Դավիթ Տոնոյանն ընդունել է Երևանում ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի տնօրենին

18:53, 29 օգոստոսի, 2018

Օգոստոսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Երևանում ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի (Ռոսսոտրուդնիչեստվո) տնօրեն Սերգեյ Ռիբինսկիին, այս մասին տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտության, կրթության և մշակույթի ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության, մասնավորապես՝ ռազմակրթական համագործակցության խորացման հեռանկարները։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարևորել է այդ ուղղությամբ հաջողությամբ ծավալվող հայ-ռուսական համագործակցության շրջանակում ռուսաստանյան ռազմաուսումնական հաստատություններ ընդունվող հայ զինվորականների ռուսաց լեզվի իմացության խորացման անհրաժեշտությունը և դրան միտված համատեղ ծրագրերի իրականացումը։

Սերգեյ Ռիբինսկին գոհունակությամբ է խոսել հայ-ռուսական համագործակցության ներկայիս մակարդակի մասին և պատրաստակամություն հայտնել շարունակել արդյունավետ փոխգործակցությունը կրթական և մշակութային ոլորտներում, առանձնահատուկ կարևորելով ռազմակրթական ծրագրերի իրականացումը։