Բալկոնում Բաբկեն Չոբանյանն է

21:49, 4 օգոստոսի, 2018

Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելու․ նա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում դերասան Բաբկեն Չոբանյանն է։

Բաբկեն Չոբանյանը՝ երրորդ տարածությունում (ինքն իր մասին)

Նկարահանման հրապարակում եւ բեմում ինձ կողքից նայելն այնքան բնական է (եթե այդպես չլինի, դերասանը դատապարտված է տապալման)։ Դրան շատ սովոր եմ, բայց, ընդհանուր առմամբ, մասնագիտականից դուրս ինձ կողքից նայելը շատ բարդ է․ դրվագի մեջ գուցե, կոնկրետ իրավիճակի մեջ գուցե, բայց ընդհանուր, չգիտեմ․․․

Ինքն իր ծնողների առաջնեկ երեխան է, երկու քույրերի՝ եղբայրը, դասարանցիների՝ դասընկերը․․․ Ոչ մի բանով ոչ մեկից առավել եւ ոչ մեկից էլ պակաս։ Սովորական տղա՝ սովորական ցանկություններով, սովորական իր գոյությամբ, իր տխրություններով, ուրախություններով, բայց որը, չգիտես ինչու, վաղ տարիքից սիրել է թատրոնը, բեմը, էկրանը․․․ Հետո սերը վերածվել է գործողության։ Չգիտեմ՝ ճակատագիրը, թե ցանկությունները հնարավորություն տվեցին ընտրելու․ երեք ամիս գնաց լողի, երեք ամիս «շտանգայի», շախմատի, երգի, հետո մի օր էլ գնաց թատրոն ու «գնում» է մինչեւ այսօր։

Մարդ է, ով սիրում է իր գործը, իր ընտանիքը, իր երկիրը․ գուցե այդ սերը դեռ արտահայտում է վերցնելով, բայց կգա նաեւ վերադարձնելու օրն ու ժամը։

Շատ բաների միջով է անցել, ունեցել շատ կորուստներ ու ձեռքբերումներ, բայց դա իրեն բացառիկ չի դարձնում, որովհետեւ յուրաքանչյուրի հետ էլ պատահում է։

Մարդ է, որն ապրում է կյանքն ուսումնասիրելով։

Ասում ես՝ ունեցած կորուստներն ու ձեռքբերումները բացառիկ չեն դարձնում քեզ, բայց կա՞ հավակնությունը «բացառիկ» լինելու։

Եթե այդ բացառիկությունը մարդկության պատմության մեջ ինչ-որ բան դեպի լավը կփոխի, ուրեմն հա։ Եթե մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ, «բացառիկ» ոչ մի բան։

Մի այլ զրույցում բացարձակ ես վերաբերում Մակեդոնացուն, Կեսարին․․․

Հա, Մոցարտը, Բախը, Մատիսը․․․ Այդպիսի «բացառիկների» մասին է խոսքը, ովքեր մարդկության պատմության մեջ են բան փոխում, գետի հուն են շեղում։

Այսօրվա մարդը հնարավորություն ունի՞ այդպիսին լինելու, երբ կառավարում են համակարգերը, երբ շատ բան անհասկանալի ու անբացատրելի է մնում։

Եթե Աստված, բնությունը քեզ մի քիչ շատ է կպել, քան ուրիշներին, ուրեմն այդ կպածի չափով կարող ես ինչ-որ բան փոխել․․․ Եթե չի կպել, ուրեմն այդ փոփոխությունները փոքր մակարդակի, անտեսանելի բաներ են։

Եթե Մոցարտին էլ «տրված» չլիներ, սովորական տղա կլիներ՝ կծնվեր անհայտ եւ անհայտ էլ կմեռներ։ Գուցե մեզնից շատերն էլ կրողներ են ու մսխում են այդ էներգիան, բայց անհնար է խուսափել դրանից, երբ չափից շատ է․ ինքն է քեզ տանում, ծանոթացնում այն մարդկանց հետ, ով պետք է, դնում այն իրավիճակում, որը քեզ թույլ կտա արտահայտվել, բացվել։

Այվազովսկին որտե՞ղ էր ծնվել, մեծացել․․․ Մեկ է, ինքը քարը ծակելով էլ ծնելու էր, որովհետեւ իրեն տրված էր։

