«Հաց բերողի» մահվան հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն

11:16, 24 օգոստոսի, 2018

Անդրադառնալով Արթուր Սարգսյանի («Հաց բերող») մահվան հանգամանքներին առնչվող քրեական գործի վերաբերյալ քննչական կոմիտեի տարածած տեղեկատվությանը, որում մասնավորապես մեջբերվել են որոշ տվյալներ քրեական գործով նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններից, նաև հաշվի առնելով նշված քրեական գործի վերաբերյալ հանրային մեծ հետաքրքրությունը` հատուկ քննչական ծառայությունը հարկ է համարում տեղեկացնել, որ այն ՀՔԾ քննիչի վարույթ է ընդունվել դեռևս 2018 թվականի մայիսի 30-ին:

Հաշվի առնելով, որ քրեական գործով մինչ այդ նշանակված փորձաքննությունների եզրակացությունները ամբողջ ծավալով չէին բացահայտում քրեական գործի նախաքննության համար էական նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները, 2018 թվականի հունիսի 27-ին նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, որի արդյունքներն ակնկալվում է ստանալ ս.թ. սեպտեմբերի կեսերին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: