Կառավարությունը երկարաձգեց «Արմօյլ» ընկերությանը տրված արտոնության ժամկետը

13:14, 30 օգոստոսի, 2018

Կառավարությունն այսօրվա նիստին լրացումներ և փոփոխություններ կատարեց «Արմօյլ» ՓԲԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» 2015 թվականի դեկտեմբերի 24-ի կառավարության որոշման մեջ: Փոփոխությունների արդյունքում «Արմօյլ» ընկերությունը մինչև այս տարվա դեկտեմբերի 24-ը հնարավորություն կունենա ներդրումային ծրագրի շրջանակներում նոր սարքավորումներ ներմուծել առանց ավելացված արժեքի հարկի վճարման:

Ընկերության տրված արտոնության ժամկետի երկարաձգման հարցը քննարկվել էր դեռևս կառավարության օգոստոսի 9-ի նիստում, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հարցը չդրվեց քվեարկության՝ պայմանավորված բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից «Արմօյլ»-ի դեմ հարուցված վարչական վարույթի առկայությամբ, որով կասեցվել էր Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում նավթամթերքի վերամշակման գործարանի շինարարությունը: Տեսչական մարմինը օգոստոսի 23-ին բեկանել էր իր իսկ կողմից կայացված վարչական ակտը:

Գործադիրի այսօրվա նիստին հարցը զեկուցող տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ քանզի տեսչական մարմնի որոշումը բեկանվել է, ապա ընկերությունն արդեն իսկ ազատ է իր գործունեությունն իրականացնելու հարցում, ուստի պետք է որոշումն ընդունել և թույլ տալ «Արմօյլ»-ին ներմուծել սարքավորումներ: Արծվիկ Մինասյանը շեշտեց, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքը «նավթամթերքի վերամշակում» (սահմանում է «նավթավերամշակում» ձևակերպմամբ, հեղ.) տերմինով փորձաքննություն չի սահմանում, այսինքն՝ Նատի թաղամասում կառուցված գործարանը, ըստ նախարարի, ենթակա չէ փորձաքննության, չնայած որ հակառակ դրան՝ «Արմօյլ»-ը դիմել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին փորձաքննություն անցկացնելու համար: Հիշեցնենք, որ «Արմօյլ» ընկերությունը նույնպես պնդում է, որ իրենց կողմից նախատեսվող արտադրությունը ենթակա չէ ՇՄԱԳ փորձաքննության:

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ տեսչական մարմինն ու ընկերությունը չեն որոշում արտադրությունը ենթակա՞ է ՇՄԱԳ փորձաքննության, թե՞ ոչ:

«Դա որոշում է փորձագիտական ՊՈԱԿ-ը, որն այս պահին ունի հայտը և ուսումնասիրում է, քիմիկոսներ կան ներգրավված, ովքեր տվել են իրենց եզրակացությունը, որն հիմա գործի մեջ է: Տեսչական մարմնի որոշման բեկանումը փորձաքննական գործընթացի հետ որևիցե առնչություն չունի: Այս պահին ընկերությունը ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացություն չունի»,- նշեց բնապահպանության նախարարը:

Էրիկ Գրիգորյանը ընդունեց, որ ՇՄԱԳ փորձաքննության մասին օրենքում որոշակի անհստակություն կա «արտադրություն» և «վերամշակում» ձևակերպումների շուրջ, սակայն, միևնույնն է, փորձագիտական ՊՈԱԿ-ը պետք է՝ որոշի գործարանը փորձաքննության ենթակա՞ է, թե՞ ոչ, և եթե ենթակա է, եզրակացությունը դրական կլինի՞, թե՞ ոչ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բնապահպանության նախարարից հետաքրքրվեց՝ այս համատեքստում արտոնության ժամկետի երկարաձգման որոշման կայացման մեջ խոչընդոտ տեսնու՞մ է արդյոք, ինչին ի  պատասխան՝ նախարար Գրիգորյանն ասաց, որ սարքավորումներ ներմուծելու համար արտոնություն տալու մասով խնդիր չի տեսնում, սակայն եթե փորձաքննություն արդյունքում բացասական եզրակացություն ստացվի, ապա գործունեությունը չի կարող իրականացվել:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նույնպես շեշտեց, որ ՇՄԱԳ փորձաքննության մասին օրենքում կոնկրետ ֆիքսված չէ «նավթամթերքի վերամշակում» ձևակերպումը.

«Այստեղ մի փոքր իրավաբանական հարց կա, սակայն ինչպես նախկինում նշել եմ, արտոնությունների հետ կապված հարցը ուղիղ կապ չունի նրա հետ, թե փորձաքննության եզրակացությունը դրական կլինի, թե բացասական»,- ասաց փոխվարչապետը:

Արծվիկ Մինասյանն էլ ավելացրեց, որ չպետք է չարաշահել օրենքի ոչ հստակ ձևակերպումը տարբեր կերպ մեկնաբանելու կամ ներկայացնելու փորձերը, ընդգծելով, որ ինքն ամենաշահագրգիռ մարդկանցից մեկն է, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն լինի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց Արծվիկ Մինասյանին և Էրիկ Գրիգորյանին աշխատել օրենքի ոչ հստակ ձևակերպումների վրա, որպեսզի հետագայում նմանատիպ հարցեր չառաջանան:

Հիշեցնենք, որ Եղվարդ քաղաքի Երևանյան խճուղի 129 հասցեում կառուցված նավթամթերքի վերամշակման գործարանի 50% մասնաբաժինը պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանին: Մյուս 50%-ը պատկանում է «Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերությանը, որի հիմնադիր-սեփականատերն է իրանահայ գործարար Հենրիկ Տեր-Ղուկասյանը: