Դեսպան Թումանյանի ու որդու ընտանիքներն օտարել են չեխական ընկերությունները

13:50, 17 օգոստոսի, 2018

Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի ու նրա որդու ընտանիքներն օտարել են իրենց չեխական ընկերությունները, որոնց մասին գրել էինք: Հիշեցնենք, որ 2015-ից դեսպանի պաշտոնը զբաղեցնող Ա. Թումանյանն իր կնոջ ու դստեր հետ Պրահայում դեռ 2008 թ. հիմնադրել էր «Unitezza Group» ՍՊԸ-ն (կանոնադրական կապիտալը 200.000 դրամ կամ 4,5 մլն դրամ), որի 52 տոկոսի սեփականատերն ինքն էր: Օրենքի տեսանկյունից խնդիրն այն էր, որ պաշտոնը ստանձնելիս դեսպանը չէր հայտարարագրել իր բաժնեմասը:

Հրապարակումից հետո Ա. Թումանյանը պարզաբանում էր ուղարկել խմբագրություն, որում նշել էր հետեւյալը. «Սկսած 2006 թ. ՀՀ-ում գրանցված «Lisam» ընկերությունը, որի խորհրդի նախագահ եմ եղել 2006-2015 թթ., զբաղվել է իրավաբանական եւ գործարար խորհրդատվությամբ: Ընթացիկ գործունեությանը զուգահեռ ընկերության ներկայացուցիչները եղել են նաեւ մի շարք արտասահմանյան երկրներում (ՌԴ, Ղազախստան, Իտալիա, Չեխիա) տնտեսական համագործակցության ծրագրեր քննարկելու նպատակով: Չեխիայում հանդիպումների ընթացքում եղել են առաջարկություններ ԱՊՀ երկրների հետ տնտեսական գործունեություն իրականացնելու ուղղությամբ: Չեխիայում ընկերություն հիմնադրելուց եւ մեկ տարվա նախնական աշխատանքից հետո չի հաջողվել որեւէ ծրագիր իրականացնել, որից հետո որոշում է կայացվել լուծարել այն: Հարկ եմ համարում նշել, որ hetq.am կայքում հրապարակված տեղեկատվությունն ինձ համար անակնկալ էր, քանի որ 2009 թ. դիմում է ուղարկվել չեխական համապատասխան մարմիններին՝ ընկերությունը լուծարելու վերաբերյալ»:

Այդուհանդերձ, ինչպես նշել էինք, դեսպանի ընտանիքի ընկերությունն այդպես էլ չի լուծարվել: Միաժամանակ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մեր հրապարակումից հետո Ա. Թումանյանին առաջարկել էր ուղղում կատարել պաշտոնը ստանձնելու առիթով ներկայացրած հայտարարագրում՝ լրացնելով նշված ընկերությունում ունեցած մասնաբաժնի վերաբերյալ տվյալները: Այս բացթողումը շտկվել է:

Օրեր առաջ՝ օգոստոսի 10-ին, Արտաշես Թումանյանը, կինը՝ Անահիտ Շահվերդյանը, դուստրը՝ Լիլիթ Թումանյանը, եւ փեսան՝ Կարեն Գրիգորյանը, «Unitezza Group»-ը հանձնել են չեխական Լիբչեվեսում գրանցված Ռոման Դուդենկովին: Վերջինս ՍՊԸ-ն ձեռք բերելուց հետո փոխել է դրա հասցեն եւ անունը՝ դարձնելով «Atlas foundation»:

Օգոստոսի 10-ին նույն անձին իրենց «Tumanyan Group» ընկերությունն են օտարել նաեւ դեսպանը որդին ու հարսը՝ Սամվել Թումանյանն ու Լաուրա Բադալյանը: Այս ընկերության հասցեն եւ անունը եւս փոխվել են. այն դարձել է «Bohemia Star company»: