Մետաղական հանքերում անհրաժեշտ է նաև ֆինանսական աուդիտ անել․ դիմում վարչապետ Նիկոլ Փաշինյանին

17:22, 8 օգոստոսի, 2018

ՀՀ մետաղական հանքերի խնդիրներն ուսումնասիրող աշխատանքային խմբի մի քանի մասնակիցներ դիմում են գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի պարոն Փաշինյան, ողջունում ենք հանքարդյունաբերական քաղաքականության հետ կապված աշխատանքային խումբ ստեղծելու Ձեր հուլիսի 20-ի 686-Ա որոշումը։ Որպես այդ աշխատանքային խմբի աշխատանքներին հրավիրված անձինք՝ մենք տեսնում ենք որոշման նպատակների ու գործառույթների իրագործման հետ կապված մի շարք խնդիրներ։

Նախ, հանքարդյունաբերական ոլորտում խնդիրների վերհանման նպատակով հանքավայրերի դիտազննության գործառույթը հնարավոր է իրականացնել տեղանքներ այցելելու, 12-օրյա սահմանված ժամկետում անհրաժեշտ քանակությամբ օրեր այդ տեղանքում անցկացնելու միջոցով, որի համար անհրաժեշտ է տրանսպորտային, օթևանային, օրապահիկային և հարակից ծախսեր հոգացող բյուջեի առկայություն։ Առանց աշխատանքային խմբի գործառույթների կենսագործելիությունն ապահովող ռեսուրսների, ՀՀ կառավարությունը չի կարող ակնկալել աշխատանքային խմբի արդյունավետ, արագ ու անխոչընդոտ գործունեությունը։ Առանց այդ էլ խմբում ներգրավված մարդիկ անհատույց կերպով են ՀՀ կառավարությանը տրամադրում իրենց փորձագիտական ու աշխատանքային ռեսուրսները։

Մյուս կողմից, որպեսզի ՀՀ վարչապետի թիվ 686-Ա որոշման նպատակներից՝ միջազգային չափանիշներին համապատասխանող և հաշվետու ու թափանցիկ հանքարդյունաբերական քաղաքականության մշակումը հնարավոր լինի իրագործել, անհրաժեշտ է վերհանել ներկայիս հանքարդյունաբերողների գործունեության ֆինանսական բոլոր կողմերը։ Նման աշխատանք կարող են կատարել բացառապես ֆինանսական աուդիտի փորձագիտական կարողություն ու հավաստագիր, ինչպես նաև միջազգային փորձ ունեցող կազմակերպությունները․ մի բան, որ որևէ կերպ չի մտնում ստեղծված աշխատանքային խմբի կարողությունների ու լիազորությունների մեջ։ Ընդգծում ենք, որ հանքարդյունաբերողների ֆինանսական գործունեության ստուգումները ոչ թե զուտ հարկային տեսչական ստուգումներ են, ոչ էլ՝ հանքարդյունաբերողների սեփական աուդիտորների զեկույցների ուսումնասիրություն, այլ հատուկ տեխնիկական առաջադրանքով բարձրակարգ միջազգային աուդիտորների կողմից այնպիսի ստուգումներ, որոնք կարող են վեր հանել տեղական ու միջազգային մակարդակներում ֆինանսական կեղծիքներ, տրանսֆերային գնագոյացում, հարկվելի եկամուտը զգալիորեն կրճատող ծախսային ուռճացումներ, մետաղական բորսաներում տարբեր տեսակի շահարկումներ, արտարժութային շահարկումներ և այլն։

Խնդրում ենք միջոցներ ձեռնարկել և աշխատանքային խմբին զուգահեռ մրցութային ու թափանցիկ կարգով ֆինանսական աուդիտ պատվիրել փորձառու, շահերի բախում չունեցող միջազգային աուդիտորական կազմակերպություններին։ Սա անհրաժեշտություն է ինչպես աշխատանքային խմբի առաջին առաջադրանքի՝ Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի խնդիրների վերհանման համար, այնպես էլ՝ արդեն իսկ կորզում իրականացնող մյուս բոլոր հանքերի համար։ Հայաստանի ունեցվածքի նկատմամբ վերահսկողական գործունեություն ապահովելու, նախկինում թալանվածը բացահայտելու և շարունակական թալանը կանխելու նպատակով ՀՀ կառավարությունն այլ ելք չունի, քան ներգրավել անհրաժեշտ միջոցներ և անհապաղ սկսել ֆինանսական աուդիտ։ Ֆինանսական աուդիտի տեխնիկական առաջադրանք կազմելու հարցում պատրաստ ենք ներկայացնել մեր առաջարկները։

Եվ վերջապես, Լիդիան Արմենիան հայտարարել է, որ Լիդիան Ինթերնեշընըլը կամ Ամուլսարի ոսկու արդյունահանման ծրագրի այլ ներդրողներ պատրաստ են դիմել Համաշխարհային բանկի հովանու ներքո գործող՝ Ներդրումային վեճերի կարգավորման կենտրոն, որը հանդես է գալիս որպես արբիտրաժային դատարան։ Խնդրում ենք անհապաղ կազմել տեղական ու միջազգային իրավաբաններից կազմված խումբ, որը կդիտարկի նման սցենարի դեպքում ՀՀ կառավարության ռազմավարությունն ու գործողությունները և կմշակի ՀՀ կառավարության համար առաջարկներ, թե կառավարությունն ինքն ինչպես կարող է օգտվել միջազգային արբիտրաժներում կեղծիքներով հանդես եկող ընկերություններին պատասխանատվության ենթարկելու հնարավորություններից»։

Հարգանքով՝

Գոռ Հակոբյան
Աննա Շահնազարյան
Նազելի Վարդանյան 
Լևոն Գալստյան
Թեհմինե Ենոքյան