Արման Մկրտումյանի առաձնատան տարածք մուտք գործած անձին վնասազերծել են Մկրտումյանն ու որդին

10:21, 29 օգոստոսի, 2018

Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առնանձնատանն արձակված կրակոցների գործով հանցագործության մասին հաղորդում է տվել Մկրտումյանի որդին՝ Գոռ Մկրտումյանը:

Ոստիկանությունը դեպքի վերաբերյալ մանրամասներ է հրապարակել` նշելով, որ երեկ՝ ժամը 23.00-ին, 1988 թվականին ծնված Գոռ Մ.-ն (Գոռ Մկրտումյանը) ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 22.00-ի սահմաններում, Ձորաղբյուր գյուղում գտնվող, իրեն պատկանող առանձնատուն են ներխուժել դիմակավորված և զինված 3 անձինք:

Ոստիկանության փոխանցմամբ՝ Գոռ Մ.-ն և հայրը դիմադրություն են ցույց տվել առանձնատուն խուժած անձանց, որի ընթացքում Գոռ Մկրտումյանի անվամբ հաշվառված «Վալտեր» մոդելի գազային ատրճանակով վնասազերծել են հարձակվողներից մեկին, ում ձեռքին եղել է ինքնաձիգ, մյուս երկուսը դիմել են փախուստի:

«Դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 22.00-ի սահմաններում, Գյումրիի բնակիչ, 1976 թ. ծնված Հ. Ռիժենկոն և դեռևս չպարզված երկու անձինք զինված ինքնաձիգներով մուտք են գործել հիշյալ տուն, որտեղ Գոռ Մ.-ն հոր հետ դիմադրություն են ցույց տվել ինքնաձիգով զինված Հ. Ռիժենկոյին, ինչից հետո չպարզված երկու անձինք անկանոն կրակոցներ են արձակել և դիմել փախուստի:

Դեպքի վայրի զննությամբ տան բակից հայտնաբերվել է 16 հատ 7,62 տ/չ պարկուճ, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, սպորտային պայուսակ, որի մեջ եղել է կպչուն ժապավեն և լինգ»,- ասված է ոստիկանության հաղորդման մեջ:

Նշենք, որ ձերբակալված անձը, որի մասին ավեի վաղ գրել էինք Հ. Ռիժենկոն է:

Վերջինս, ինչպես նաև՝ Արման Մկրտումյանը, դեպքից հետո բժշկական կենտրոնում բուժօգնություն են ստացել, որից հետո Ռիժենկոն տեղափոխվել է ոստիկանության ձերբակալված անձանց պահման վայր:

Դեպքից հետո որևէ անձ չի հոսպիտալացվել: