Հայկական «ուղիղ ժողովրդավարության» առանձնահատկությունները

12:49, 24 օգոստոսի, 2018

Ապրիլ ամսից սկսած` Հայաստանի կառավարման համակարգում ոչ բնականոն վիճակ է ստեղծվել։ Ըստ էության, Սահմանադրությունը մասամբ է գործում։ Պատճառն այն է, որ որոշումների ընդունման գլխավոր մարմինը դարձել է Հանրապետության հրապարակը, իսկ ըստ Սահմանադրության` որոշումների ընդունման պատասխանատու մարմինը՝ խորհրդարանը, դարձել է հրապարակի ենթակա կառույցը, և եթե անկեղծ լինենք, պարալիզացված վիճակում է գտնվում։ Խորհրդարանը, ըստ էության, ենթարկվում է հրապարակում ձևավորված կառավարությանը։

Նիկոլ Փաշինյանն այս իրավիճակին քաղաքական տրամաբանություն հաղորդելու համար այն բնութագրել է որպես «ուղիղ ժողովրդավարություն», իսկ ժողովրդին անվանել է գլխավոր օրենսդիր մարմին, որին ինքը ենթարկվում է։

Փորձենք հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում «ուղիղ ժողովրդավարություն» հասկացությունը և ինչով է տարբերվում «ներկայացուցչական ժողովրդավարությունից», և որքան ժամանակ է Հայաստանը կառավարվելու «ուղիղ ժողովրդավարությամբ»։ Պարզ է, որ այս իրավիճակը չի կարող երկար ժամանակ շարունակվել։

«Ուղիղ ժողովրդավարություն»

Ուղիղ ժողովրդավարությունը որոշումների ընդունման այն համակարգն է, որտեղ քաղաքացիներն ուղղակիորեն ներգրավված են որոշումների ընդունման գործում, և այն ավելի բնորոշիչ է եղել հին ժամանակներին, երբ հրապարակում հավաքվում էին պոլիսների քաղաքացիները և ուղղակի քվեարկությամբ որոշումներ ընդունում։ Ժամանակի ընթացքում, հատկապես մեծ երկրներում, նման մեխանիզմներն անհնարին դարձան, ինչի համար այն փոխարինվեց «ներկայացուցչական ժողովրդավարությամբ», այսինքն՝ ընտրվում են պատգամավորներ։

Սակայն մինչ այժմ ուղիղ ժողովրդավարության ինստիտուտը շատ երկրներում է օգտագործվում, հատկապես՝ Շվեյցարիայում։

Ուղիղ ժողովրդավարության մեխանիզմները

Ժամանակակից աշխարհում շատ ժողովրդավարական երկրներում գոյություն ունեն մեխանիզմներ, որոնք բնորոշ են ուղիղ ժողովրդավարությանը: Դրանց միջոցով քաղաքացիները հնարավորություն են ստանում ուղղակիորեն մասնակցել երկրի կառավարմանը և նախաձեռնել օրենսդրական օրինագծեր:

Դրանք են.

- հանրաքվեները, երբ քաղաքացիների նախաձեռնությամբ կազմակերպվում է համաժողովրդական քվեարկություն,

- հանրային քննարկումները, որի ընթացքում քաղաքացիների խմբերն իրավունք ունեն խորհրդարան ներկայացնել իրենց առաջարկները, որոնք պարտադիր են քննարկման համար,

- իմպերատիվ մանդատ՝ կոնկրետ պատգամավորի ընտրողներն իրավունք ունեն որոշակի ձայներ հավաքելու դեպքում պարտադրել իրենց պատգամավորին քվեարկել իրենց ցանկալի եղանակով, կամ խորհրդարանում հարց բարձրացնել ըստ իրենց ցանկության, կամ անգամ ետ կանչել իրենց պատգամավորին և ընտրել նորին

Շատ երկրներում նման մեխանիզմները բացակայում են կամ բարդացված են, ինչպես Հայաստանում հանրաքվեի կազմակերպումը։ Առհասարակ, Հայաստանի Սահմանադրության մեջ նման մեխանիզմները կամ բացակայում են, կամ բարդացված են։

Ուղիղ ժողովրդավարության մեխանիզմներն ամենաշատը կիրառվում են Շվեյցարիայում։ Օրինակ, Շվեյցարիայում յուրաքանչյուր քաղաքացի, քաղաքացիների խումբ, կուսակցություն, արհմիություն և ցանկացած կազմակերպություն իրավունք ունի խորհրդարան օրինագիծ ներկայացնել կամ էլ նախաձեռնել հանրաքվե։ Բնականաբար, որոշակի ընթացակարգերի և կանոնների պահպանմամբ։ Շվեյցարիայում տարեկան միջինը 4 հանրաքվե է անցկացվում։

Ուղիղ ժողովրդավարության հիմնական պահանջներից մեկը քաղաքացիների քաղաքական մշակույթին տիրապետելն է ու բարձր գիտակցություն ունենալը։ Շվեյցարացիները համարվում են քաղաքականության մեջ ամենակտիվ կերպով ներգրավված քաղաքացիները։

Հայկական «ուղիղ ժողովրդավարությունը»

Հայկական ուղիղ ժողովրդավարությունը մեր ժամանակաշրջանում պարտադրված և ժամանակավոր երևույթ է, ինչի մեխանիզմները Սահմանադրության մեջ առկա չեն, սակայն ապրիլից հետո ստեղծված իրավիճակում տարերային կերպով գործում է։ Հայաստանում ներկայուցուցչական ինստիտուտների հանդեպ հանրային վստահություն գոյություն չուներ և իրավիճակի փոփոխությունը կարող էր տեղի ունենալ զուտ հանրության ուղիղ միջամտությամբ՝ վիրահատական մեթոդներով, որի արդյունքում հրապարակը ընտրեց կառավարություն և այն պարտադրեց խորհրդարանին, սակայն հեղափոխության ընթացքում կառավարման ֆորմալ մարմինները շարունակեցին գործել՝ ի դեմս խորհրդարանի, ինչի պատճառով կա տեսակետ, որ տեղի ունեցածը պետք չէ հեղափոխություն կոչել։

Մյուս կողմից «ուղիղ ժողովրդավարությունը» Հայաստանում ֆորմալիզացված ու ինստիտուտացված չէ և գործում է տարերային եղանակով։ Հասկանալի է, որ հանրային կարծիքը դարձել է քաղաքական գլխավոր գործոնը և հանրության վստահությունը կորցնելու դեպքում գործող կառավարությունը կկորցնի նաև իշխանությունը և գործի կդրվի «ներկայուցչական ժողովրդավարության» գործող ինստիտուտը՝ խորհրդարանը, որին շատերը համարում են «հակահեղափոխական»։ Սակայն պետք է նաև հասկանալ, որ «ուղիղ ժողովրդավարությունը» Հայաստանում ժամանակավոր երևույթ է, և ոչ մի քաղաքական ուժ իր օրակարգում այն ինստիտուտացնելու օրակարգ չի հայտարարել, և այն իր գոյությունը կդադարեցնի գարնանը տեղի ունենալիք ընտրություններից հետո, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրություններն այլընտրանք չունեն ցանկացած զարգացման դեպքում։