանում աշխատելու: Եթե մենք լուծելու ենք ընդամենը քանակի խնդիր և չենք լուծելու որակի խնդիր, և խորհրդարանում հայտնվելու են կանայք, ովքեր տանջվում են խորհրդարանում, եկեք այս առումով հասկանանք խնդիրը»:

ՀՅԴ խմբակցության անդամ, պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը համաձայնեց, որ խնդիրը տոկոսային հարաբերությամբ չի լուծվելու. «Բայց եթե խոսում ենք որակական առումով, տիկին Զոհրաբյանի ասածը կարող եմ տարածել ամբողջ կազմի վրա: Իսկ ո՞վ ասաց, որ տղամարդ պատգամավորների ճնշող մեծամասնությունը որակյալ օրենսդրական գործունեություն է ծավալում»: Սեյրանյանը հավելեց, որ օրենքում ամրագրվող որևէ քայլ ձևական նպատակ չպետք է հետապնդի։

Պատգամավորի խոսքով՝ տվյալ քաղաքական ուժերն իրենք պետք է մտահոգ լինեն այն հարցով, թե իրենց ցուցակով խորհրդարանում հայտնված կին պատգամավորները հանդես են գալիս որպես կին պատգամավոր, թե որպես օրենսդիր մարմնի անդամ։

«Քվոտավորումը զուտ արհեստական միտումով անելը` անկախ նրանից, թե ինչին է վերաբերվում՝ մարզերի ներգրավվածությանը, կանանց-տղամարդկանց հարաբերակցությանը, ցանկացած ձևական մոտեցում ոչ միայն չի բարելավելու խորհրդարանի աշխատանքը, այլ ընդամենը քվոտավորման տրամաբանությունն է փչացնելու»,-ասաց նա։

«Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն ասաց, որ կանանց համար դժվար է մասնակցել քաղաքական գործընթացներին։

«Որովհետև այն ենթադրում է որոշակի ռեսուրս՝ ժամանակ, էներգիա, գումար, հանրային աջակցություն, դրանք շատ կարևոր գործոններ են, որոնք կանայք չունեն։ Հանրային աջակցությունը որպես ռեսուրս կանանց տրված չէ: Եթե կինը որոշում է քաղաքականությամբ զբաղվել, ավելի շատ են հարցերը, քան տղամարդկանց պարագայում է։ Կարծում եմ՝ նման հանգամանքները հաշվի առնելով` բոլոր կուսակցություններում էլ կանայք քիչ են, և կուսակցությունները պետք է ջանք գործադրեն, որպեսզի հնարավորինս շատ պայմաններ ստեղծեն կանանց ներգրավման համար»,-ասաց նա։

Հանձնաժողովը որոշեց ընտրական ցուցակներում հետևյալ կերպ ներգրավվել կանանց՝ յուրաքանչյուր եռյակում պետք է լինի մեկ կին։ Համակարգված բոլոր առաջարկությունները կուղարկվեն կառավարություն։