Իսկ ինքս ինձ եւ մյուսներին այդքան չեմ գերագնահատում, ոչ էլ թերագնահատում եմ․․․ Գնահատում եմ այնքան, որ թույլ է տալիս շարունակել։ Վերջերս եկել եմ այն մտքին, որ մարդուց ավելի շատ բան է կախված, քան ինքը պատկերացնում է։

Ի՞նչ։

Համարյա ամեն ինչ բացի թերեւս «տրվածի» հարցը։ Մտքի ուժին եմ սկսել կարեւորություն տալ․ միտքն է ձեւավորում մեր կյանքը, մեր իրականությունը։ Այսօր իմ կյանքն իմ մտքերի արդյունքն է։ Վերջերս եմ գիտակցել, բայց, երբ հետ եմ նայում, տեսնում եմ, որ անցածս ճանապարհը հենց ցանկություններիս ու մտքերիս արդյունքն է։

Գաղտնիքն այն է, որ պիտի չմտածես՝ «ոնց»․ դու ասա «ինչ», «ոնց»-ն ինքնուրույն կլինի։ Մինչ այսօր ինչին սրտանց եմ ձգտել, հասել եմ։ Այդ «սրտանցի» չափը ես շատ լավ եմ գիտակցում, ու, եթե մի բան կա, որ կուզեմ կիսվել մարդկանց հետ, հենց սա է․ մեր հույսը մեզ վրա շատ դնենք։

Խոսքն անառողջ ինքնավստահության մասին չէ․ պոզիտիվ մտածելուց լավ բան կա՞։ Ենթադրենք մարդը խնդիրների մեջ է, անառողջ է եւ այլն․․․ Այս ամենն էլի իր մտքերի արդյունքն է։ Եթե բողոքում եմ, որեւէ բան փոխվու՞մ է․․․ Չէ՛։ Սա աշխատող բան է․ մեր մտքերը ձեւավորում են մեր կյանքը։

Այդ լավատեսության ֆոնին հակառակը տեսանելի՞ է «հիվանդ» մարդուն տեսնու՞մ ես։

Հա, տեսնում եմ ու արագ հերքում․ արդեն ասացի, որ «հիվանդ» մարդը իր մտքերի արդյունքն է։ Ես մեղքը նկատի չունեմ, այլ սխալ, նեգատիվ, անհաջող մտքերի ընթացքը։ Մենք ո՞նց ենք փոխհարաբերվում բնության եւ իրար հետ․ էներգիայով, չէ՞․․․ Եթե նեգատիվ էներգիա ես արտազատում, ուրեմն նեգատիվ էլ վերադառնալու է։ Սա զգացել եմ մաշկիս վրա, եւ ոչ մեկ հակառակում համոզել չի կարող։

Իսկ հիշողությու՞նը։

Այնքան անապագա ու անհեռանկար վիճակներում եմ եղել, բայց շարունակել եմ զբաղվել իմ սիրած գործով ու հավատացել եմ ինչ-որ լավ բանի․․․ Ոչ թե առհասարակ, այլ կոնկրետ մի բանի՝ կոնկրետ աշխատանքի, կոկրետ միջավայրի։ Նույնը վերաբերում է անձնականին։ Չգիտեմ՝ բառերով կարող եմ ցույց տալ այդ «իսկապես»-ի, «սրտանցի» հատակը։

Իրականության հետ հաշտ ես։

Հա, պետք չի պայքարել, բայց հակառակը հանձնվելը չի․ ուղղակի հաշվի ես նստում ու կարողանում ես հարաբերվել, այդ ընթացքում հաղթահարում ես շատ բաներ, հարմարեցնում ես եւ քեզ, եւ դիմացինի համար, ի վերջո հասնում ես նպատակիդ։

Իսկ գրավե՞լ։

Եթե դրա կարիքը կա, ուրեմն դա էլ է նպատակի մաս։ Գրավելն առանձին ինձ չի հետաքրքրում։

Քո ու Հայաստանի հարաբերությունները։

Հայաստանը հայրենիքս է, որը չեմ ընտրել, ինչպես ծնողներին, շրջապատը։ Վստահ եմ, որ եթե Նիգերիայում ծնված լինեի, նույնչափ սիրելու էի, պաշտպանելու էի ու ցավ զգայի։

