Միասին բացահայտենք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքը

12:46, 17 օգոստոսի, 2018

«Հետքը» որոշել է բացահայտել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ընտանիքի ունեցվածքը, բայց դրա համար անհրաժեշտ է ընթերցողների, Քոչարյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող կամ նրա անվան հետ կապվող ընկերությունների սեփականատերերի, համասեփականատերերի օգնությունը, ինչպես նաեւ` պետական տարբեր կառույցների օժանդակությունը։

Տարիների ընթացքում, իհարկե, որոշ տեղեկություններ «Հետքը» կարողացել է հավաքել, ճշտել, բայց այսօր ստեղծված նպաստավոր պայմանները հնարավորություն են տալիս ստանալ մեծածավալ տեղեկատվություն: Օրինակ` այսօր անհնար է փակ բաժնետիրական ընկերությունների սեփականատերերին բացահայտել, բայց եթե իշխանությունները կարողանան օրենսդրական փոփոխություններ կատարել եւ բացել այդ տեղեկատվությունը, հնարավոր կլինի շատ բան ճշտել։

Պետական մարմինները կարող են նաեւ տեղեկություններ ստանալ զանազան բանկերից, որոնք տարբեր գործարքների վրա լույս կսփռեն։ 

Դիմում ենք արտերկրում ապրող մեր հայրենակիցներին` եթե ձեզ հայտնի է որեւէ տեղեկություն Քոչարյանների ընտանիքին պատկանող բիզնեսների, անշարժ գույքի վերաբերյալ, խնդրում ենք տեղեկացնել` գրելով մեզ hetq@hetq.am էլեկտրոնային հասցեով։ Տեղեկատվություն հաղորդողի գաղտնիությունը երաշխավորում ենք։ 

Հատկապես այսօր շատ է խոսվում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի մասին, լրատվամիջոցները տարբեր տեղեկություններ, ցուցակներ են ներկայացնում։ Առաջին անգամ նման ցուցակ հրապարակեց ռուսական versia.ru կայքը։ Ստորեւ ներկայացնում ենք տարբեր աղբյուրներում հրապարակված` Ռ․Քոչարյանին եւ նրա ընտանիքի անդամներին վերագրվող ընկերությունների ցանկը. 


1․ «Արցախբանկ» 
2․ ՄԱՊ (50%)
3․ «Յունիբանկ» (համասեփականատեր) 
4․ABB բանկ (համասեփականատեր) 
5. Renko Construction 
6․ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ (90 տոկոսից ավել) 
7․ Արդշինբանկ (50 տոկոսից բարձր) 
8․ Կոնվերս Բանկ (տարբեր տվյալներով` 30-50 տոկոս)
9․ «Կապուտակ Սևան» համալիր (100 տոկոս)
10․ «Նաիրի» բժշկական կենտրոն 
11․ Emporio Armani, Stefano Ricci և այլ բրենդներ 
12․ Հ2 հեռուստաընկերություն (համասեփականատեր) 
13․ SAS խանութների ցանց (50 տոկոս)
14․ «Նոյ» կոնյակ-գինիների գործարան (50 տոկոս` համասեփականատեր Գագիկ Ծառուկյանի հետ)
15․ Մեծ առևտրի կենտրոն՝ Մոսկվայում
16․ Խաղատուն՝ Մոսկվայում 
17․Բջջային հեռախոսների ներկրում. այս շուկայի 80 տոկոսը պատկանում է Քոչարյաններին
18․«Ղ-տելեկոմ», «ՄՏՍ-Հայաստան,
19․ «Արարատցեմենտ» գործարան. այս ընկերությունում Քոչարյանները 33 տոկոս չափաբաժին ունեն: Համասեփականատերը Գագիկ Ծառուկյանն է: 
20․ Հայաստանում «TOYOTA» ընկերության ներկայացուցչություն 
21․ «Զվարթնոց» միջազգային օդանավակայան
22. «Հայփոստ» ընկերություն
23. «Գոլդեն փելըս» հյուրանոց
24. Նիգերիայում ադամանդի բազմաթիվ հանքեր

25. «Էրեբունի պլազա» հյուրանոց

26. Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ

27. «Ռոբերտո» կոշիկների ցանց
28.«Հյուսիսային պողոտայի» շենքերը

Մեր ուսումնասիրության շրջանակում ակնկալում ենք նաեւ Ռոբերտ Քոչարյանի մեկնաբանությունը։