Պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը հրավիրում է հանրահավաքի

10:37, 1 օգոստոսի, 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ին, ժամը 18.30-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք է հրավիրում: Այս մասին Փաշինյանը տեղեկացրեց իր ֆեյսբուքյան էջում: «Լրանում է իմ՝ վարչապետ ընտրվելու 100 օրը, և ես առաջարկում եմ օգոստոսի 17-ին ժամը, 18.30-ին մեր ավանդական դարձած հանդիպման վայրում մեծ հանրահավաք հրավիրենք: Չգիտեմ` դուք ոնց, բայց ես ձեզ շատ եմ կարոտել, և ուզում եմ, որ շփվելու հնարավորություն ունենանք»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կարևոր խոսակցություն է սպասվում այն մասին, թե ինչ է տեղի ունեցել հանրապետությունում վերջին 100 օրերի ընթացքում: «Թե ինչ քայլեր է ձեռնարկել կառավարությունը Հայաստանում թռիչքաձև զարգացում ապահովելու համար, և կոնկրետ ինչ քայլերով ենք պատրաստվում առաջիկայում այդ զարգացումն ապահովել»,- ասաց նա:

Վարչապետը կոչ արեց բոլորին մասնակցել հանրահավաքին. «Բոլորիդ հրավիրում եմ չափազանց կարևոր խոսակցություն ունենալու, ֆորմալ առիթը վարչապետ ընտրվելուս 100 օրն է, իսկ ընդհանուր առմամբ` մեր խոսակցության առիթը լինելու է մեր երկրի այսօրն ու ապագան, որը, կարծում եմ չեք կասկածում, որ լինելու է փառավոր ու հաղթական»,- ասաց Փաշինյանը:

Արխիվային լուսանկարը` Նարեկ Ալեքսանյանի, 8-ը մայիսի, 2018