Այնպես որ մենք՝ հայերս, գերագնահատելու վտանգ ունենք, որ Հայաստանն «ամենալավն» է, «ամենազիլը»։ Երբեք բելգիացուց չեմ լսել, որ գոռա՝ Բելգիան ամենալավ երկիրն է։ Նույնը տեղային մասշտաբով է՝ «մենք լեննականցիներս», «մենք քյավառցիներս»․․․Չեմ հասկանում սա, ինձ համար արհեստական սահմաններ են ստեղծվել սրա պատճառով, փորձել եմ սկզբում իմ ներսում կոտրել ։

․․․ Բայց ես սիրում եմ Հայաստանը․ չգիտեմ՝ զգացողությունը բառերի ինչպես վերածեմ․ մարդիկ են․ միայն մարդիկ չեն․․․ Բնությունն է․ միայն բնությունը չէ։ Բայց ջուրը ․․․ Այստեղից գնում եմ Լենինական, խմում եմ ջուրն ու ուրիշ էներգիա եմ ստանում։ Երեւի կենսաբանություն է, որի հետ հաշվի եմ նստում։ Մի քանի օր առաջ վերադարձա ու հետս էլի ջուր բերեցի։

Ամեն դեպքում երկիրը, հայրենիքը, քաղաքը սուբյեկտիվ բան է․ քո ծննդավայրը թանկ է, բայց բացառիկ չի։ Իմ հայրենիքը ձեր հայրենիքից լավը չի, կամ իմ սերը՝ ձեր սիրուց։

Թատրոնից ու կինոյից դուրս շարունակու՞մ ես «գործող անձ» լինել տարբեր իրավիճակներում, ասենք՝ քաղաքական, մշակութային․․․

Գործող անձ ասելով եթե ի նկատի ունես կոնկրետ ծանրաբեռնվածություն, կոնկրետ դերակատարում, կոնկրետ առաքելություն, ուրեմն՝ հա, ուզեմ-չուզեմ։ Եթե որեւէ իրադարձության ու շփման մեջ ես, արդեն այդ իրադարձության կողմերից մեկն ես, ուրեմն նաեւ գործող անձ։

Այդտեսակ «գործող անձը» տարբերվում է թատրոնի եւ կինոյի «գործող անձից»․ առաջինի դեպքում ես փորձում եմ իմ տեսակին հավատարիմ լինել, իսկ երկրորդի դեպքում ենթադրվում է, որ ուրիշի անունից ես խոսում․ ներկայացման մեջ կամ ֆիլմում իմ միջոցով խոսում եմ ուրիշի անունից, դրանից դուրս՝ ես ես եմ․․․Անունս՝ Բաբկեն, ազգանունս՝ Չոբանյան, հայրանունս՝ Սամվելի․ ես գործում ու խոսում եմ իմ անունից՝ իմ պատասխանատվությամբ, եւ հետեւանքներն էլ իմն են, ես եմ կրում։

Խաղալիս մտածու՞մ ես ազդեցության մասին։

Չէ՜․․․ Աշխատելիս ես մտածում, երբ ստեղծելու պահն է։

Մաքսիմալի՞ստ ես։

Առհասարակ խուսափում եմ ինձ «իստ»-երի շարքում  տեսնել, որովհետեւ բարդ ու անպատասխանատու գործ է․ թող դրանով զբաղվեն սոցիոլոգները, հոգեբանները։ Ես մարդ եմ, որն ապրում է իր տեսակի թերություններով ու առավելություններով։

«Իզմեր» չկա՞ն, որոնց մասին մտածում ես։ Տե՛ս, օրինակ, Բաբկեն Չոբանյանը թատրոնի եւ կինոյի դերասան է, ով ապրում է կապիտալիստական շրջանում։

Ասածդ գլոբալ բան է․ դրա դեմ պայքարել չեմ կարող։ Շատ ավելի հեշտ է ընդունել այդ խաղի կանոնները եւ այդ կանոնների մեջ փորձել մաքսիմալ ազնիվ լինել։ Ինձ համար դա ավելի հեշտ է, քան կապիտալիզմից նեղսրտելը։ Դրանից ի՞նչ ես շահելու։

