Ոստիկանությունը վարկային կազմակերպություններ հանդես եկող ընկերությունների խարդախություններ է բացահայտել

18:36, 15 օգոստոսի, 2018

«Հետքը» մոտ մեկ ամիս առաջ հոդված էր հրապարակել այն մասին, որ վարկային «միջնորդ» հանդիսացող ընկերությունը խաբում է քաղաքացիներին։ Հրապարակումից օրեր անց ոստիկանությունից խմբագրությանը խնդրել էին իրենց տրամադրել ավելի մանրամասն տվյալներ։ Գործի քննությանն օգնելու համար «Հետքը» տրամադրել էր դրանք, ինչպես նաև ուղարկել հրապարակումը՝ որպես հաղորդում հանցագործության մասին։ Վերոնշյալ և այլ դեպքերով ոստիկանությունը քննություն է սկսել, որի մանրամասները՝ ստորև․

Ոստիկանությունը հայտնում է, որ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների ուսումնասիրություններով պարզվել է, որ համացանցի սոցիալական ցանցերում գովազդվում են Հայաստանում գործող տարբեր վարկային միջնորդներ: Դրանք գործելով իբրև վարկային կազմակերպություններ, իրենց դիմող քաղաքացիների վստահությունը չարաշահելու եղանակով նրանց անվամբ Հայաստանում գործող բանկերի կամ վարկային կազմակերպությունների միջոցով ձևակերպում են վարկեր՝ վարկային պայմանագրում նշված գումարի 30-ից 70 տոկոսը պահելով որպես միջնորդավճար։ 

Վարկերը հիմնականում ձևակերպվում են այսպես. քաղաքացին վարկ ստանալու նպատակով դիմում է այսպես կոչված վարկային կազմակերպությանը, որտեղից նրան ուղեկցում են էլեկտրոնային և կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող խանութներ և նրա անվամբ ձևակերպում տեխնիկայի ապառիկ վաճառք։ Ապառիկը հաստատվելուց հետո քաղաքացուն տալիս են ապառիկի պայմանագրով հաստատված գումարի 60-ից 70 տոկոսը, մնացածը պահում իրենց՝ որպես միջնորդավճար։ Քաղաքացին, արդյունքում, չի ստանում գնված ապրանքը, սակայն բանկի նկատմամբ ձեռք է բերում ամբողջությամբ պայմանագրային պարտականությունները կատարելու պարտավորություն։

Ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր, Երևան քաղաքի և մարզային վարչությունների ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել է վերը նշված գործունեությամբ զբաղվող 10 կազմակերպություն:

Նախապատրաստվել են նյութեր։

Նշված գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների գործունեությունից տուժած քաղաքացիները կարող են դիմել ոստիկանություն։