«Մարդուն այդպես դաժանորեն սպանելու համար պատճառ պետք է լինի.,- ասում է կուրսանտի սպանության գործով ամբաստանյալը

21:23, 20 օգոստոսի, 2018

Տևական ընդմիջումից հետո Վագզեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստն այսօր շարունակվեց: Դատական նիստեր տեղի չէին ունենում, քանի որ գործում ներգրավված նոր պաշտպան Անժելա Հոբոսյանին ժամանակ էր անհրաժեշտ ծավալուն գործի նյութերին ծանոթանալու համար:

Նշենք, որ ամբաստանյալ Մովսես Ազարյանի շահերը դատարանում ներկայացնում էր փաստաբան Անահիտ Հովհաննիսյանը, սակայն վերջինս առողջական խնդիրներ ունի, և նրա փոխարեն գործում ներգրավվել է հանրային պաշտպան Հոբոսյանը:

Պաշտպանը հայտնեց, որ թեև ամբողջությամբ չի հասցրել ծանոթանալ նյութերին, չի առարկում, որպեսզի գործի քննությունը շարունակվի: Դատարանը հասել է Մովսես Ազարյանի՝ հենց Հոբոսյանի պաշտպանյալի հարցաքննությանը, և վերջինս այսօր սկսեց ցուցմունք տալ:

Ինչպես մյուս ամբաստանյալները, Ազարյանը ևս հայտնեց, որ դեպքի օրն առավոտյան է իմացել, որ Հայկազ Բարսեղյանը մահացել է: Թե նրա հետ ինչ է եղել, Ազարյանն, իր խոսքով, չգիտի. չի բացառում նաև, որ նրան սպանած լինեն:

«Մարդուն այդպես դաժանորեն սպանելու համար պատճառ պիտի լինի»,- հայտարարեց Մովսես Ազարյանն, ապա մեղադրող դատախազին դիմելով՝ ասաց, որ ինքը չգիտի՝ Հայկազի հետ ինչ է եղել:

«Դուք էլ չգիտեք, ուղղակի մեր վրա է դրված»,- դատախազին ասաց Ազարյանը:

Վերջինս իր դեմ ցուցմունք տված Սամվել Սերոբյանին ներկայացրեց իբրև «սուտ խոսելու հետ» սեր ունեցող անձի, քննադատեց Հայկազ Բարսեղյանի հետ նույն սենյակում քնող կուրսանտներին, ովքեր ասել են, թե այն ժամանակ, երբ Բարսեղյանին իրենց ներկայությամբ սպանելիս են եղել, վախեցել են միջամտել, այդ մասին բարձրաձայնել, մտածել են, որ իրենց հետ էլ նույնը կլինի:

«Այդ ժամանակ վախեցաք, բա առավոտյան, երբ ամբողջ սպայական կազմը, ռազմական ոստիկանությունն էր ինստիտուտում...էդքան մարդը կանգնած՝ ո՞նց կարար էդ ժամանակ իրենց հետ նույն բանը լիներ»,- հարցրեց Ազարյանը՝ ցանկանալով ընդգծել, որ եթե իրենց դեմ ցուցմունք տված անձինք ասելիք ունենային, ապա գոնե առավոտյան կասեին՝ մինչև իրենց ռազմական ոստիկանություն տանելը:

Ըստ Մովսես Ազարյանի՝ իրենց դեմ վկայություն տված անձինք դա արել են ճնշումների ու ծեծի ազդեցության ներքո: Ճնշումների վերաբերյալ ցուցմունք տալիս Ազարյանը նախ նշեց, թե որևէ անձի ծեծվելիս չի տեսել, պարզապես ռազմական ոստիկանությունում եղած ժամանակ կողքի սենյակից ձայներ է լսել, ապա քիչ ավելի ուշ ասաց, թե տեսել է ծեծվող անձանց: Ամբաստանյալը, սակայն, անուններ չնշեց, ասաց, թե չի հիշում:

Ազարյանը հայտարարեց, որ իր նկատմամբ ևս ռազմական ոստիկանությունում ֆիզիկական բռնություն և հոգեբանական ճնշումներ են եղել:

«Առավոտից մինչև երեկո ծեծի եմ ենթարկվել»,- ասաց ամբաստանյալն ու հավելեց, որ այնպես են հարվածել, որ դեմքի վրա վնասվածք չի եղել:

Առաջին անգամը չէ, որ վկաների ու մեղադրյալների նկատմամբ ֆիզիկական ու հոգեբանական ճնշում գործադրելու մասին այս դատավարության ընթացքում խոսվում է: Դատավոր Դավիթ Հարությունյանը կողմերին առաջարկեց դիրքորոշում հայտնել գործով անձանց ենթադրյալ խոշտանգման ենթարկելը քննության առարկա դարձնելու հարցով գլխավոր դատախազություն դիմելու վերաբերյալ: Անժելա Հոբոսյանը նշեց, որ իր պաշտպանյալի հետ քննարկելուց հետո հարցի վերաբերյալ դիրքորոշում կհայտնի:

Ինչպես հայտնի է, դեպքի  նախորդ գիշերը մի խումբ կուրսանտներ, որոնց թվում` Մովսես Ազարյանը, միասին հավաքվել են, նշել բանակի օրն ու ամբաստանյալներից Վաչե Սահակյանի ծննդյան օրը: Նախաքննության ընթացքում Մովսես Ազարյանը գրել է, թե ինքն այդ օրը չի խմել, սակայն դատարանում այսօր ասաց, թե մի շիշ օղի է եղել, և ինքը կես բաժակ խմել է:

Այս հանգամանքը վկայակոչելով՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անի Թորոսյանը միջնորդեց հրապարակել Ազարյանի նախաքննական ցուցմունքը, սակայն Ազարյանը հայտնեց, որ իրեն լավ չի զգում և ցանկություն հայտնեց, որ իր համար շտապօգնություն հրավիրվի: Դատական նիստն ընդմիջվեց, ապա հետաձգվեց: Ազարյանի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստին:

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանը սպանվել է 2015-ի հունվարի 29-ին: Այդ օրն առավոտյան նրա մարմինը հայտնաբերվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի բակում՝ պտտաձողից կախված: Սպանության համար քննություն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Բարսեղյանի ծառայակից 4 կուրսանտի՝ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Նորիկ Սահակյանին և Գնել Թևոսյանին: Ըստ մեղադրանքի` ամբաստանյալները Հայկազին սպանել են, ապա ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար նրան տարել ու կախել են ինստիտուտի սպորտհրապարակից: 

Լուսանկարում` Մովսես Ազարյանը