Երբ գնում ես ծննդավայր՝ Գյումրի, անհանգստությու՞ն կա։

Սրտի ցավ կա, երբ նորից տեսնում եմ քաղաքի վիճակը, մարդկանց ընկճվածությունն ու հուսահատությունը։ Առաջ մեղքի զգացում ունեի, որ ես այլեւս իրենց մեջ չեմ ու թողել, եկել եմ։ Հետո մտածեցի՝ չեմ երդվել, որ Գյումրիում պիտի մեռնեմ, այդտեղ մեղքի զգացումս թողեց, սկսեցի շնչել։ Ամեն դեպքում սիրտս շարունակում է ցավ ապրել։

Այդտեսակ զգացումներն ու ապրումներն ազդեցություն ունե՞ն խաղի վրա։

Առհասարակ ինձ հետ ինչ կատարվում է, անդրադառնում է խաղի վրա, բայց կմոլորվեմ, եթե ամեն ինչը ֆիքսեմ․ շատ կարեւոր եւ ցնցումային պահերն են, որ լուրջ ազդեցություն ունեն։ Այսինքն ամեն բան կտրուկ փոփոխության չի կարող ենթարկել ստեծագործականը։

Գիտե՞ս՝ մասնագիտությունս տարիք է սիրում․ 20 տարեկանում պիտի կարդաս, հասկանաս, թե 40 տարեկանի բնավորության նրբությունները որոնք են, բայց այդ հասկանալը դեռ «սուտ» է, պիտի ապրես, մաշկիդ վրա զգաս ցավը, ուրախությունը։ Կարճ ասած՝ ճանապարհը պիտի անցած լինես։

Դադար

Զրույցները հենց սրա համար եմ սիրում, որ շատ բաներ ընթացքում են բացահայտվում։ Դրա համար նման զրույցները ուշ-ուշ պիտի լինեն, որովհետեւ կուտակումներ են պետք անընդհատ։ Չորս տարի դասավանդեցի, հետո թողեցի․ հասկացա, որ չեմ կարող անդադար պատմել (ոնց որ արյունս անընդհատ քաշեին), ասեցի՝ վերջ, էլ չեմ ուզում, մեկը լինի, ինձ բան սովորեցնի։

Նորից դերասանի մասնագիտությունը կընտրեի՞ր հիմա։

Անպայման․․․

Ներկայացման վերջում առաջանու՞մ է հարցը, թե ինչ արտահայտեցի։

Իմ միջից ի՞նչ դուրս եկավ, թե՞ սրանով ինչ արեցի։

Երկուսն էլ հետաքրքիր է։

Երբ սկսեցի վերլուծել մասնագիտությանս ընտրության հարցը, հասկացա, որ աշխարհի ամենալավ մասնագիտություններից մեկն է․ կյանքում էլ ե՞րբ կա նման հնարավորություն, որ մարդկանց առաջ անես այն, ինչ երբեք չէիր անի քո անունից, լինել այնպիսին, ինչպիսին երբեք քեզ թույլ չէիր տա լինել, փորձել այն, ինչը կյանքում երբեք չէիր փորձի, ասել այն բառերը կամ պահել քեզ այնպես, ինչպես երբեւէ չէիր ասի ու չէիր անի․ լինել արքա, գող, լինել հարբեցող, թուլամորթ կամ հզոր մեկը։

Գերագույն հաճույք է, եւ միայն սրա համար արժե ընտրել այս մասնագիտությունը։ Մնացածն արդեն պրոֆեսիոնալիզմից է կախված, թե ինչքան համոզիչ պիտի լինես, որ մարդը դահլիճում կամ էկրանից այն կողմ հավատա, որ դու այդպիսին ես, դրա միջոցով ինքն էլ սկսի ինչ-որ բաներ մտածել։

Վտանգավոր չի՞ լինել «արքա» ու մտածել՝ ինչ լավ էր «արքա» լինելը։

Չէ, հոգեկան հիվանդ պիտի լինես, որ դրա «տակ» մնաս, կամ էլ կեսից մեջդ մի բան պիտի փչանա․․․ Հակառակն է․ առիթ է, որ կենսագրություն ուսումնասիրես, իր ապրած ժամանակն ընկալես, լցվելու յուրահատուկ հնարավորություն է եւ նաեւ հասկանալու, որ քեզ թույլ տվեցին լինել այդ «արքան»։

Ամենի մեջ ինձ շարունակում է հետաքրքիր մնալ մարդը՝ ստրուկ է, գող, թե արքա, էական չի, փորձում ես հասկանալ իրեն, իր մտքերը, իր գործողությունները։ Շատ եմ կարեւորում մարդուն, եւ, եթե դերասանի մասնագիտությունը չընտրեի (ինչը քիչ հավանական է), գուցե մտածեի հոգեբան կամ իրավաբան դառնալու մասին։

Գործողությունը կարեւորու՞մ ես։

Անպայման, մարդուն այլ կերպ ո՞նց կարելի է ճանաչել։ Ասածներն, իհարկե, նշանակություն ունեն, բայց կառավարելի են․․․

Կուլիսն ինչպիսի՞ տեղ էայնտեղ փոփոխության ենթարկվու՞մ ես։

Կուլիսում ամենակարեւոր պրոցեսներից մեկն է ընթանում գոնե ինձ համար․ փորձում ես անջատվել քեզնից ու մոտենալ նրան, ինչ-որ պիտի ապրես առաջիկա այդ կարճ հատվածում, բայց այսքան ժամանակ հենց ծրագրել եմ ուրիշ կերպ, չի ստացվել, այդ «ուրիշ» կերպը ստացվել է միայն բեմում եւ ընթացքում։ Դա կախված է եւ այդ օրվա հանդիսատեսից, եւ խաղընկերոջիցդ, եւ շատ այլ բաներից։ Անհատական բան է։ Կան կանոններ, որոնց հետեւում ես, ու դրանց մեջ շատ նորություններ են ծնվում։ Դա է հաճույքը։

Իսկ իմպրովի՞զը։

Գիտես՝ դրսից իմպրովիզն այլ կերպ է ընկալվում՝ որպես ամենաթողություն․ բոլորովին այդպես չի։ Իմպրովիզը կոնկրետ գծած սահմաններում որոշակի ազատություն է ենթադրում, քանի չես շեղվել հիմնական գծից, հիմնական կանոնները քանի չես խախտել․ նկատի ունեմ կերպարիդ տեսակից, աշխարհընկալումից հեռանալը, մյուս կերպարների հետ հարաբերվելը, շատ այլ բաներ, այնպես, ինչպես մեր կյանքում է։ Կյանքում չե՞ս կարող չէ իմպրովիզով մի բան անել, որն անհնար է ուղղակի։ Նույն արգելքները գործում են նաեւ բեմում։

Նկատել եմ, որ զրույցների ժամանակ գրեթե ամեն պատասխանից առաջ նշում ես, որ դա քո սուբյեկտիվ կարծիքն է եւ կարող է չհամընկնել ընդհանուր պատկերացմանը։ Պաշտպանվելու՞, թե՞ պատասխանատվության փորձ է։

Գուցե այդպես է ընկալվում, որ պաշտպանվում եմ, բայց որքան ես եմ հասկանում, ուղղակի իմ կարծիքը, իմ սկզբունքը պարտադրել չեմ ուզում, որովհետեւ միշտ կլինի մեկը, երկուսը, երեքը՝ շատ ավելի լավատեղյակ, ավելի բանիմաց, կոմպետենտ մի մարդ, որն այդ կարծիքին չի լինի․․․Եվ գուցե մի օր էլ պարզվի, որ ես սխալվում էի։

Վախենում ես սխալ լինելու՞ց։

Չէ, չեմ վախենում, չեմ ուզում սխալվել, ինչքան հնարավոր է, մանավանդ որ իմ սխալը կարող է հետեւանքներ ունենալ․․․ Եվ, եթե դա վախ է, ուրեմն ես ողջունում եմ  այդտեսակ վախը, առողջ վախը։ Սա ռիսկի, քաջության հակառակը չի։

Ի՞նչ ես կարծում՝ քաղաքական հայտարարություններն էլ այդպես պիտի չափվեն։

Քաղաքականությունից բան չեմ հասկանում․ շատ բաներ ինձ դուր չեն գալիս, շատ բաներ էլ զարմացնում են։ Էլի գալիս ենք նրան, որ իմ ասածները իմ սկզբունքներից են կամ իմ հարմար լինելու համար են․ դրանք իմ «կաստիլներն» են, որոնց վրա հենվում եմ։

Չեմ ասում, որ սա վերջնական է եւ ոչ փոփոխական։ Հիմա քիչ ավելի կատեգորիկ եմ, քան առաջ։ Գուցե փորձ է կուտակվում, գուցե տարիքն է, բայց արդեն փոփոխության առաջ բաց եմ։ Առաջ «երբեք» բառը շատ էի գործածում, հիմա համարյա թե չէ, որովհետեւ հասկացա, որ ինձնից՝ անհատապես քիչ բան է կախված։

Բայց շարունակու՞մ ես կասկածել, թե՞ կան բացարձակ բաներ։

Անվիճելի ու բացարձակ է ծնող-երեխա հարաբերությունները․ մոր սերն ինձ համար բացարձակ, անհատակ բան է։ Հիմա, երբ ես եմ ծնող ու նայում եմ այդ դիրքերից, անընդհատ զարմանում եմ՝ այդքան, այդքան, այդքան անհատակ ու այդտեսակ սեր․․․ Փշաքաղեցնող է։

Մնացած ամեն բանի կարելի է կասկածել (չնայած ծնողական «սիրո» օրինակներ կան, որոնք գուցե կասկածելի կամ առնվազն մերժելի են)։ Ամեն դեպքում՝ ինչքան շատ կասկածես, այնքան լավ․․․ Կասկածն է մղում որոնումների, կասկածն է մղում գործողությունների, կասկածն է մղում վերլուծությունների։ Բայց խոսքը անվստահության եւ կասկածամտության մասին չի․ առողջ չափաբաժին, որն առաջ մղվելու ուժ է տալիս։

Քեզ կառավարելի մարդ համարու՞մ ես։

Կառավարելու մեջ կարող ես լավ եւ վատ երանգ տեսնել․ եթե շատ կառավարելի ես, ենթարկվելու կողմն է գնում, եթե հակառակը՝ անկառավարելիի կողմը։ Ինձ թվում է՝ հավասարակշռության մեջ եմ, որովհետեւ ինքս ինձ հետ հաշտ եմ, չեմ արել սխալներ, որոնք ուրիշին կվնասեին, ճակատագրական կդառնային ուրիշի համար։

Անկախության տարիները հիշում ես․․․

Հա, իհարկե․․․ Դմբո-դմբո մասնակցում էի ցույցերին․ չէի հասկանում՝ ինչ Ղարաբաղ, որտեղ է, ինչի մասին է, բայց գնում էի, որովհետեւ ինձ գրավում էր ահռելի զանգվածի էներգետիկան, զգում էի՝ ոնց կարելի է ենթարկվել դրան, հետո հակառակ կողմն էի տեսնում, թե ինչպես կարելի է կառավարել այդ ալիքը։

Ի վերջո իմ քաղաքում «բան» էր կատարվում, ու ես պիտի այնտեղ լինեի։ Անկախության շոշափելի տարրերը համընկան ուսանողությանս սկզբի հետ։ Հիմա չեմ կարող ուսանողությունն անկախությունից առանձին դիտարկել․ եթե քաղցր է այդ շրջանը, ուրեմն դրա մեջ կա եւ անկախության, եւ ուսանողության բաժինը, եթե դառն է, էլի կա եւ անկախության, եւ ուսանողության բաժինը։ Ի վերջո նոր քաղաքում էի, նոր միջավայրում։

Երկու «անկախություն» էր միանգամից։

Հա, եւ անձնական, եւ համահայաստանյան։ Հետաքրքիր զուգորդում էր, եւ չգիտեմ, եթե չհամընկնեին, ես ինչպես կձեւավորվեի։

Նախորդ տարիների տեքստերիդ հղում կարողանու՞մ ես տալ։ Ասածդ տեքստը քեզ համոզի՞չ է թվում, թե՞ հեռու ես զգում դրանից։

Ես իրավունք ունեմ փոփոխության ենթարկվելու․ կան սկզբունքներ, որոնք պահպանվում են, բայց դրանց աշխատում եմ քիչ անդրադառնալ։

Դերասանի մասնագիտությու՞նն էլ է նման փոփոխություն ենթադրում տարիներ հետո, եթե նույն կերպարին մարմնավորելու հնարավորություն լինի․․․

Պարտադիր․․․ Այդպիսի փորձ ունեմ։ «Հրեշը լուսնի վրա» ներկայացումն է․ Արամի կերպարն էի մարմնավորում։ Տարիներ անց առիթ եղավ Գյումրիում վերականգնել այդ ներկայացումը․ լրիվ ուրիշ պատմություն էր, լրիվ ուրիշ զգացողություններ։ Հիմա գուցե ավելի լավ եմ հասկանում այդ կերպարին, ավելի հասուն եմ ընկալում իրադարձությունները, բայց այն առաջինն ավելի հարազատ էր։

Երկրորդ անգամը նման էր մեռած մարդուն վերակենդանացնելու փորձի․ զրոյից սկսելու հետ երբեք չես համեմատի։ Կձգտեմ նման բան այլեւս չանել, որովհետեւ առաջին անգամն ավելի թանկ է ու լիաժեք։ Այնքան թանկ, որ տղայիս անունը Արամ դրեցի։

Թատրոնի հետ կապդ հիմա․․․

Հիմա շատ բան շատ ուրիշ է։ Նախ թատրոնն է փոխվել, հետո ես՝ ինքս։

Չեմ կարող ասել սերն ավելացել է կամ պակասել․ վերափոխվել է այդ սերը․․․ Ու ոչ հօգուտ թատրոնի։ Սրա մասին չեմ ուզում խոսել, որովհետեւ վերջնական փուլում չի․ հետեւում եմ այդ պրոցեսին ու զգում, որ կարեւոր հանգրվանի չեմ հասել, ինտիմ մի բան է, որի մասին դեռ խոսել չեմ կարող։ Էտապ է, որին հասնելու մասին երբեք չէի մտածի։ Ամեն դեպքում հիմա որոնումների մեջ եմ։

Դադար

Ամեն բան է փոխվում․․․ Դա էլ պիտի փոխվեր։ Երեւի ֆորմայի փոփոխության կարիք կա, եւ նույնիսկ սրա համար եմ ուրախ, հասկանում եմ, որ ինչ-որ նոր բանի սկիզբ կարող է դառնալ։ Ինչ էլ լինի, ուզում եմ ուժ ունենալ շարունակելու։ Ամեն տարվա հետ գիտակցում եմ, որ վերջնական պատասխաններ չեմ կարող տալ, որ անընդհատ փոփոխություն կլինի, որ մենք էլ կփոխվենք․․․ Ո՞վ կմտածեր, որ այսպիսի հեղափոխություն կլինի։

Քեզ ոգեւորե՞ց տեղի ունեցածը։

Հա, անպայման։ Ես այնքան նեղված էի այդ ամենից առաջ․ նույնիսկ գոյությունս կոմպլեքսավորված էր․ մտածում էի՝ միթե դատապարտված եմ սրանց օրոք ապրել, զգում էի, որ ունակ չեմ բան փոխելու ու միայն իմ գործն ազնիվ անելով բան դուրս չի գա․․․ Քիչ էր։ Միայն փողոցը չկեղտոտելով ու չդատապարտելով, ոչինչ չէի փոխի․․․

Այդ ամենը կոկորդիս էր հասել այն աստիճանի, որ չէի կարեւորում՝ ով կգա․ ինձ պետք էր, որ իրենք գնային։ Սա նեղ քաղաքական բառապաշարով։

Ինձ համար, իհարկե, ավելի արժեքավոր է մտածողության հեղափոխությունը։ Սրա համար շատ ժամանակ է պետք, բայց հանգիստ եմ, գիտեմ, որ իմ երեխան արդեն այդ փոխվածի կրողն է լինելու։ Այդ փոփոխությունը կլինի շատ դանդաղ, բայց հաստատ, իմ երկրում ի վերջո այդ ամոթալի էտապը փակված կլինի։

Տատիս լավ խոսք ուներ, ասում էր՝ գիտունին գերի եղիր, անգետին՝ ոչ սիրելի։ Ինձ համար վիրավորական էր նման ղեկավարներ ունենալը՝ այդքան էգոիստ, սեփական հողն ու ջուրն այդքան չսիրող։

Դադար

Վե՛րջ, էլ մի ամիս ընդունակ չեմ լինի զրուցել։

Ինչու՞

Դատարկվեցի։ Ինչ-որ մեջս կուտակվել էր, դուրս հանեցի։ Հիմա լցվել է պետք՝ կարդալ, լսել։ Բա խաղալու համար․․․Դերասանը չի կարող տարվա ընթացքում երկուսից ավելի լուրջ դեր ունենալ, պիտի կուտակվի․․․ Գրողը պիտի կուտակվի, երաժիշտը պիտի կուտակվի, կուտակվի, կուտակվի։

Պայթյունից հետո նորից զրոյական վիճակ կլինի։

Բա հենց դա է։ Մի բան պիտի վերջանա, որ նորը սկսվի։